Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԸ

Նոյեմբեր 11,2004 00:00

ՊԱՐՏՔԸ ՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ Հայաստանի արտաքին պետական պարտքը կարող է աստիճանաբար կրճատվել: Ռուսաստանի հետ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի կնքումից եւ Թուրքմենստանի պարտքը մարելուց հետո բարելավվել են երկրի արտաքին պարտքի ցուցանիշները: 2004 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմում է $1 մլրդ 84 մլն, որի մեծ մասը Համաշխարհային բանկի բաժինն է: Ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման վարչության բաժնի պետ Հեղինե Կարապետյանի, Հայաստանը ոչ մի պրոբլեմ չունի պարտքերի մարման եւ սպասարկման տեսակետից: Պետությունը նույնիսկ վաղաժամկետ մարումներ է անում: Օրինակ, այդպես է Եվրամիության պարագայում. Հայաստանը պետք է մարի ԵՄ-ին ունեցած $28 մլնի պարտքը, բայց ներկա դրությամբ այդ պարտքից մնացել է ընդամենը 2 մլն-ը: Վաղաժամկետ մարման դեպքում Եվրամիությունը դրամաշնորհ է տրամադրում տվյալ երկրին՝ պարտքի մոտավորապես 78%-ի չափով (օրինակ, եթե մարվում է 7 մլն դոլարի պարտք, դրա $5,5 մլն-ն ետ է ստացվում գրանտի տեսքով): Այդպես ստացվում է, որ Հայաստանը մարում է անում պարտքի ընդամենը 22%-ի չափով: Տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից տրված վարկերը տրամադրված են ինչպես արտոնյալ, այնպես էլ ոչ արտոնյալ պայմաններով: Վերջին շրջանում Հայաստանը ոչ արտոնյալ պայմաններով վարկերի առաջարկներ ստացել է, սակայն մեր պետությունը հրաժարվում է, քանի որ այս պահի դրությամբ միայն արտոնյալ վարկեր են անհրաժեշտ: Այժմ եղածի 93%-ը արտոնյալ վարկեր են, իսկ 7%-ը՝ ոչ արտոնյալ: Մինչ այժմ ստացված վարկերն օգտագործվել են ոռոգման համակարգերի, ճանապարհների, էներգետիկայի, սոցիալական ոլորտի, առողջապահության, կրթության վրա, ինչպես նաեւ եղել են ապրանքային վարկեր: Արտաքին պետական պարտքի մարումը ոչ միայն կախված է պետության հնարավորություններից, այլ նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի (4 տեսակի տարադրամի զամբյուղ) եւ եվրոյի փոխարժեքների դինամիկայից: ՔՐԻՍՏԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍՈՆՅԱ ՄԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել