Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ

Նոյեմբեր 23,2004 00:00

Երեկ
կայացած ՀԱՕԿ-ի հատուկ նիստի աշխատանքներին ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: 2001-2004 թթ. գործունեության
մասին հաշվետվությունով հանդես եկավ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը: Անցած չորս
տարիների ընթացքում ՀԱՕԿ-ը հաջողությամբ ինտեգրվել է ՄՕԿ-ի եւ միջազգային մարզական
կազմակերպությունների գրեթե բոլոր ծրագրերին, ինքն էլ հանդես է եկել նախաձեռնություններով:
Ծավալված գործունեության արդյունքում մոտ 3-4 անգամ ավելացել են ՀԱՕԿ-ի՝ ինչպես ՄՕԿ-ից
ստացվող, այնպես էլ հովանավորների հատկացրած ֆինանսական միջոցները: Մարզաձեւերի ֆեդերացիաները,
մարզչական խորհուրդները 2001 թ. կազմել եւ ՀԱՕԿ են ներկայացրել քառամյա աշխատանքների
ծրագրերը, որոնք հաստատվել են ՀԱՕԿ-ի հատուկ նստաշրջանում: Ազգային օլիմպիական կոմիտեի
խնդիրն էր՝ հնարավորինս աջակցել, օգնել դրանց իրականացմանը: Սակայն կան բազմաթիվ
ֆեդերացիաներ, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա: Շատերն էլ մշտապես սպասողական
վիճակի մեջ են, թե ի՞նչ կտա պետությունը կամ օլիմպիական կոմիտեն: Այնինչ գաղտնիք
չէ, որ ցանկացած երկրում յուրաքանչյուր մարզաձեւի թիվ մեկ պատասխանատուն տվյալ մարզաձեւի
ֆեդերացիան է: Նույնիսկ՝ օլիմպիական խաղերի ժամանակ: Օլիմպիական կոմիտեն ընդամենը
կազմակերպչի դերում է: «Ես գտնում եմ, որ օրենսդրական դաշտում ինչ-որ տեղ
լրացման անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք հստակ կարգավորել ֆեդերացիա-ԱՕԿ-պետական
կառույց հարաբերությունները, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խնդիրներ ունի կատարելու
այս օղակներից յուրաքանչյուրը: Օրինակ, այս տարի ֆեդերացիաները խնդիրներ են ներկայացրել,
որոնք ծախսային առումով կազմում են մոտ 2 միլիարդ դրամ, իսկ պետական բյուջեն ի վիճակի
է կատարել դրա 25 տոկոսը»,- ասաց նա: Խոսելով օլիմպիական խաղերին մասնակցության
մասին՝ Իշխան Զաքարյանը նշեց, որ արդյունքները միանշանակ գոհացուցիչ չեն: Պատճառները
նա բաժանեց երկու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Խորհրդային պետության փլուզումից
հետո սպորտը բավականին երկար ժամանակ գտնվում էր վակուումում, եւ մարզչական կադրերի,
մասնագիտական, մեթոդական լուրջ մոտեցումների առումով հնարավոր չէր լրացնել առաջացած
բացը: Դա միշտ զգացվել է: Երկրորդ, պետությունը անցել է պատերազմական ծանր շրջան
իր բոլոր դրսեւորումներով: Դրա հետեւանքով խաթարվել է բնականոն գործունեությունը
հատկապես տարածաշրջաններում: Հանրապետության 40 քաղաքներից ու քաղաքատիպ ավաններից
այսօր մեծ սպորտին, մասնավորապես՝ Աթենքի խաղերին մեր հավաքականներին թեկնածու տվել
են ընդամենը հինգը՝ Երեւանը, Գյումրին, Վանաձորը, Էջմիածինը եւ Հրազդանը: Նա կրկին
անգամ ընդգծեց, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում մարզադպրոցները տարվա մեջ
շուրջ հինգ ամիս չեն գործում՝ ջուր, ջեռուցում չլինելու պատճառով, որ 1980 թվականից
հետո Հայաստան մարզագույք չի մտել: Սրանք հանգամանքներ են, առանց որոնց առկայության
մեծ ասպարեզներում, առավել եւս՝ օլիմպիական խաղերում, անպայման մեդալներ պահանջել,
ըստ էության, հնարավոր չէ: Դրա համար էլ վերջին երկու-երեք տարիներին կառավարության
հետ միասին իրականացվում է գույքային ծրագիր: Հիմա առաջացել է մեկ այլ կարեւոր խնդիր՝
կապված ՄԴ-ների ջեռուցման, տանիքների նորոգման եւ ընդհանրապես՝ ամենատարրական հարցերի
հետ: Ի. Զաքարյանի խոսքերով՝ ցանկացած մեդալի 50 տոկոսն է մարզչի եւ մարզիկի աշխատանքի
արդյունք: Մյուս կեսը մարզական բժշկությանն է եւ հոգեբանությանը: Երկու խնդիր, որոնցում
«մենք ուղղակի քարե դարում ենք»: Սուբյեկտիվ պատճառներից ՀԱՕԿ-ի նախագահը որպես առաջնային
նշեց այն, որ հավաքականներից շատերում մրցակցություն չեղավ, որպեսզի մարզիկն իրեն
անփոխարինելի չհամարի: Շատ դեպքերում լավ չեն աշխատել մարզչական խորհուրդները: ՀԱՕԿ-ի
նախագահը նկատի առնելով, որ օլիմպիական խաղերում ձախողվելու շուրջ քննարկումները
դեռ չեն ավարտվել, ինչ-որ տեղ ձեռնպահ մնաց վերջնական եզրահանգումներ անելուց՝ դա
թողնելով ապագա օլիմպիական կոմիտեին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց,
որ օրերս կառավարությունում քննարկվել է սպորտում տիրող իրավիճակը եւ որոշակի խնդիրներ
պարզվել են: Առաջինը ֆեդերացիաների աշխատանքն է, որոնց գործունեության արդյունքներով
պետք է գնահատականներ տրվեն, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենայինք: «Ցանկությունները
մի կողմ թողնենք: Իրողությունը ցավալի է,- ասաց նա:- Ակնկալիքները 100 տոկոսով չկատարվեցին:
Ես բազմիցս հանդիպել եմ ֆեդերացիաների ղեկավարների, հավաքականների մարզիչների հետ:
Բոլորից հավաստիացումներ էինք ստանում, որ ամեն ինչ լավ է, որ եթե ինչ ասում ենք,
դրա կեսն էլ բերենք, էլի շատ լավ կլինի: Մենք փորձում ենք պարզել, թե պետությունը,
կառավարությունը ի՞նչ մասնակցություն է ունեցել ու ի՞նչ չի արել: Մենք ուզում ենք
նախ մեր բաժինը պարզել, հետո անդրադառնալ ֆեդերացիաներին, որպեսզի հաջորդ օլիմպիադայում
այսպիսի իրավիճակի մեջ չընկնենք: Առաջին հերթին պետությունը մարզական բժշկության
եւ հոգեբանության բնագավառում մատը մատին չի տվել: Այդ բացը կփորձենք լրացնել մինչեւ
2008 թվականը: Երկրորդ՝ ամենակարեւոր խնդիրը բազաներն են, նորմալ պայմաններ ստեղծելը:
Մեր նպատակն է երեք տարվա ընթացքում բոլոր շրջկենտրոններում վերականգնել այն մարզադպրոցները,
որոնք պետք է բազա ստեղծեն հետագայում մեր մարզիկների բանակը լրացնելու համար: Սրանք
պետության գործերն են, եւ պետությունը կփորձի դրանք կատարել: Բայց այն խնդիրները,
որ պետք է կատարեն ֆեդերացիաները, օլիմպիական կոմիտեն, պետությունը դրանք չի լուծում,
ընդամենը աջակցում է: Ֆեդերացիաները տնտեսվարող սուբյեկտ են եւ պետք է զբաղվեն բիզնեսով,
ինչպես ընդունված է աշխարհում: Ամենուր ֆեդերացիաներն իրենք են ստեղծում իրենց դպրոցները,
աճեցնում իրենց կադրերը: Մենք առայժմ կշարունակենք աջակցությունը մանկական սպորտին,
ֆիզկուլտուրային՝ մինչեւ ֆեդերացիաները կարողանան իրենց տեղը գտնել մարզական բիզնեսի
դաշտում»: Վերջում կազմակերպվեց ՀԱՕԿ-ի նոր նախագահի ընտրություն: Միաձայն
ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, ՀԱՕԿ-ի
առաջին փոխնախագահ եւ գլխավոր հովանավոր Գագիկ Ծառուկյանը: Շնորհակալություն հայտնելով
վստահության համար՝ Գ. Ծառուկյանը նշեց, որ ինքը առաջնային համարում է կադրերի ճիշտ
ընտրությունը: Նա խոստացավ առաջիկայում այցելել հանրապետության մարզեր, տեղում ծանոթանալ
ոլորտի մարդկանց, բազաների վիճակին, զբաղվել նախ պայմաններ ստեղծելով ու հետո անպայման
պահանջել արդյունավետ աշխատանք: Ու որպես ժամկետ հայտարարեց 2007 թվականը: Եթե մինչ
այդ հայաստանցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կայուն մեդալներ
չնվաճեն, Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ կարելի է նաեւ դրսից մարզիկներ հրավիրել,
որպեսզի Հայաստանի դրոշը մշտապես բարձրացվի՝ ի նշան հաղթանակների: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել