Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Նոյեմբեր 13,2004 00:00

ԱՐԺԵՔՆԵՐԸ ԱՇՆԱՆՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ Կտավները թուլացած են, գրքերը՝ կրծողներից վնասված, սնկային հիվանդությամբ վարակված Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը անդրադարձավ հանրապետությունում մշակութային արժեքների պահպանման վիճակին: Այն ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության պատասխանատու, վարչության պետ, ինչպես պարզվեց՝ նաեւ արվեստի սիրահար Զելիմ Թադեւոսյանը: Դատախազությունը ուսումնասիրել էր Հայաստանի ազգային պատկերասրահը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը, Մատենադարանը, Հանրագիտարանը, Ցուցահանդեսային կենտրոնը, Երեւանի պետական համալսարանն ու Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Ըստ Զ. Թադեւոսյանի, կառավարության ընդունելությունների տնից անհետացել էր 2 ստեղծագործություն՝ Ռ. Էլիբեկյանի «Դերասանուհիների հանգիստ» (1800 ԱՄՆ դոլար արժողությամբ), Ա. Խոջոյանի «Հեթանոս ծես» ($1200) եւ ԱԳՆ-ից՝ Ա. Շաբանյանի «Մայրամուտ ծովի վրա» ($1000): Դատախազությունը գտնում է, որ պատճառը ուժեղացված պահակային ռեժիմի բացակայությունն է: Այս երկու «ուժեղացված» գերատեսչություններից նկարների անհետացումը խոսում է այլ վտանգի մասին: Ըստ Զ. Թադեւոսյանի, Երեւան քաղաքի գրադարաններից եւ թանգարաններից կորել է 21 հնատիպ գիրք: «Կորած գրքերի նյութական արժեքը դժվար է որոշել, նկատի ունենալով հայաստանյան գրքի շուկայում ցածր գնողունակությունը,- ասաց վարչության պետը,- սակայն յուրաքանչյուր գրքի միջին մոտավոր գինը, ըստ մասնագետների՝ 500-700 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է»: Կորուստներ էին ունեցել նաեւ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը, Ազգային պատկերասրահը: Զեկուցողը տեղեկացրեց, որ գոյության 80 տարիների ընթացքում Պատկերասրահում չեն կատարվել եղած հավաքածուի փաստացի ստուգումներ: Միայն 2001-ին, նոր գլխավոր ֆոնդապահ նշանակվելու կապակցությամբ, ստուգվել է Պատկերասրահը եւ հանձնաժողովն արձանագրել է 108 կորուստ: Դրանց մեջ են Հովնաթանյանի, Այվազովսկու, Բաշինջաղյանի, Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի, Իսաբեկյանի, Խոջաբեկյանի, Հակոբյանի, Թերլեմեզյանի ստեղծագործությունները: Ի դեպ, Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան» նկարի գողության փաստերով Գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ: Փորձաքննությունների արդյունքում բացակայող արվեստի գործերի շուկայական արժեքը գնահատվել է 55-60 մլն դրամ: Կ. Աղամյանի «Առավոտ» ստեղծագործությունը կորել էր Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանից: Բացի ուժեղացված ռեժիմի անհրաժեշտությունից, Գլխավոր դատախազությունը ուշադրություն հրավիրեց արժեքների ֆիզիկական պահպանվածության պայմանների վրա: «Ցուցասրահները, ֆոնդապահոցները զուրկ են կայուն ջերմախոնավային ռեժիմ պահպանող համակարգերից, որի հետեւանքով ջերմաստիճանի շեշտակի փոփոխությունները բացասական ազդեցություն են թողնում գեղանկարների, փափուկ նյութից քանդակների, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների վրա: Հանրապետության տարբեր մարզերում գտնվող Ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերը վատթար վիճակում են»,- տեղեկացրեց Զ. Թադեւոսյանը: Նա նկարագրեց Դիլիջանի մարզային թանգարանի անմխիթար վիճակը, որտեղից գողացված Այվազովսկու 3 կտավները հայտնաբերվել էին «քայքայված վիճակում»: Ալավերդու քաղաքապետարանը պատկերասրահի մասնաճյուղի շենքը հանձնել է «ինչ-որ բանկի» (Գլխավոր դատախազությունը դեռ չէր ճշտել՝ որ), բազմաթիվ ցուցանմուշները պատսպարվել են մի սենյակում: Եվ փոխարեն ՀՀ մշակույթի նախարարությունը անհանգստանա, Գլխավոր դատախազությունն է դիմում Լոռու մարզի դատախազին՝ ձեռք առնել միջոցներ այդ կապակցությամբ: Ի դեպ, այս ուսումնասիրության արդյունքները ուշի ուշով լսում էր մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը, որը նկատեց, որ «թանգարաններում տատիկներ են նստած, հոգնած-շահագրգիռ մարդիկ», որոնց «երբ տեղաշարժ ես անում՝ մամուլը վայնասուն է անում»: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ խոստովանեց, որ առաջին անգամ է նման զեկույց լսում եւ կոչ արեց, որ ազգովի ուշադրություն դարձնենք իրենց՝ առաջին թանգարանի վրա: Սակայն ի՞նչ ուշադրություն, երբ նա տեղեկացրեց, որ Լալա անունով մի կին 20 օր է՝ թույլ չի տալիս, որ թանգարանում գազի խողովակ դնեն: «Պիտի գնամ ուրիշ ձեւով խոսեմ,- ասաց նա եւ արվեստի թշնամի կնոջը նկարագրեց այսպես,- մազերը ներկած, ամուսին էլ չունի»: Գլխավոր դատախազությունը հավանաբար սափրագլուխներից հետո աշխատանքներ կտանի ներկած գլուխներով մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել