Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԵԼ

Նոյեմբեր 24,2004 00:00

ՊԱՏԺԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԵՎ ՉՏԱՆԵԼ «ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ» Իշխանամետ պատգամավորները երեկ որոշում էին, թե ինչպես է պետք պատժել ԱԺ նիստերը բոյկոտող իրենց ընդդիմադիր գործընկերներին: ԱԺ-ում երեկ քննարկվեց «Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Թվում է՝ չկա որեւէ արտառոց բան, երբ օրենսդիր մարմինը քննարկում է սեփական գործունեությունը կարգավորող օրինագիծ: Բայց արտառոցն այն էր, որ նոր Կանոնակարգի քննարկումները սկսվեցին գործող Կանոնակարգի խախտումով. վաղ առավոտյան քվորումի բացակայության պայմաններում ազգային երեսփոխանները սկսեցին եւ կիսադատարկ դահլիճում քննարկեցին ԱԺ Կանոնակարգ-օրենքը: Սա եւս արտառոց չէր թվա, եթե պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը՝ իր հերթին, ՕԵԿ խմբակցության անդամները՝ իրենց հերթին, ժամանակ առ ժամանակ իրենց հիացմունքը չարտահայտեին խորհրդարանի ակտիվ աշխատանքի վերաբերյալ։ Սակայն ցանկացած օրինագծի քննարկումից հետո խորհրդարանի բնականոն աշխատանքի դեպքում բոլոր խումբ-խմբակցությունները ելույթ էին ունենում. երեկ միայն ՄԱԿ խմբակցությունը ասելիք ուներ, մյուսները համերաշխորեն լքել էին դահլիճը: Քննարկումների ժամանակ վկայակոչվեց միջազգային փորձը: Միացյալ Նահանգներում կա օրենք, ըստ որի՝ Կոնգրեսի աշխատանքներին իրենց բացակայությամբ խոչընդոտող պատգամավորներին կարող են «բերման ենթարկել» Կոնգրեսի հատուկ կատարածուները: Պատկերացնո՞ւմ եք, թե մեզանում ինչ կկատարվեր, եթե խորհրդարանը մշտապես «բոյկոտող» մի քանի օլիգարխ- պատգամավորների ԱԺ կատարածուն «բերման ենթարկեր» խորհրդարան: Իսկ Մեծ Բրիտանիայում ավելի վատ է, օրինակ՝ պատգամավորին կարելի է ազատազրկման դատապարտել խորհրդարանի աշխատանքներին չմասնակցելու մեղադրանքով: Մեր երեսփոխաններին նման բաներ, իհարկե, չեն սպառնում: Կանոնակարգի փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ընդդիմադիր երկու խմբակցություն («Արդարություն» եւ «Ազգային միաբանություն») բոյկոտեցին ԱԺ աշխատանքները: Կոալիցիոն քաղաքական ուժերը ժամանակին հայտարարեցին, որ ուզում են նախ՝ կանոնակարգել բոյկոտը եւ հետո միայն անդրադառնալ իրենց ընդդիմադիր գործընկերների բոյկոտին: Այսինքն՝ Կանոնակարգի փոփոխությունների անհրաժեշտությունը սրանից էր բխում: Սակայն երեկ պարզ դարձավ, որ փոփոխություններում բոյկոտը ամենեւին էլ չի կանոնակարգվել: Այս հարցին առնչվող միակ կետում ավելացել է այն, որ խորհրդարանի քվեարկությունների 1/3-ից բացակայելու դեպքում պատգամավորին չի թույլատրվում ընդգրկվել պատվիրակությունների կազմում: Այսինքն՝ ընդամենը արգելվում է արտասահմանյան «շրջագայությունների» մեկնել: Այս դրույթը անընդունելի էր «Ժողպատգամավոր» խմբի, մասամբ՝ ՄԱԿ-ի, նաեւ այլ պատգամավորների կողմից: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է կոալիցիան մտցրել այդ կետը՝ լավ իմանալով, որ այն չի ընդունվելու: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը նկատեց, որ ժողովրդավարական երկրների համար խիստ անընդունելի կլինի, եթե Հայաստանի պատվիրակություննեում ընդդիմության ներկայացուցիչները ընդգրկված չլինեն: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը առաջարկեց հիշել, թե ինչի՞ համար էր հարկավոր փոփոխություններ կատարել. «Պետք էր վերլուծել այն պատճառները, որոնք հասցրին քաղաքական ճգնաժամի, եւ որը բերեց ընդդիմության կողմից ԱԺ աշխատանքների բոյկոտմանը: Եթե հիշում եք, դա այն օրենսդրական նախաձեռնության, արհամարհում բառը չասեմ, բայց՝ օրակարգ չմտցնելն էր, որի վերաբերյալ ընդդիմությունը իր բողոքն արտահայտեց քաղաքական եղանակով»: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ կարիք չկա Կանոնակարգում հեղափոխական փոփոխություններ կատարել: Իսկ գործող Կանոնակարգը, ըստ Տիգրան Թորոսյանի, վաղուց սահմանել է բոյկոտը: Սակայն թերեւս կարիք կա, որ խմբակցության ղեկավարը հայտարարություն անի այն մասին, որ տվյալ ուժը կամ պատգամավորը բոյկոտում է քվեարկությունը: Մյուս կողմից պարոն Թորոսյանը գտնում է, որ տեղին չէ մեկ նստաշրջանից բացակայելու համար քաղաքական բոյկոտի մասին հայտարարություն անել, քանի որ պարզ չէ, թե հետո ինչ է լինելու: Բոյկոտող պատգամավորներին պատվիրակությունների կազմում չընդգրկելուն եւս ԱԺ փոխնախագահը դեմ էր. «Այդ խնդիրները լուծվում են խումբ-խմբակցությունների ղեկավարների առաջարկով: Եկեք արհեստական մեխանիզմներ չստեղծենք: Խորհրդարանում կան լուրջ խնդիրներ, բայց դրանց լուծման բանալին ոչ թե Կանոնակարգում փոփոխություններ անելն է, այլ կուսակցությունների աշխատանքի վերանայումը: Ի վերջո մեզ այստեղ ուղարկել են օրենքների նախագծերի վրա աշխատելու եւ ոչ թե Կանոնակարգ փոխելու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել