
Դպրոցի տնօրենը հայերեն չգիտի՞ Համենայնդեպս, դա է պնդում նրա մրցակիցը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը փրկվել է օպտիմալացումից: Մանկավաժները երեք ամիս աշխատել են առանց աշխատավարձի եւ 2003 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը փոխել է իր որոշումը` հրաժարվելով թիվ 3 եւ թիվ 4 դպրոցների միաձուլումից: Հիմա էլ թիվ 3-ի գործադիր տնօրենի աթոռն է դարձել կռվախնձոր եւ վեճերի առարկա: Վեճն էլ՝ քաղաքացիական գործի տեսքով, ՀՀ վերաքննիչ դատարանում է: Դպրոցի բազմամյա տնօրեն, այժմ գործազուրկ Արամ Ծատուրյանը հայտարարում է, որ դպրոցի ներկայիս գործադիր տնօրեն Սվետա Թազագուլովան պաշտոնը ստացել է սխալ մրցույթով. «Մրցույթի մասնակիցներին ներկայացվող չափանիշներից մեկն էլ գրական հայերենին տիրապետելն է, իսկ Թազագուլովան չի տիրապետում, հետեւաբար մրցույթին մասնակցելու իրավունք չուներ»: Ըստ Ծատուրյանի, իր ասածի ճշմարտացիությունը ապացուցում է այն փաստը, որ Թազագուլովայի ինքնակենսագրությունը եւ մրցույթին մասնակցելու դիմումը գրված են ուրիշի ձեռքով: Ծատուրյանը պահանջել է, որ Թազագուլովան իր ներկայությամբ նոր դիմում գրի: Պահանջը մերժվել է: Այս ամենը տեսնելով՝ Ծատուրյանը հրաժարվել է մասնակցել տնօրենի պաշտոնի մրցույթին: Տնօրեն ընտրող հինգ հոգանոց խորհրդում կա երկու մանկավարժ, մարզպետի երկու ներկայացուցիչ եւ մեկ ծնող: Թազագուլովան հաղթեց 3:1 «հաշվով». ծնողը չի մասնակցել ընտրությանը: Դպրոցի խորհրդի նախագահ, մարզպետարանի կրթության վարչության աշխատակից Հովհաննես Թադեւոսյանը հավակնորդների հրաժարականների իր բացատրությունն ունի. «Ամեն մեկը այս խորհրդի դեպքում ընտրվելու իր շանսերը գիտի»: Երեքշաբթի ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Նոյեմ Հովսեփյան, Գոհար Մատինյան, Կարինե Հակոբյան կազմով, համաձայն էր Ծատուրյանի այն պնդմանը, թե հայերեն չիմացողը իրավունք չունի դպրոցի տնօրեն լինել: Սակայն կարծում էր, թե Ծատուրյանն էլ իրավունք չուներ ստուգել Թազագուլովայի լեզվական ունակությունները: Սվետա Թազագուլովան դատարան չէր ներկայացել: Իսկ Լոռու մարզի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանը եւ դպրոցի խորհրդի նախագահ Հովհաննես Թադեւոսյանը հայտարարեցին, որ Սվետա Թազագուլովան հայերեն լավ է խոսում, թեեւ «ռուսական ինտոնացիայով. ո՞վ պիտի որոշի գրական հայերենի չափանիշները»: Իսկ որ նման չափանիշներ չկան, հավաստում է նաեւ ՀՀ լեզվի պետական տեսչությունը: Ըստ տեսչության, չափանիշների եւ մեխանիզմների բացակայության պատճառով չի իրականացվում պաշտոնատար անձանց հայերենի իմացության ստուգում: Վերաքննիչ դատարանը ցանկացավ լսել դպրոցի տնօրենին եւ նիստը հետաձգվեց: Արամ Ծատուրյանը վիճարկում է Սվետա Թազագուլովայի մրցույթի պահին՝ վեց ամիս առաջ, 2004-ի ապրիլի 26-ի դրությամբ հայերենի իմացությունը: Գուցե այս ընթացքում կատարելագործվե՞լ են Թազագուլովայի լեզվական հմտությունները: Պարզ կլինի նոյեմբերի 16-ի դատական նիստում: Հայտնի է, որ տնօրենը ազգանունը հայկականացնելու քայլեր է անում: Ի դեպ, Սվետա Թազագուլովան ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ Յուրի Խաչատուրովի քույրն է: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ


















































