Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանափակում են օմբուդսմենի անկախությունը

Նոյեմբեր 17,2004 00:00

Սահմանափակում են օմբուդսմենի անկախությունը Այս կշտամբանքը երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն ուղղեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Երեկ առաջին անգամ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մասնակցեց բյուջետային քննարկումներին: Եվ այս յուրօրինակ նորամուտն ուղեկցվեց տեւական վիճաբանություններով: Լարիսա Ալավերդյանը տարակուսանք արտահայտեց, որ չի բավարարվում 1200-ից ավելի գրավոր եւ դրանից ոչ պակաս բանավոր բողոքներ ստացած մարմնի հայտը՝ 154, 219 մլն դրամի վերաբերյալ: Կառավարությունը, սակայն, 2005-ին պաշտպանի աշխատակազմին պատրաստվում է տրամադրել ընդամենը 93, 397 մլն դրամ: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս գումարից 20 մլն դրամն իրենց գրասենյակի վարձակալման վճարն է, իսկ մնացածը բավարար չէ աշխատանքի համար. «Այս տարածաշրջանում ամենաաղքատն ենք՝ տեխնիկական զինվածության մակարդակով. 5 հոգուն հասնում է 1 համակարգիչ»: Այս եւ զարգացմանն անհրաժեշտ այլ միջոցներ չհատկացնելը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գնահատեց իբրեւ «մեր ինքնուրույնության եւ անկախության սահմանափակման փորձ»: Առաջ անցնելով՝ նշենք, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը խոստացավ, թե մեքենաների, սարքավորումների եւ այլ հարցերը կլուծվեն դոնորների հաշվին: Այսուհանդերձ՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը կատարվածում տեսավ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի ոտնահարման հատկանիշներ: Ըստ այդ օրենքի 24 հոդվածի՝ Պաշտպանի հայտն առանց փոփոխության ընդգրկվում է բյուջեի նախագծում: Իսկ եթե, կառավարության կարծիքով, պետք է նախատեսել ավելի քիչ ծախսեր, ապա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պետք է ներկայացնի նվազեցման հիմնավորումը։ Առայժմ այդ հիմնավորումները ներկայացվեցին բանավոր: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանն ի պատասխան՝ նշեց. «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի համար ավելի շատ է նախատեսված, քան Վրաստանում եւ 7 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանում, որոնց պաշտպանների աշխատակազմը բաղկացած է 56 հոգուց: Եթե համեմատության մեջ նայենք՝ Ձեր աշխատակազմը պետք է լիներ 15 հոգի, բայց Դուք ունեք 35-ը»: Վարդան Խաչատրյանն աննպատակահարմար համարեց նաեւ մարզերում Պաշտպանի ներկայացուցիչներ ունենալու նախաձեռնությունը. «Նախարարություններում ոչ թե 1000, այլ 10 հազար դիմումներ են ստանում. դա չի նշանակում, որ ամեն դիմումի համար պետք է մի մեքենա առանձնացնել եւ գնալ դրա հետքերով»: Ընդ որում՝ նախարարն իր հիմնավորումների ընթացքում եւս մեկ անգամ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքին հակասող պահանջ ներկայացրեց, որի 24 հոդվածի համաձայն՝ «Պաշտպանն ինքնուրույն է մշակում եւ իրագործում իրեն վերապահված միջոցների ծախսման հաշվարկը»։ Մինչդեռ նախարարը նշեց, թե Պաշտպանի հայտում պիտի հատ-հատ ներկայացվեր աշխատակազմի ամեն աշխատակցի գործառույթը՝ իր ծախսերով: Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այդ պահանջն ամենեւին չի բխում օրենքից: Իսկ Վարդան Խաչատրյանն այդ մասին մեր հարցին պատասխանեց. «Բայց բյուջետային գործընթացները նույնպես սահմանված են բազմաթիվ օրենքներով, ըստ որոնց՝ եթե բյուջեում որեւէ մեկը ցանկանում է արտացոլվել, այդ թվում՝ անգամ անկախ հանձնաժողովները, պետք է ներկայացնեն ծրագիր եւ հիմնավորումներ»: Այս հեռակա բանավեճում Լարիսա Ալավերդյանի հակափաստարկն էր. «Ուզում եմ հասկանալ՝ ես ինչո՞ւ պետք է հիմնվեմ այն մեթոդական ցուցումների վրա, որոնք նախատեսված են նախարարությունների համար: Ուղղակի պահանջո՛ւմ եմ, որ հասկացվի այս հայտատության հատուկ դերակատարությունն ու գործառույթները»: Հենց այդ հանգամանքները նկատի ունենալով էլ՝ ե՛ւ «Օրինաց երկրի», ե՛ւ «Ժողպատգամավորի» ներկայացուցիչները հանդես եկան հօգուտ Պաշտպանին տրամադրվող գումարների վերանայման: Կարեն Կարապետյանն անգամ կեսկատակ առաջարկեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանի իր իրավունքները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել