Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿԸ

Նոյեմբեր 23,2004 00:00

ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼԸ ԾՈՒՂԱԿ ԿԼԻՆԻ Արդարադատության միջազգային դատարան դիմելու առաջարկի վերաբերյալ ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: – ԵԽԽՎ Ստրասբուրգի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանային հարցերով պատասխանատու Դոսսոն նշել էր, թե Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը հաստատել է, որ «Ադրբեջանի տարածքի զգալի մասը գրավված է Հայաստանի կողմից» եւ հունվարյան նստաշրջանում կընդունվի հետեւյալ սկզբունքը՝ «այն, ինչ կատարվել է Ղարաբաղում, «Սահմանների անձեռնմխելիության մասին» միջազգային օրենքի ոտնահարում է, հետեւաբար գրավող պետության, այսինքն՝ Հայաստանի կողմից պարտավորությունների խախտում»: Ձեզ համար այս շրջադարձը կանխատեսելի՞ էր: – Կարծում եմ, կանխատեսումները պետք է արվեն փաստերի հիման վրա: Եթե սա իմ իմացած Դոսսոն է, որը նախկինում ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի քարտուղարության աշխատակից էր եւ որպես այդպիսին՝ աջակցում էր Թերի Դեւիսին իր զեկույցի նախագիծը պատրաստելու ընթացքում, ապա, կարծում եմ, տրամաբանական կլիներ, որ եթե նման առաջարկ կար՝ հենց այդ ժամանակ մտցվեր զեկույցի նախագծի մեջ: Նման գաղափար չի հնչել ո՛չ նախորդ, ո՛չ այս նախագծի քննարկումների ժամանակ ընդհանրապես որեւէ մեկի կողմից: Կարծում եմ, որ նման պաշտոնյան բացարձակապե՛ս իրավունք չունի անելու նման հայտարարություններ, քանի որ, ուզում եմ հիշեցնել, անգամ Աթկինսոնի ներկայացրած զեկույցը, բանաձեւը եւ առաջարկությունները դեռեւս նախագծեր են եւ միայն քաղաքական հարցերի հանձնաժողովն է քննարկել դրանք: Այնպես որ՝ կարծում եմ, բացարձակ անհիմն հայտարարություն է այն, ինչ ասել է պրն Դոսսոն, թե Աթկինսոնի զեկույցը հաստատել է, որ կատարվել է այս կամ այն: Որեւէ պատգամավորի զեկույց չի կարող ինչ-որ բան հաստատել կամ չհաստատել՝ այն անձի կարծիք է: – Այն այլեւս նաեւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի կարծիքն է: – Այո՛, անշուշտ: Բայց՝ ոչ վերջնական կարծիքը: Ուստի կրկնում եմ՝ նման պաշտոնյան ընդհանրապես չուներ նման հայտարարություններ անելու իրավունք: Սա նշանակում է, որ այս անձը փորձում է որոշակիորեն ազդել նախագծի հետագա քննարկումների վրա. մի բան, որ բացարձակապես անհամատեղելի է եվրոպական կառույցների պաշտոնյաների, առավել եւս՝ նման պաշտոնյաների կարգավիճակի հետ: – Դուք բացառո՞ւմ եք, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում իրոք կարող է հայտնվել այդ հարցը, թե ԼՂ հարցում Հայաստանը խախտել է իր պարտավորությունները: – Ես չեմ կարող բացառել որեւէ առաջարկ՝ ոչ հունվարին, ոչ հետո: Ցանկացած պատգամավորի իրավասությունն է անել ցանկացած առաջարկ ներկայացված բանաձեւի եւ առաջարկությունների նախագծի վերաբերյալ: Սակայն այլ խնդիր կա. որեւէ համաձայնագիր կամ օրենք խախտելու առնչությամբ, համոզված եմ՝ ո՛չ նման պաշտոնյաները կարող են տալ փորձագիտական եզրակացություն, ո՛չ էլ խորհրդարանական վեհաժողովը՝ դրա համար կարիք կա մասնագիտական եզրակացության: – Երբ սեպտեմբերին էլ հնչեց Թերի Դեւիսի զեկույցը, մեր պաշտոնյաները, նաեւ՝ Դուք, բազմիցս հավաստիացնում էիք, թե այն չունի իրավական ուժ, չի ունենա որեւէ ազդեցություն, հաջորդ զեկուցողը կօգտվի կամ չի