Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսահղի վիճակ»

Նոյեմբեր 11,2004 00:00

«Կիսահղի վիճակ» Համագործակցել կամ մանդատները վայր դնել. առաջարկում է ՔԴՄ նախագահը Ողջ ամռան ընթացքում արձակուրդ վայելող հայ քաղաքական գործիչները աշնանային թեժության կանխատեսումներ էին անում եւ հույսեր կապում եկող աշնան հետ: Կրքերի՝ հատկապես բորբոքվելու միտում նշմարվեց ԵԽԽՎ վերջին նստաշրջանից առաջ, ընթացքում: Անմիջապես հետո հայ քաղաքական, դրանից բխող ընդհանրապես հայաստանյան կյանքը վերադարձավ նույն հունին: Լճացած այս իրավիճակից դժգոհ են բոլորը. իսկ ո՞րն է հանգուցալուծումը: Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ քաղաքական կատակլիզմների համար նախ քաղաքական առիթ պետք է լինի: «Եթե ապրիլի 12-ից հետո կողմերին այդուհանդերձ հաջողվեց, թեկուզ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աջակցությամբ, քայլեր անել ընդառաջ, ուրեմն այդ գործընթացը պետք է իր տրամաբանական զարգացումն ունենա: Մենք ուզում ենք, թե ոչ՝ ԵԽԽՎ նախորդ բանաձեւը բոլոր կողմերի համար էլ սառը ցնցուղ էր, դեղին քարտ: Կողմերը զգաստացան ու հասկացան, որ ընդառաջ քայլեր են պետք: Դրանք երբեմն եղան, երբեմն՝ ոչ: Բայց այլ զարգացումներ չէին էլ կարող լինել, որովհետեւ քաղաքական առիթը չկար»: Իհարկե, պարոն Հարությունյանը չի ժխտում, որ հանրային կյանքը լարված է, որ իրականությունը շաղախված է նեգատիվ դրսեւորումներով: Բայց բեկումային առիթը չի տեսնում, ուստիեւ գտնում է, որ «Կողմերը ժամանակը պետք է օգտագործեն ի նպաստ գոնե բնականոն զարգացումների ընթացքն ապահովելուն: Եթե դա չի արվում, ապա այս կիսահղի վիճակն էլ անհասկանալի է: Այդ դեպքում ավելի լավ է մանդատները վայր դնել: Թե չէ այսպես ոչ միայն քաղաքական պայքարի որակն է ընկնում, այլ հանրության սպասելիքներն էլ են նվազում: Ժողովրդի մեջ անվստահություն եւ անտարբերություն է առաջանում: Դրա ապացույցներից մեկն էլ վերջին հարահավաքն էր: Ուստի հավակնոտ քաղաքական ուժերը, որոնք այդ միսիայում այլ ուժերի չեն տեսնում, շատ պատասխանատու պետք է լինեն՝ թեկուզ իրենց իսկ իմիջի համար»: Ինչ վերաբերում է ԱԺ-ին եւ նրա լուծարման անհրաժեշտությանը՝ «ԱԺ-ն գնալով որակազրկում է իր գործունեությունը: Սա կարող է բերել նոր գործընթացների, եթե ԱԺ ղեկավարությունը սթափ չգնահատի ստեղծված իրավիճակը»,- կանխատեսում է ՔԴՄ նախագահը: Ի տարբերություն քրիստոնեադեմոկրատների, Հայաստանի կոմունիստները կողմ են «հեղափոխություն ներքեւից» տարբերակին: Այսինքն, իրավիճակից ելքը տեսնում են ժողովրդի համախմբման մեջ: Առիթն օգտագործելով, կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մեկ անգամ եւս բարձրաձայնեց իրենց հակաեվրոպական տրամադրությունները: Նույնիսկ մեջբերեց Նանսենին. «Վա՜յ հայ ժողովրդին, որ նրան ներքաշեցին եվրոպական քաղաքակրթության մեջ: Նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա անունը երբեք ոչ մի եվրոպացու բերանից չհնչեր»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել