Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Նոյեմբեր 20,2004 00:00

ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ Երեկ Շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց հուշամրցաշարը: Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը մի քանի մանրամասներ հաղորդեց: Մրցաշարում հանդես են գալիս 128 շախմատիստ-շախմատիստուհիներ, որոնք ներկայացնում են 8 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Լիտվան, Անգլիան եւ Ավստրալիան: Նրանցից 17-ը միջազգային գրոսմայստերներ են, նույնքանն էլ՝ միջազգային վարպետներ: «Մրցաշարը բաղկացած է երկու խոշոր միջոցառումից,- ասաց Ա. Նիկողոսյանը:- Առաջինը մեկնարկեց այսօր (շվեյցարական մրցակարգ, 9 տուր) եւ կավարտվի նոյեմբերի 27-ին, իսկ երկրորդը՝ արագ շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը, կսկսվի հաջորդ օրը եւ կավարտվի նոյեմբերի 29-ին: Մեզ ուրախացնում է, որ մրցաշարին մասնակցում է մեր ժամանակների ամենաանվանի շախմատիստներից մեկը՝ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Նա Եվրոպայի ներկայիս գործող չեմպիոնն է: Շախմատասերները հիշում են նաեւ, որ նա, գլխավորելով իր երկրի հավաքականը, վերջերս Իսպանիայի Կալվիա քաղաքում նվաճեց նաեւ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Կան նաեւ ճանաչված այլ շախմատիստներ ուրիշ երկրներից: Ինչ վերաբերում է հայաստանցիներին, խաղատախտակի առջեւ են Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ այլք: Չեն մասնակցում Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը: Լեւոնն ու Ռաֆայելը, որքան տեղյակ եմ, իրենց ակումբների կազմում պայմանագրերի պահանջով մասնակցում են Գերմանիայի թիմային՝ Բունդեսլիգայի առաջնությանը, Վլադիմիրը մի այլ մրցաշարի հրավերք ունի եւ օրերս մեկնելու է, իսկ Սմբատը Տիգրան Պետրոսյանի հոբելյանը նշող պետական հանձնաժողովի անդամ է ու խիստ զբաղվածության պատճառով հանդես չի գալիս»: Երեկ կայացած 1-ին տուրում մեզ ավելի հետաքրքիր թվացող պարտիաներում գրանցվել են այսպիսի արդյունքներ. Հակոբյան Գագիկ-Վասիլի Իվանչուկ՝ 0:1, Գրիգորյան Ավետիք-Սարգսյան Գաբրիել՝ 1/2, Գասպարյան Տիգրան-Ասրյան Կարեն՝ 0:1, Մինասյան Արտաշես-Պողոսյան Տիգրան՝ 1:0, Անաստասյան Աշոտ-Ս.Հոսեյնիաթեր՝ 1:0, Հովհաննիսյան Երվանդ-Եղիազարյան Արսեն՝ 0:1, Խառատյան Անահիտ-Դանիելյան Էլինա՝ 0:1, Առաքելյան Արեգ-Մկրտչյան Լիլիթ՝ 0:1, Աղինյան Նելլի-Մինասյան Հայկ՝ 1/2: Այսօր կայանալու է երկրորդ տուրը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել