Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐԸ

Նոյեմբեր 18,2004 00:00

ՎԵՐՋԱՊԵՍ՝ ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐԸ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2006թ. առաջնության որակավորման մրցաշարում անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի վերջին հանդիպումը: Հյուրընկալելով խմբի առաջատար Ռումինիայի ընտրանուն՝ Հայաստանի ազգային հավաքականը դրսեւորեց կամային հատկանիշներ, եւ երկրորդ խաղակեսում վերականգնելով հավասարակշռությունը՝ 1:1, կարողացավ ֆուտբոլասերների աչքի առջեւ խուսափել վերջնական հեղինակազրկումից՝ վաստակելով իր առաջին միավորը: Անկեղծ ասած, հանդիպումից առաջ եւ խաղի ընթացքում շատերի միակ մտահոգությունը խոշոր հաշվով չպարտվելն էր: Ու դա ծանրակշիռ հիմքեր ուներ: Նախ, մեր հավաքականը մինչ այդ հարյուր տոկոսանոց պարտվողի համբավ էր ձեռք բերել: Երկրորդ, բոլորիս անհանգստացնում էին հիմնական կազմում արդարացված եւ մութ փոփոխությունները, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էին տվել: Եվ երրորդ, նախորդ օրը երիտասարդական հավաքականի անատամ խաղն ու կրած խոշոր հաշվով խայտառակ պարտությունը բոլորիս զրկել էին լավատեսական որեւէ հույսից: Սակայն, բարեբախտաբար, այս անգամ մեր ենթադրությունները չարդարացան, եւ Հայաստանի ընտրյալ ֆուտբոլիստները վերջին շրջանում առաջին անգամ հաճելիորեն շոյեցին ֆուտբոլասերների ինքնասիրությունը: Ճիշտ է, հիմա հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ չպարտվելն էլ արդեն մեծ հաջողություն ենք համարում, սակայն անկախ գրանցված հաշվից ու վաստակած միավորների քանակից՝ ուրախանում ենք, որ վերջապես տեսանք ֆուտբոլային պայքար, որ ամեն բան գուցե դեռ կորսված չէ, որ դեռ կարող ենք ֆուտբոլ ցուցադրել: Այն էլ ՖԻՖԱ-ի՝ օրերս հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային ցուցակում 28-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինիայի հավաքականի հետ, որի եւ մեր ընտրանու միջեւ տարբերությունը նույն ցուցակում գրեթե 100 աստիճան է: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել