Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոսը, Նժդեհն ու վերաքննիչը

Նոյեմբեր 25,2004 00:00

Շենգավիթի
թաղապետարանի դիմաց գտնվող նախկին մեքենաշինական տեխնիկումի շենքը այլեւս արդարադատություն
իրականացնող մարմինն է: Վերակառուցումից հետո այստեղ կտեղակայվեն երեք՝ ՀՀ
քրեական եւ զինվորական գործերով, ՀՀ քաղաքացիական գործերով եւ ՀՀ տնտեսական գործերով
վերաքննիչ դատարանները: Ըստ «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանի,
վերոնշյալ շենքային համալիրի վերակառուցման նպատակով ծախսվել է մոտ $1 մլն 300 հազար,
կարգի բերվել 8,500 քմ տարածք: Որքան էլ տարօրինակ է, վերաքննիչի շենքի առջեւ…
Հիսուս Քրիստոսի քանդակն է տեղադրված: «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ի տնօրենը
տեղեկացրեց, որ վերակառուցվող շենքային համալիրին ոչ համահունչ արձանը Շենգավիթի
թաղապետարանը հրաժարվել է ապամոնտաժել: Այնպես որ, 3 դատարանների շուրջ 50 դատավորներ
այսուհետեւ ստիպված է լինելու վճիռներ կարդալ Վերին դատավորի՝ Հիսուսի աչքի առաջ:
Վերաքննիչի առջեւ տեղադրված Հիսուսի քանդակի կապակցությամբ Շենգավիթի թաղապետարանի
քարտուղար Արբակ Աբրահամյանը պարզաբանեց. «Երկու տարի առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում
անցկացվել է երիտասարդ քանդակագործների մրցույթ, որտեղ Հիսուս Քրիստոսի արձանը լավագույնն
է ճանաչվել: Երեւանի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ խորհուրդ
է տվել քանդակը (հեղինակին պրն Աբրահամյանը դժվարացավ հիշել- Գ. Հ.) տեղադրել այդ
շենքի առջեւ: Շինարարական աշխատանքների ընթացքում այն հանվել էր, սակայն այժմ նորից
իր տեղում է»: Թաղապետարանի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ Հիսուսը առաջիկայում
հարեւան կունենա Գարեգին Նժդեհին: Ա. Աբրահամյանն ասաց, որ Շենգավիթի թաղապետարանը
վաղուց հայտարարել է Նժդեհի քանդակի բաց մրցույթ, «թող մասնակցի՝ ով ուզում է, թեկուզ
Ինդոնեզիայից»: Նրա համոզմամբ՝ Նժդեհն ու Հիսուսը իրար բնավ չեն խանգարի: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել