Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեն՝

Նոյեմբեր 12,2004 00:00

Չգիտեն՝ ինչն են զարգացնելու Գյումրիում նոյեմբերի 15-17-ը տեղի եւ Սփյուռքի մասնագետների ու պետական այրերի մասնակցությամբ քննարկվելու եւ մշակվելու է «Գյումրիի ռազմավարական պլանավորման ֆորում» ծրագիրը: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մրցունակության կենտրոնի նախագահ Արամ Խաչատրյանը: Վերջինիս կարծիքով, ծրագրի հիմնական նպատակը «Գյումրիի տնտեսական զարգացման կմախք մը» ստեղծելն է, իսկ թե կոնկրետ ովքե՞ր են այդ կմախքը ստեղծելու, ի՞նչ ներդրումներ են կատարվելու եւ ինչի՞ց են սկսելու՝ ո՛չ կենտրոնի նախագահը, ո՛չ էլ մյուս հյուրերը բոլորովին պատկերացում չունեին: Իրենց ասելով՝ «ֆորումից ետքը կպատկերացնենք: Մենք ունինք մարդիկ, որ խոպան գացած են, ունինք տեղի բիզնեսմեններ, բոլորն ալ կմասնակցեն»: 2003-ի հոկտեմբերին ծրագրի հեղինակները մի շարք ուսումնասիրություններ են կատարել Բեյրութում ու համեմատել Լիբանանի տուրիզմի, թեթեւ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Գյումրիի հետ: «Մեկը ժամանակին քարուքանդ է եղել պատերազմի, մյուսը՝ երկրաշարժի հետեւանքով: Մենք հո չէի՞նք կրնար բաղդատվել, ասենք, Բեռլինի կամ Կահիրեի հետ: Տուրիզմի միջազգային կազմակերպության տվյալներով, Լիբանանն այսօր տուրիզմի զարգացման առումով գրեթե առաջին տեղն է գրավում: Բայց եռօրյա ֆորումի ժամանակ պետք է մտածել՝ Գյումրիում զարկ տանք տուրիզմի՞ն, թե՞ արդյունաբերությանը, կարելի է, որ այն ըլլա հանրապետության մասշտաբով ուսումնական կամ առողջապահական կենտրոն, լավ չեմ գիտեր»: Հարցին, թե քանի՞ տարվա համար են ռազմավարական պլանը մշակում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք հոս ենք հազար, տասը հազար տարի ետքը, բայց դժվար է որեւէ բան պլանավորել»: Ըստ էության, ծրագրի հեղինակները չէին պլանավորել նաեւ, թե ովքե՞ր են այսօր պատրաստ Գյումրին վերականգնելու համար ներդրումներ անել. «Մենք նման տվյալներ չունինք, եթե մեկը ձեզի տա ատոնք, սուտ կխոսի կոր»: Այնուամենայնիվ, հյուրերը խոսում էին 2020-ին բարեկարգված Գյումրիի հեռանկարների մասին: Իսկ թե ինչպես պետք է հասնեն այդ հեռավոր երազանքին՝ նրանք հավանաբար կպարզեն ետքը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել