Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ն ընդունում է իր սխալները

Նոյեմբեր 13,2004 00:00

ԲՈՀ-ն ընդունում է իր սխալները Իսկ նրա նախագահը, հավանաբար, գործում է անձնական դրդապատճառներով: Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանում լսվեց երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հայցն ընդդեմ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ): Խնդրին արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու. ՀՀ եւ ՌԴ համաձայնագիրը նախատեսում է «ՀՀ-ում եւ ՌԴ-ում տրվող գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի դիպլոմների, դոցենտի եւ պրոֆեսորի ատեստատների համարժեքության ճանաչում»: Սակայն, ի տարբերություն ՌԴ-ի կարգի, որով մեր թեկնածուն մեխանիկորեն դառնում է ՌԴ թեկնածու, Հայաստանի ԲՈՀ-ը մինչեւ այժմ օրենքով սահմանված կարգ չունի եւ վերաորակավորման գործընթացներ է նախաձեռնում, ինչն էլ նշանակում է, որ, օրինակ, ՌԴ-ում պաշտպանած տվյալ ատենախոսությունը Հայաստանում նորից պետք է պաշտպանվի: ԲՈՀ-ի այս քմահաճույքի զոհ է դարձել հենց երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը: Հայցվորի շահերը ներկայացնող Արա Զոհրաբյանի ներկայացմամբ, «Տվյալ դեպքում ԲՈՀ-ը գործել է ի խախտումն սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջի, առ այն, որ պետական մարմինը կարող է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենսդրությամբ: Իսկ ԲՈՀ-ը որեւէ նորմատիվ ակտով լիազորված չէ կատարելու վերաորակավորման գործողություններ»: ԲՈՀ-ը դատարանում էլ ընդունեց, որ վկայագրերի համապատասխանեցման որեւէ կարգ գոյություն չունի: ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանի շահերի պաշտպան Կարինե Մուրադյանն էլ, ի վերջո, հաստատեց, որ «ՌԴ ԲՈՀ-ից ստացված նրա (հայցվորի-խմբ.) վկայագիրը որպես փաստաթուղթ ճանաչվում է ՀՀ-ում՝ անկախ ԲՈՀ-ի որոշումից եւ առանց ԲՈՀ-ի որեւէ փաստաթղթի»: Մինչդեռ ԿԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները Արմեն Թռչունյանի պահվածքը բացատրում են նրանով, որ վերջինս, ի դեմս Արմեն Սաղաթելյանի, տեսնում է իր հնարավոր ու ամենաուժեղ հակառակորդին՝ Ակադեմիայի այս տարվա թղթակից անդամի տեղում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել