Լրահոս
Օրվա լրահոսը

Հողի

Նոյեմբեր 27,2004 00:00

Հողի կռիվն ավարտվե՞ց Մեր լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ, վերջերս լուծվել են Գյումրի եւ Ազատան համայնքների միջեւ ծագած հողային վեճերը: Իսկ այն, ինչպես հայտնի է, սկսվել էր Գյումրիի գլխավոր հատակագծի մշակումից հետո, երբ ազատանցիները պարզել էին, որ իրենց «պապական հողերից» մի հատված՝ տվյալ դեպքում Գյումրի օդանավակայանը՝ իր բնակելի տարածքով, ընդգրկվել է Գյումրիի վարչական սահմանների մեջ: Նույն աղբյուրների պնդմամբ, վեճում հաղթող է դուրս եկել Գյումրիի քաղաքապետը. կառավարության ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ Ազատանի համայնքապետը այս հարցի կապակցությամբ տվել է իր բանավոր համաձայնությունը: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ Ազատանի համայնքապետը, իրոք, տվել է իր համաձայնությունը՝ խոստանալով ավագանու նիստ գումարել ու հարցը վերջնականապես լուծել: Սակայն Ազատանի համայնքապետի տեղակալ Ռոբերտ Չարխիֆալակյանը հարցի լուծման նման տարբերակը բացառեց: Նրա ասելով, մոտ մեկ ամիս առաջ մարզպետարանը իրենց պարտադրել էր վերջնական պատասխան տալ, իրենք էլ ավագանու նիստ են գումարել ու որոշել Գյումրիին հանձնել միայն բնակելի թաղամասը, բոլորին հայտնի Արեւելյան թաղամաս անունով: Պաշտոնյան վստահեցրեց, որ օդանավակայանի տարածքը նվիրելու մասին խոսք անգամ չի եղել: Իսկ եթե իրենք բնակելի թաղամասը հանձնել են Գյումրիին, ապա հաշվի են առել գյումրեցիներով բնակեցված լինելու հանգամանքը: Վերջիններս, ի դեպ, ոչ մի կերպ համաձայն չէին Ազատանի գրանցում ունենալուն: Չնայած նրանցից շատերը երկրաշարժից հետո անօթեւան մնալով՝ ազատանցիների բնութագրմամբ «ինքնագլուխ ձեւով» տներ էին կառուցել իրենց համայնքի տարածքում: Ըստ Ռոբերտ Չարխիֆալակյանի, եթե ազատանցիները բնակելի թաղամասը նվիրել են, ապա դա մեծահոգությունից դրդված են արել՝ թեթեւացնելով անօթեւանների խնդրով զբաղվող Գյումրիի քաղաքապետարանի հոգսը: Չնայած՝ ազատանցի պաշտոնյան չմոռացավ շեշտել, որ իրենց տարածքում պալատներ կառուցած գյումրեցիների 90 տոկոսը նմանատիպ պալատներ ունի նաեւ սեփական քաղաքում: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը ազատանցիների այս որոշումը համարեց հարցի նկատմամբ «ամբիցիոզ վերաբերմունք», եւ կարծում է, որ ամբողջ կռիվը «մի քանի կոպեկի», այսինքն Ազատանի բյուջե գնացող հողի հարկի համար է: Իմիջիայլոց, մի ժամանակ էլ ազատանցիներն էին նույն բառերով մեղադրում գյումրեցիներին: Հրայր Կարապետյանը հավաստիացրեց, որ իրենք Ազատանի բերրի հողատարածքների վրա բացարձակապես աչք չունեն, այլ քաղաքի շահերից ելնելով՝ անհրաժեշտ է միայն օդանավակայանը: «Այդ ինչպե՞ս է, որ օդանավակայան գնացող ճանապարհը Գյումրիինն է՝ մենք մեր համայնքի միջոցներով պիտի կառուցենք ու լուսավորենք, իսկ օդանավակայանը մերը չէ», -ասում է պաշտոնյան: Իսկ բնակելի թաղամասի հանձնումը վերջինս շատ բնական է ընդունում՝ ասելով, որ բնակելի շենքերը 80-ականներին կառուցվել են Լենինականի քաղսովետի միջոցներով՝ հատուկ օդանավակայանում աշխատող լենինականցիների համար: Իսկ թե ինչպես են հարցի լուծումը պատկերացնում մարզպետարանում, քաղաքաշինության վարչությունից ընդամենը պատասխանեցին. «Բանավոր համաձայնություն դեռ չի նշանակում գրավոր, մինչեւ հերթը հասնի գրավորին, հազար տեսակի փոփոխության կենթարկվի»: Մեր տեղեկություններով, Գյումրի-Ազատան անորոշ հարաբերությունները քաղաքի գլխավոր հատակագծի հաստատմանը խանգարող միակ խնդիրը չէ, առաջ են եկել այլ անճշտություններ եւս, որոնց կանդրադառնանք առաջիկայում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել