Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ

Նոյեմբեր 13,2004 00:00

ԱԺ-ՈՒՄ «ԳԼՈՒՇԻՏԵԼՈՎ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Կարծում է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը Երեկ Մամուլի ազգային ակումբում ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին իր մտորումները: Ըստ այդմ, առաջիկա 2-3 ամիսներին նույնպես որեւէ աշխուժություն չի սպասվում: Չնայած արտաքուստ այս խաղաղությանը, Մ. Գասպարյանն ԱԺ-ում տեսնում է, թե «ամենավերեւներն ինչպես են ցեխ շպրտում իրար վրա: Եթե Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի (նրանք նախագահի պոտենցիալ թեկնածուներ են- Ն. Գ.) վրա ինչ-որ բաներ են տարածում, ուրեմն իշխանական բուրգի ինչ-որ հատվածից հրահանգ կա: Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս, որ որեւէ մեկը շատ հզորանա: Ինքն ուզում է, որ իրեն շատ հավատարիմ լինեն, բայց կանտրոլի տակից չփախնեն»: 2-3 ամիս հետո, «սուգուբը» Մանուկ Գասպարյանի կարծիքով, Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, բայց դա ոչ թե ընդդիմության հեղափոխությունն է լինելու, այլ «դրսից հրահրված ինչ-որ քայլ՝ Ղարաբաղի ազատագրված տարածքները վերադարձնելու հետ կապված»,- ասում է նա: Բանախոսի համոզմամբ, հունվար ամսից սկսած այդ հարցի վերաբերյալ Հայաստանի վրա մեծ ճնշումներ են լինելու. «Մենք հիմա տեսնում ենք, որ զանազան ատյաններում ամեն ամիս 3-4 հաղթանակ է տանում ադրբեջանական արտաքին քաղաքականությունը: 2005-ի ընթացքում հարցը լուծում պիտի ստանա՝ կապված Բաքու-Ջեյհան նավթամուղի գործարկման հետ: Բացի այդ, 2006-ից նախընտրական նոր փուլ է սկսվելու, ուստի Քոչարյանին կստիպեն մինչ այդ ազատագրված տարածքների հարցը լուծել: Եթե նա չկարողանա դիմակայել դրսի ուժերին, միայն այդ դեպքում հրաժարական կտա»: Ի դեպ, այս իշխանության շարունակականությունն ապահովող նախագահի հնարավոր թեկնածուների շարքին ԱԺ պատգամավորն իր կողմից ավելացրեց Երվանդ Զախարյանին: «27»-ի գործի կարճումը Մ. Գասպարյանին լրացուցիչ հիմք է տալիս կարծելու որ իշխանությունն իշխանափոխության է պատրաստվում: Վերջին շրջանում հնչող հեղափոխության կոչերին Մ. Գասպարյանն այսպես է վերաբերվում. «Արամ Կարապետյանն ահագին ճարպիկ քաղաքական գործիչ է: Բայց եթե եկող տարի մինչեւ սեպտեմբեր չկարողանա իր ասածն իրականացնել, ապա որպես քաղաքական գործիչ կդառնա կիսադիակ: Գուցե ինքն իր հաշվարկները գիտի, բայց հեղափոխություն անելը խաղ ու պար չէ»: «Հայրենիք» ժողովրդական ճակատի մասով էլ ասաց. «Դա քաղաքական կառույց չէ, կարող են 10 օրը մեկ հայտարարություն անել: Ուղղակի աուրա են ստեղծում՝ ժողովուրդը կելնի ոտքի, թե՝ չէ: Իսկ Ա. Կարապետյանինը լրիվ ուրիշ է: «Հայրենիքը» ասելու բան կարող է ունենալ, չանի էլ՝ չի տուժելու»: Ինչ վերաբերում է հեղափոխության գաղափարի վարկաբեկմանը. «Կարող է իշխանության ճամբարում էլ ինչ-որ մարդիկ հեղափոխություն անեն: Արդեն ԱԺ-ում ձեւավորվում է նոր ընդդիմություն: Իհարկե, մի քիչ ամորտիզացված, գլուշիտելով ընդդիմություն է, բայց… ՄԱԿ խմբակցությունը, եթե դեմ չի քվեարկում՝ եթե-ներով է խոսում, «Ժողպատգամավորը»՝ իշխանության համար կարեւոր օրենքներին միասնական դեմ է քվեարկում: Եթե նրանց պաշտոն պետք չէ, դաշնակներին պետք է, որովհետեւ շուտով բյուջեն է գալու, ԸՕ-ն, հարցեր կան լուծելու»: Ի դեպ, ինչ վերաբերում է մեծամասնական, համամասնական ընտրակարգերին, ՄԱԱ-ի հյուրի համոզմամբ՝ կամ պետք է 100 տոկոս համամասնական լինի, կամ՝ ինչպես կա, այնպես էլ մնա. «Պատկերացրեք, եթե մեծամասնականը 37 լինի, վերցնենք հենց Էջմիածնի շրջանը. չորս պատգամավոր են մեծամասնականով ընտրված, մտածեք, թե ովքեր են այնտեղ թեկնածուները ու այդ 4-ից 2-ը պիտի մնա: Անպայման արյունահեղություն կլինի, զորքերով իրար հետ կկռվեն»: Լրագրողների տարակուսանքին բանախոսն այսպես արձագանքեց. «Թող 100 տոկոս մեծամասնական լինի, բայց Սահմանադրությամբ պետք է Ներկայացուցիչների պալատի հարցն էլ լուծվի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել