Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԼՈՍԻՆ

Նոյեմբեր 12,2004 00:00

ԿԱՌԼՈՍԻՆ ՎԱՂՈՒՑ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ Բայց ներքաղաքական լարված իրավիճակը հետաձգում էր այդ որոշումը Այս շաբաթվա քննարկման հիմնական թեման, բացի «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասի վարույթի կարճումից, շարունակեցին մնալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանի հրաժարականն ու դրա հնարավոր դրդապատճառները: Երեկ էլ այդ հարցը շոշափվել է ՀՀ ԱԺ խումբ-խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ: Նույն թեմային անդրադառնալով՝ «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ, իսկ նախկինում ԱԱՊՎ պետի տեղակալ Տիգրան Սեդրակյանը կարծիք հայտնեց, թե Կ. Պետրոսյանին պաշտոնանկ անելու մասին վաղուց էր խոսվում, բայց, նրա ասելով, դրա համար հարմար պահ չէր լինում: Ըստ Տ. Սեդրակյանի, այս հարցում պահի ընտրությունը կարեւոր է: Ուրեմն, ինչո՞ւ այս պահին: «Կարծում եմ, որ սա նման փոփոխություն անելու իմաստով Քոչարյանի համար ամենահարմար պահն էր, որովհետեւ ընդդիմությունն այսօր շատ թույլ վիճակում է: Անգամ «27»-ի հետ կապված մի շատ թեթեւ հանրահավաք կազմակերպեց ու ի պատասխան՝ ուժեղ հակահարված ստացավ Արամ Կարապետյանի եւ Արտաշես Գեղամյանի կողմից: Սա ուղղված էր «Արդարությանը»՝ որպես հիմնական ընդդիմախոսի, վերջնականապես թուլացնելուն ու ոչնչացնելուն: Ընդդիմությունը հիմա էլ շատ թույլ է, այնքան, որ աստիճանաբար սկսվել է քաղաքական դաշտից նրա դուրսմղումը: Հիմա, այս փուլում այդ ընդդիմության ներսում էլ իրար դեմ են պայքարում: Այսինքն՝ իշխանությունների համար ընդդիմությունն այս պահին որեւէ վտանգ չի ներկայացնում, եւ ներքին խժդժություններ էլ չեն սպառնում: Սա շատ հանգիստ պահ էր ԱԱԾ պետին փոխելու համար: Դեռ խոսակցություններ էլ կան նաեւ ՀՀ ոստիկանապետին փոխելու մասին»: Նրա մատուցմամբ, հակառակ պարագայում, եթե ներքաղաքական իրավիճակը լարված լիներ, ԱԱԾ-ն զբաղված կլիներ այդ իրավիճակի հնարավոր զարգացումներին հետեւելով եւ զարգացումները կանխատեսելով, կանխելով, որովհետեւ հնարավոր զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը հենց այս կառույցն է: Իսկ այս պահին տվյալ փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա ներքաղաքական իրավիճակը վերահսկելու իմաստով: Մինչեւ հիմա ներքաղաքական լարվածություն կար, եւ հասկանալի է, որ այս փոփոխությունն ապրիլին չէր կարող լինել: «Բայց Քոչարյանին պետք էր որոշակի փոփոխություն՝ իշխանության ներսում աշխուժություն մտցնելու համար»,- նկատեց Տ. Սեդրակյանը՝ չբացառելով Կ. Պետրոսյանի փոփոխությանն առնչվող անձնական վարկածների առկայությունը: Ըստ նրա, այս նույն նկատառումներից ելնելով էլ պատահական չէր նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործի կարճումը: «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչը չբացառեց, որ առաջիկայում կառավարությունում էլի փոփոխություններ լինեն: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխությանը՝ պարոն Սեդրակյանը նկատեց, թե ծանոթ լինելով մեր ընդդիմության սեզոնային ակտիվության մարտավարությանը՝ մինչեւ գարուն դժվար թե որեւէ լուրջ անցուդարձ կամ գործողություններ լինեն, «եթե, իհարկե, որեւէ արտառոց դեպք, ասենք՝ ԼՂ հարցի լուծման հետ կապված, մինչ այդ չլինի»: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորմանը, ապա Տ. Սեդրակյանի դիտարկմամբ, պրոցեսն արդեն սկսվել է. «Ես գտնում եմ, որ սա մեզ համար թիվ մեկ խնդիրն է, իսկ այդ հարցի քննարկման պայմաններում գործող իշխանությունները պետք է լուրջ ընդդիմախոս ունենան, որը չունեն»: «Արդարությունն» այլեւս, նրա կարծիքով, լուրջ ընդդիմություն չէ: Իսկ լուրջ ընդդիմություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն հասարակության պահանջները ներկայացնող, այլեւ հստակ արժեքային համակարգ ունեցող ուժ: «Հայաստանում պետք է գան նոր ընդդիմադիր ուժեր՝ եվրոպական, ժողովրդավարական, ազատական արժեքների կրողներ: Այլ ճանապարհ ես չեմ տեսնում»,- ասաց Տ. Սեդրակյանը: Միաժամանակ նա համաձայնեց այն դիտարկման հետ, թե՝ անկախ այդ արժեքային համակարգի ու դրա նկատմամբ հասարակության ունեցած համակրանքից՝ ընդդիմության գործողություններից դժգոհ հասարակությունն այսօր ապատիայի մեջ է եւ չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը. «Իհարկե, այսօր հասարակությունը խոր ապատիայի մեջ է, բայց սա ժամանակավոր երեւույթ է»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել