Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը «քլնգեց» կոալիցիային

Նոյեմբեր 19,2004 00:00

ՄԱԿ-ը «քլնգեց» կոալիցիային Կոալիցիայի գաղափարական ընդդիմությունը Երեկ Մամուլի ազգային ակումբում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին իր տեսակետն արտահայտեց ՄԱԿ կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը: Նախ՝ ՄԱԿ-ի դիմադիր կամ ընդդիմադիր կեցվածքի մասին. «Հայկական իրականության մեջ, քաղաքական դաշտում տեղի ունեցող բեւեռացումը բերել է նրան, որ մենք տեսնում ենք միայն սեւ ու սպիտակ կողմերը՝ իշխանություն եւ ռադիկալ ընդդիմություն: Մենք մեզ չենք համարում արմատական ընդդիմություն, որովհետեւ արմատական ընդդիմության մոտեցումները Հայաստանի իշխանության ձեւավորման պրոցեսներին մեզ համար անընդունելի են: Մենք մեզ գաղափարական ընդդիմություն ենք համարում այն համակարգին, որն այսօր իրականացնում է իշխանությունը: Համակարգը կարող ենք պայմանականորեն ասել՝ կոալիցիա»: Այնուհետեւ պարոն Արսենյանը քննադատության տարափ տեղաց «գաղափարական հակառակորդի» հասցեին. «Քաղաքական կոալիցիան իր ձեւի մեջ լինելով ողջունելի՝ բովանդակային մասով մտահոգության տեղիք է տալիս: Կոալիցիայում ընդգրկված ուժերը տարբեր աշխարհայացք ունեցող կառույցներ են, որոնց կողմից իրականացվող ծրագիրը չի կարող միեւնույն նպատակն ունենալ»: Որպես ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժ՝ ՄԱԿ-ն ուզում է հստակ իմանալ, թե երկիրն ո՞ւր է գնում: Այդ կոնտեքստում Գ. Արսենյանը սպառնաց 2005 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասել ՄԱԿ-ի տղամարդու խոսքը: Այն մոտավորապես կլինի այսպիսին՝ «ՀՀ գործադիր իշխանությունը զբաղվում է ծախսերի կառավարումով: Մենք գտնում ենք, որ արդյունքները պիտի կառավարվեն: Ծախսերը պետք է նպատակաուղղված լինեն արդյունքներ ստանալուն»: Այս առիթով ՄԱԿ-ը նաեւ «խոսուն թվեր» կհրապարակի: Կոալիցիայի ձեւը ՄԱԿ-ի սրտովն է, քանզի պարոն Արսենյանը դրանում տեսնում է «իշխանության նկատմամբ քաղաքական պատասխանատվություն»: Բայց «դա չի նշանակում համակարգերի կուսակցականացում»,- ասում է բանախոսը, ինչն այսօր ունենք: Ինչ վերաբերում է նախագահին եւ նրա ծրագիրը պաշտպանելուն՝ «Մենք երբեւիցե չենք խուսափելու պատասխանատվությունից այն ծրագրի համար, որը մենք պաշտպանել ենք. եթե այն չիրականացվի, ուրեմն մենք ակտիվ չենք քննադատել շեղումները եւ այլն»,- ասում է Գ. Արսենյանը: Կոալիցիային մաս կազմելու առաջարկ ՄԱԿ-ը չի ստացել: Կադրային փոփոխությունների այս ինտենսիվ խոսակցությունների ֆոնին նույնիսկ պորտֆելներ չեն առաջարկվել: Այս ամենին իբրեւ սրտահովանք Գուրգեն Արսենյանը հայտարարում է. «Երբ սկզբից մեզ չեն հրավիրել, հետագայում մենք ոչ անկոչ հյուրի, ոչ էլ հրավիրվածի կարգավիճակում չենք ցանկանա լինել այդտեղ: Քանի որ կոալիցիայի մաս չենք, գործադիր իշխանությունում պոստի չենք հավակնում: Եթե հավակնենք, ուրեմն պիտի պատասխանատվություն ստանձնենք կոալիցիայի ծրագրի նկատմամբ: Մենք մեզ համար ավելի էֆեկտիվ դեր ենք նախանշել՝ օգտակար լինել հասարակությանը շահերի սպասարկման ոլորտում»: Խոսքը վերաբերում է օրենսդիր գործունեությանը: Գուրգեն Արսենյանի կանխատեսմամբ, «Ընտրական օրենսգիրքը» կարող է լինել այն ջրբաժանը, որով բացառված չեն վերադասավորումները խորհրդարանում: ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, ՕԵ-ն համամասնական ընտրակարգի կողմնակիցներ են եւ, ըստ ՄԱԱ հյուրի, հստակորեն կշեշտեն իրենց դերն ու կեցվածքը: Այս համատեքստում կոալիցիայի ձեւաչափի փոփոխություն ՄԱԿ ղեկավարը չի բացառում: Սրանից բխող՝ նաեւ մյուս ոլորտներում է կանխատեսում նոր դրսեւորումներ: Դիտարկմանը, որ վերջերս հաճախակի են խոսակցությունները, թե ՄԱԿ-ը հայտնվել է Սերժ Սարգսյանի հետաքրքրությունների ոլորտում, Գուրգեն Արսենյանն այսպես պատասխանեց. «Մենք փորձադաշտ չենք, մեր ճանապարհով գնում ենք: Ճանապարհները կարող են խաչվել, որովհետեւ՝ «անկանխատեսելի են Աստծո արահետները»: Շատ լավ հարաբերությունների մեջ լինելով անձի կամ պետական պաշտոնյայի հետ՝ մենք շարունակելու ենք մեր գործողությունները մեր սկզբունքների ոգով»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930