Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԻՆԵԻՆ

Նոյեմբեր 11,2004 00:00 Share

ԼՈՒՍԻՆԵԻՆ ՎՐԱԵՐԹԻ՞ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ Դատախազությունը համառորեն հրաժարվում է հետազոտել իրեղեն ապացույցը Բագրատունյաց 13 շենքի բակում այս տարվա օգոստոսի 2-ին, ժամը 9.30-ի սահմաններում, խաղալիս վնասվածքներ ստացավ 9-ամյա Լուսինե Առաքելյանը: Նա փոխադրվել էր 4-րդ դասարան, սովորում էր թիվ 173 դպրոցում: Երեխան տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, քանի որ ստացել էր գանգուղեղի վնասվածք: Լուսինեին վիրահատեցին, սակայն օգոստոսի 3-ին, ժամը 20-ին նա մահացավ: Լուսինեի մայրն ու տատը՝ Մանիկ եւ Համեստ Ղազարյանները, մինչ այսօր չեն հավատում, որ երեխան մահացել է՝ խաղալիս վնասվածք ստանալով: Չեն համոզում նաեւ Շենգավիթ համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերը, որոնցով երկու անգամ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ղազարյանները համոզված են, որ իրենց երեխան վրաերթի հետեւանքով է մահացել: Մեր տրամադրության տակ գտնվող դատաբժշկական թիվ 578 եզրակացության մեջ գրված է. «Չի բացառվում, որ վազել-ընկնելուց կարող է առաջանալ ե՛ւ մարմնի ձախ մասի, գլխի ձախ քունքագագաթային մասի, ե՛ւ միաժամանակ աջ այտոսկրի սալջարդ»: Դատաբժիշկները արձանագրել էին նաեւ, որ «վրաերթին բնորոշ եւ հատուկ վնասվածքներ չկային»: Սակայն երեխայի տատի՝ Մանիկ Ղազարյանի մոտ գտնվող զգեստին առկա են անվադողի սեւ հետքերը՝ արյան հետ, բայց այս իրեղեն ապացույցը տանն է եւ չի հետազոտվել: Դեպքից հետո, երբ երեխային հարեւանները տուն են բերել, տատն ու մայրը հասցրել էին փոխել հագուստը: Բացի այդ, շատ դժվար է ենթադրել, որ ասֆալտապատ, հարթ խաղահրապարակում երեխայի ձախ քունքագագաթային հատվածում 10սմ տրամագծով կլոր հարվածի հետք է կառաջանում: Ըստ տուժողների, դատախազությունը «խաղալու» վարկածից այն կողմ չի անցել: Սակայն եղել է նաեւ այլ վարկած. երեխան մարմնական վնասվածքները ստացել է ոչ թե խաղալիս վայր ընկնելու ժամանակ, այլ մուգ գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի հետեւանքով: Ըստ որոշ լուրերի, մեքենան պատկանում է ԱԺ պատգամավորներից մեկի եղբորը: Դատախազի օգնական Դ. Սիմոնյանի սեպտեմբերի 10-ի որոշման մեջ խոսք չի գնում երեխայի այլ վնասվածքների ստացման տրամաբանության մասին: Այնինչ, Լուսինեի աջ այտոսկրին եւ քթի աջ մասում եղել է սալջարդ: Ընդամենն արձանագրված է. «Իր ընկերուհի Նատալյա Կելերի հետ խաղալու ընթացքում սայթաքել եւ վայր է ընկել՝ գլխով հարվածելով ասֆալտին»: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 22-ին երկրորդ անգամ է մերժվում քրեական գործ հարուցելը: Այս որոշումը կայացնում է դատախազի մեկ այլ օգնականը՝ Ա. Առաքելյանը: Սակայն վերջինս, այնուամենայնիվ, ստուգում է վրաերթի վարկածը, արձանագրելով. «Լ. Առաքելյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ որեւէ տվյալներ ձեռք չեն բերվել»: Նաեւ՝ «13 շենքի բազմաթիվ բնակիչներ նշել են, որ մոտակայքում ընդհանրապես ավտոմեքենա չի եղել»: Առաքելյանները դիմել են ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին: «Դատախազությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 3-ին, ժամը 4.50-ին,- ասում է Հ. Առաքելյանը,- սակայն ոչ մեկն այդ օրը չի եկել հիվանդանոց: Իսկ մեր երեխայի ընկերուհիներն ասում են, որ միայն ընկած են տեսել»: Դեպքի վայրից 2 մետր հեռավորության վրա, ավտոտնակի մոտ հավաքված էին ինչ-որ տղաներ: Ինչո՞ւ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել