Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր եզրեր չկա՞ն

Նոյեմբեր 16,2004 00:00

Ընդհանուր եզրեր չկա՞ն Խորհրդարանական ուժերը երեկ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրին «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ եւ քննարկեցին ընտրակարգերի համամասնության խնդիրը: Նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկվել էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների համատեղ եզրակացությունը, որում տեղ գտած 30 առաջարկություններից գրեթե բոլորն էլ համարվել էին ընդունելի: Տարաձայնություններ են եղել մասնավորապես ընտրական հանձնաժողովներում ՀՀ նախագահի ներկայացուցիչների շուրջ: Եվրոպական փորձագետներն առաջարկել են, որ նախագահն իրավունք ունենա նշանակել ներկայիս 3-ի փոխարեն՝ 2 կամ նույնիսկ 1 անդամ: ՄԱԿ խմբակցությունն առաջարկել է, որ նախագահն էլի ունենա 3 ներկայացուցիչ, սակայն խորհրդարանական կուսակցությունները ներկայիս 1-ի փոխարեն ունենան 2 տեղ ընտրական հանձնաժողովներում: Առաջարկն ընդունելի է ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի համար: Փոխարենը ՀՅԴ-ն բացարձակապես անընդունելի է համարել «Ժողպատգամավոր»-ի առաջարկը, ըստ որի՝ նաեւ պատգամավորական խումբը պիտի ունենա ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու իրավունք: Սակայն դառնանք երեկվա խորհրդակցությանը, որի հիմնական թեման առավել խնդրահարույց էր՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգերի հարաբերակցությունը: Մինչ Արթուր Բաղդասարյանի մոտ հավաքվելը՝ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը մեր հարցին, թե հնարավոր կլինի՞ այս հանդիպումների շնորհիվ գալ ընդհանուր հայտարարի՝ պատասխանեց. «Դեռ չեմ տեսնում նման եզրեր: Կա երկու մոտեցում՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը պնդում են, թե համամասնականի տեղերը պիտի ավելացվեն, իսկ երկրորդ մոտեցումը նույնը պահպանելն է: «Ժողպատգամավորն» առաջարկում է կոմպրոմիսային տարբերակ՝ 3 տոկոսով նվազեցնել մեծամասնականի տեղերը: Եթե այս փոխհամաձայնությունը չընդունեն՝ մենք պնդելու ենք մեր տեսակետը»: Նշենք, որ բացառապես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից կազմված այս խումբը կարծես ավելի է հակված փոխհամաձայնության, քան ՀՀԿ-ն, որի ղեկավար Անդրանիկ Մարգարյանն արդեն իսկ հայտարարել է, թե ե՛ւ ընտրական հանձնաժողովների, ե՛ւ համամասնությունների հարցում գործող կարգը պահպանելու կողմնակից են: Այն է՝ հանրապետականների համար 75-56 համամասնությունն անփոփոխելի է, որին համաձայն չեն ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ՕԵԿ-ը: Եվ հենց սա են դիտարկում իբրեւ կոալիցիոն համաձայնագրով նախատեսված՝ կուսակցությունների դերակատարության մեծացման առաջնահերթության խախտում: Երեկվա խորհրդակցության ավարտից հետո «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ ՕԵԿ-ը հայտարարել է. «Քաղաքական որոշում ենք կայացրել 30-70 կամ 25-75՝ կոմպրոմիսային երկու տարբերակներից մեկն ընտրելու վերաբերյալ»: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն եւս հնարավոր է համարում 25-75 փոխզիջումային տարբերակը: Թեեւ մշտապես պնդում էին 100 տոկոս համամասնական տարբերակը, ինչպես եւ՝ ի դեպ, ՄԱԿ-ը, որը նույնպես պատրաստակամություն է հայտնել համաձայնել վերոհիշյալ փոխզիջմանը: Սակայն արդյոք ՀՀԿ-ն վերանայե՞լ է իր դիրքորոշումը: «Նույնն է մնացել,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:- Նրանք չեն ուզում փոխել իրենց տեսակետը»: Երեկ քննարկվել է նաեւ ընտրացուցակների հարցը: Ըստ Սամվել Բալասանյանի՝ «Եթե առկա են 2 տոկոսից ավելի անճշտություններ՝ առաջարկել ենք, որ տվյալ ցուցակը կազմողը ենթարկվի քրեական պատասխանատվության»: ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն միասնաբար են հանդես եկել նաեւ ծրարներով քվեարկելու առաջարկի հարցում: Նշենք, որ դեկտեմբերի սկզբին Երեւանում նախատեսվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների մասնակցությամբ քննարկում, որից հետո էլ ԱԺ-ն «Ընտրական օրենսգիրքը» կքննարկի երկրորդ ընթերցմամբ: Հուսանք՝ մինչ այդ հարթված կլինեն այս տարաձայնությունները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել