Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԵՎՈՐ Է

Նոյեմբեր 20,2004 00:00

ՀԺԿ
մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը համեմատում է ամերիկյան եւ հայաստանյան ընտրությունները:
– Տիկին Խաչատրյան, դուք ԱՄՆ-ում էիք, երբ այդ երկրում նախագահական ընտրությունների
նախընտրական փուլն էր: Մեր ընտրությունները շա՞տ են տարբերվում ամերիկյանից: –
Համեմատություններ չանելով, պարզապես իմ տպավորությունները ներկայացնեմ, թող զուգահեռներն
ընթերցողն անի: Նախ, այս ընտրությունները շատ կարեւոր էին ամերիկացիների համար: Նախ՝
նշանակալից դեր խաղաց 2001-ի սեպտեմբերի 11-ը, որը շատ մեծ հետք է թողել ամերիկացիների
հոգեբանության վրա: Չեմ ուզում ասել, որ նրանք սարսափած վիճակում էին, բայց՝ շատ
տագնապած էին: Եվ գուցե հենց սա էլ կանխորոշեց ընտրությունների արդյունքը: Ամերիկացիները
գտնում էին, որ իրենց պետք է վճռական գործողությունների ընդունակ նախագահ: Այս կապակցությամբ
ուզում եմ հիշել ամերիկյան քաղաքագետներից մեկի գնահատականը: Վերջինիս հետ հանդիպման
ժամանակ հարցրի՝ ո՞րն է Բուշի եւ Քերիի տարբերությունը: Պրոֆեսորի պատասխանը բավականին
հետաքրքիր էր. «Բուշի ամենաուժեղ կողմն այն է, որ նա վճռական է, թեպետ հաճախ սխալ
որոշումներ է կայացնում, բայց՝ իրականացնում է դրանք: Իսկ Քերիի ամենաուժեղ կողմն
այն է, որ նա Բուշը չէ»: ԱՄՆ-ում երիտասարդության համակրանքը Քերիի կողմն էր, բայց
նույնիսկ նրանք էին նշում, որ թեպետ համակրում են Քերիին, ըստ երեւույթին կհաղթի
Բուշը, որովհետեւ այս պահին ԱՄՆ-ին հարկավոր է վճռական նախագահ: Այդ ընտրությունների
նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորվում էր նաեւ նախորդ ընտրությունների որոշ կասկածելիությամբ:
Ամերիկացիների համար անընդունելի էր, որ աշխարհը մատի փաթաթան էր դարձրել 2000-ի
ընտրությունների կասկածելի լինելը: Այստեղ ես պետք է ասեմ, որ նույնիսկ այդպիսի ավանդույթներ
ունեցող եւ այդպիսի հզոր պետության համար չափազանց կարեւոր էր լեգիտիմության խնդիրը:
Ուրեմն Հայաստանի համար այդ խնդիրը որքան ավելի կարեւոր է, եւ բոլոր մնացյալ խնդիրներն
ածանցյալ են այդ հարցից: – Իսկ շարքային ամերիկացիները մեզ պես կասկածներ
եւ անհանգստություն ունեի՞ն, որ ընտրությունների արդյունքները կարող են պետական մակարդակով
կեղծվել: – Ամերիկացիները շատ բաց են, պարզ են: Իրենք իրենց պրոբլեմների մասին
բաց խոսում են եւ չեն ամաչում դրանից: Միգուցե նրանից է, որ վստահ են, թե կարող են
հաղթահարել այդ խնդիրները: Մեր դեպքում, երբ խոսում ես սխալների եւ թերությունների
մասին, իսկույն ընդդիմությանը դավաճանի պիտակ են փորձում կպցնել՝ իբր կեղտոտ սպիտակեղենը
հանում են դուրս: Իսկ ամերիկացիները ազատ նշում էին բոլոր թերությունները, ասում
էին, որ կեղծիքներ եւ ընտրակաշառք իրենց մոտ էլ են լինում: Օրինակ բերեցին, թե ընտրակաշառք
տալու եւ վերցնելու պահին բռնված մարդիկ ինչպես են պատժվել: Ի դեպ, խախտումների համար
բավականին խիստ պատիժներ են կիրառվում Միացյալ Նահանգներում, ինչը չես ասի մեր մասին:
Օրինակ, մի կին ընտրակաշառք էր վերցրել եւ փորձել էր քվեարկել ուրիշի անվան տակ:
Այդ կնոջը տուգանեցին 5 հազար դոլարով: Իրենց մոտ այս կեղծիքները եզակի եւ անհատական
բնույթի են, ոչ թե մերի պես՝ պետական մակարդակով կազմակերպված: – Իսկ մրցակիցների
հարաբերությունները նմա՞ն են մեր մրցակիցների հարաբերություններին: – Խիստ
տարբեր էր նաեւ դա: Համեմատության համար ասեմ, որ քարոզարշավը շատ բուռն էր: Բոլոր
այն բացասական տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են մեզ մոտ, այնտեղ էլ կան: Պարզապես
մեզ մոտ դա շատ ավելի գռեհիկ եւ կոպիտ ձեւերով է դրսեւորվում: ԱՄՆ-ում, օրինակ, բավականին
ճիշտ էր կազմակերպված հեռուստաբանավեճը, ամենեւին ոչ այնպես, ինչպես մեզանում: Իրենց
մոտ բանավեճն անցկացվում է երեք փուլով: Մինչ դեբատների սկիզբը՝ թեկնածուների նախընտրական
շտաբները պայմանավորվում են, համաձայնեցվում են հարցերը, մոտ 40 էջանոց փաստաթուղթ
է ստորագրվում բոլոր մանրամասներով, ընդհուպ որոշվում է, թե ով է վարելու բանավեճը:
Յուրաքանչյուր բանավեճ տեղի է ունենում կոնկրետ հարցի շրջանակներում: Թեկնածուներն
իրենց կոռեկտ են պահում: Եվ հետո, գուցե մանրուք թվա, բայց, ըստ իս, խիստ
կարեւոր է. ընտրություններից հետո Բուշը իրեն ճիշտ պահեց եւ չհռչակեց հաղթող, քանի
դեռ Քերին իրեն չէր շնորհավորել: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել