Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑՎԱԾ, ԲԱՅՑ ՉՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ

Նոյեմբեր 26,2004 00:00

«Վեց ամսում վեց լումայի պարտք չունենք»:
Պետբյուջեի գերազանց կատարողականի մասին վկայող Վարդան Խաչատրյանի արդեն թեւավոր
դարձած այս արտահայտությունը, այնուամենայնիվ, իրականությունից մի քիչ տարբերվում
է: Պարզվում է, պետբյուջեով նախատեսված, բայց չկատարված ծախս կա. խոսքը կոոպերատիվ
անավարտ բնակարանների սեփականատերերի գումարների փոխհատուցման մասին է: Հիշեցնենք,
1990-ականների սկզբներին պետության կողմից փորձ արվեց բնակարանային խնդիրը լուծել
«կոոպերատիվ բնակարանաշինության» միջոցով, եւ շինարարական կազմակերպությունները Երեւանի
շրջանային գործկոմների հետ համատեղ այդ նպատակով գումարներ էին հավաքում՝ պարտավորվելով
բնակարաններ տրամադրել: Սակայն հազարավոր մարդիկ չնայած ժամանակին գումար են տրամադրել՝
աչքի տակ ունենալով պետության երաշխիքը, այնուամենայնիվ, այսօր առանց բնակարանների
են: Դեռեւս 2000 թվականի օգոստոսի 2-ին կառավարությունը որոշեց այդ գումարները որպես
պետական պարտք ձեւակերպել եւ փոխհատուցման մասին կարգ սահմանեց: Սակայն այսօր խախտված
է եւ կարգը, եւ ժամանակացույցը: Օրինակ, նախատեսված էր, որ այս տարի բնակարանաշինական
մի շարք կոոպերատիվների փայատերերին փոխհատուցման նպատակով կտրամադրվի 400 միլիոն
դրամ: Սակայն այդ գումարն այս տարի չի տրամադրվի, ինչպես չտրամադրվեց 2003 թվականի
համար նախատեսվածը: Մերժում են ստանում փայատերերի՝ թեկուզ բնակարանի դիմաց հողակտորի
հատկացման խնդրանքները՝ «կարող եք մասնակցել քաղաքապետարանի կազմակերպած աճուրդներին»
հորդորներով: Իսկ աճուրդներին փայատերերը չեն կարող մասնակցել, որովհետեւ նախ փոխհատուցելիք
գումարով հողակտոր ձեռք չես բերի, երկրորդ՝ գումարները դեռեւս տրամադրված չեն: Կառավարության
որոշմամբ նախատեսված էր, որ 2007 թվականին պետության պարտքն ամբողջովին մարված պետք
է լիներ, սակայն եթե հաշվի առնենք, որ արդեն երկու տարվա համար սահմանված գումարներն
այդպես էլ չեն հատկացվել, ապա կարելի է ենթադրել, որ փոխհատուցումը ժամանակին չի
կատարվի: «Առավոտը» մի քանի այսպիսի կոոպերատիվների փայատերերից բողոքներ է ստացել,
իսկ «Բնակկոոպ-45»-ի փայատերերից մեկը պատրաստվում է դատարան դիմել, պարզելու, թե
«կառավարության հատկացրած երկու տարվա գումարներն ում ձեռքով են օքսիդացել»: Ի դեպ,
«Բնակկոոպ-45»-ի կողմից կառուցվելիք շենքի տեղը մինչեւ հիմա էլ զբաղեցված չէ: Նույն
անորոշության մեջ են «Երեւանշին», «Շինարար», «Եթեր», «Լոկոմոտիվ», «Սիս», «Պետպլան»
եւ մյուս կոոպերատիվների փայատերերը: Իսկ գումարները, մեր տեղեկություններով,
իրականում ոչ թե «օքսիդացել» են, այլ չեն հատկացվել, որովհետեւ փաստաթղթային հիմնավորումների
խնդիրներ են առաջացել պետական մի շարք մարմինների հետ. նախ քաղաքապետարանում, ապա
բանկում եւ այլն: Կառավարության այս որոշման կատարումն ու վերահսկողությունը վերապահված
է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Միայն կարգի մշակումը շուրջ երկու տարի
է տեւել: Երեկ նախարարությունից պարզաբանեցին միայն, որ «անավարտ շինարարության բնակշինարարական
կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրված միջոցների դիմաց առաջացած պետական
պարտքի փոխհատուցման հարցը պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 12.03.2002թ. թիվ
229 որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն եւ ՀՀ կառավարության 2000թ. օգոստոսի
2-ի N 432 որոշման 7-րդ կետով պահանջվող փաստաթղթերի առկայության պայմաններում, որոնք
դեռեւս ապահոված չեն»: Մեր տեղեկություններով՝ հաջորդ տարվա համար ընդամենը
60 միլիոն դրամ է հատկացվել: Մինչդեռ, ենթադրվում էր, որ տարեցտարի գումարները պետք
է ավելանային: Այսպիսով, նախատեսված, բայց չհատկացված միլիոնները չեն գումարվել 2005-ի
բյուջեին: Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա է ծախսվել այս տարվա համար նախատեսված 400 միլիոնը:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆՀ. Գ. Կոոպերատիվների
չփոխհատուցված փայատերերն ակնհայտորեն ակտիվանում են: Երեկ մի խումբ «փայատերեր»
կառավարության շենքի առջեւ ցույց էին անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930