օգտվի այդ փաստաթղթից: Սակայն Աթկինսոնի զեկույցն արդարացրեց այն բոլոր մտավախությունները, թե նա ուղղակի կկրկնի Դեւիսին: – Ճշգրտումների կարիք կա. նախ, ես երբեք չեմ բացառել, որ Աթկինսոնն ամբողջությամբ կամ մասնակիորեն կօգտագործի այդ զեկույցը: Ես, այո՛, ասել եմ, որ Դեւիսի զեկույցն այլեւս չունի իրավական ուժ, այն արխիվային փաստաթուղթ է, որից Աթկինսոնը կարող է օգտվել այս կամ այն չափով: Եվ ամենակարեւորը՝ նաեւ ասում էի, թե ոչ թե անընդհատ պետք է հետ նայել եւ գնահատականներ հնչեցնել, որոնք ոչ մի արժեք չունեն ներկայի եւ ապագայի համար, այլ արձանագրելով սա իբրեւ արխիվային փաստաթուղթ եւ հաշվի առնելով դրա բովանդակությունը՝ պետք է աշխատել այսօրվա եւ վաղվա համար: Սակայն, դժբախտաբար, մեր իրականության մեջ այն պատկերն է, որ մարդիկ հաճախ չեն անցնում խոսքերից, մտավախություններից ու գուշակություններից այն կողմ: Մինչդեռ արդյունքը մտավախություններով չէ, որ ապահովում են, այլ աշխատանքով: Բայց ես, անկեղծ ասած, շատ հաճախ եմ տեսնում, որ մարդիկ խուսափում են աշխատանքից, սակայն դա փորձում քողարկել ուղղակի օդ կրակելով: – Այնուամենայնիվ, մտավախությունները մնում են, որ ինչպես Դեւիսի արխիվային փաստաթղթի շուրջ հայտարարությունների պարագայում էր՝ այժմ էլ հասարակական կարծիքը կհանգստացվի նման պնդումներով, թե Դոսսոն այն պաշտոնյան չէ, որ իրավասու է հայտարարություններ անել ԼՂ հարցի քննարկման շուրջ, իսկ հունվարյան նստաշրջանում կհայտնվենք կատարված փաստի առջեւ: – Ես որեւէ անգամ չեմ փորձել հանգստացնել հասարակական կարծիքը, եւ դրա կարիքն էլ չկա: Ճիշտ հակառակը՝ միշտ կոչ եմ արել աշխատել, որ ունենանք մեզ վերաբերող այնպիսի փաստաթղթեր, որոնք առավել բարենպաստ կլինեն Հայաստանի համար: Ինքս էլ այն փաստաթղթերի հետ կապված, որոնք իմ լիազորությունների շրջանակում են, կարծում եմ՝ լիովին արել եմ այն, ինչ հնարավոր է, ինչ-որ տեղ՝ նաեւ անհնար: Դա են վկայում Հայաստանին վերաբերող 3 բանաձեւերը, որ ընդունվել են 2004-ին: – Մեկ այլ մտավախություն էլ կա, թե բանաձեւի նախագծում պարունակվող «Վեհաժողովն առաջարկում է, որ եթե Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները ձախողվեն, ապա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մտածեն Արդարադատության միջազգային դատարանն օգտագործելու մասին» ձեւակերպումը ծուղակ է մեր երկրի համար, քանի որ եթե անգամ Հայաստանը չօգտվի այդ առաջարկից՝ դրանից կօգտվի Ադրբեջանը: – Խնդրի՝ մեր կողմից իրավական ապահովվածության մասին Հայաստանը բազմիցս արել է հայտարարություններ: Այս առումով՝ դատարան դիմելու տարբերակը արմատապես մերժե՛լը հենց ծուղակ կլինի Հայաստանի համար: Այս դատարանը յուրահատկություն ունի՝ կողմերն այնտեղ գնում են փոխադարձ համաձայնությամբ: Այսինքն՝ միայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դիմել Արդարադատության միջազգային դատարան. նման հայցը պարզապես չի ընդունվի վարույթ: Սակայն, անշուշտ, բանաձեւի նախագծի այդ կետն անընդունելի է՝ առաջին հերթին այն առումով, որ, կարծում եմ՝ իսկապես ոչ կոռեկտ ձեւակերպում է պարունակում Մինսկի խմբի նկատմամբ: Այս ոչ կոռեկտության խնդիրն առաջին հերթին պետք է հետաքրքրի հենց Մինսկի խմբի համանախագահողներին, որոնք, իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ արձագանքեն այս նախագծին: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել