Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն

Նոյեմբեր 27,2004 00:00

Ադրբեջանցիներն ապակողմնորոշում են աշխարհին Ադրբեջանական քարոզչությունն ակտիվ է, բայց՝ անարդյունք. այս փաստը եւս մեկ անգամ ապացուցվեց նոյեմբերի 15-19-ը ՀՀ եւ օտարերկրյա երիտասարդության հարցերով զբաղվող կազմակերպությունների շուրջ 20 ներկայացուցիչների՝ Արցախ կատարած այցելության ժամանակ: Այս առիթով երեկ մամլո ասուլիս էր հրավիրել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը: Միջազգային ճանաչողական այս այցը կրում էր «Երիտասարդական աշխատանքը հակամարտությունների տարածաշրջանում. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ մասնակցություն» խորագիրը: Ա. Սինանյանը նշեց, որ հիմնադրամը այս այցին մասնակցելու համար ավելի քան 90 հայտ է ստացել: Սակայն ընտրվել են 5 ՀՀ եւ 11 օտարերկրյա ներկայացուցիչներ. «Քանի որ այցը ճանաչողական էր, հիմնականում ընտրեցինք այլազգիներին: Բացի այդ, փորձեցինք ընտրել ավելի ծանրակշիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք իրենց խոսքն ունեն եվրոպական երիտասարդական կազմակերպություններում»: Ադրբեջանի կողմից բարձրացված հերթական հիստերիայի պատճառով դժվարություններ են առաջացել կազմակերպչական հարցերում: Ադրբեջանական կազմակերպությունները օգտագործել են կապի բոլոր միջոցները, հատկապես ինտերնետը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասին ահասարսուռ պատկերներ ստեղծեն: Նրանք նույնիսկ ինտերնետային նամակներ են ուղարկել այցելության համար հայտ ներկայացնողներին, նշելով, որ Արցախը թմրադեղերի իրացման հզոր գոտի է եւ, բացի այդ, այստեղ օրեցօր զարգանում է մարդկային օրգանների վաճառքը եւ այլն: Ա. Սինանյանն ասաց, որ շատերը հայտը լրացնելուց հետո եւս մեկ անգամ փորձել են համոզվել իրենց անվտանգության մեջ: Սակայն Արցախ հասնելուն պես երիտասարդները համոզվել են, որ ադրբեջանական կողմի քարոզչությունն ամբողջովին սուտ է: Եվ անգամ գիշերով կարելի է անվտանգ շրջել Արցախի փողոցներով: Այցի վերաբերյալ երիտասարդ կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է զեկույցներ պատրաստեն, որոնք, ըստ Ա. Սինանյանի, հետագայում Արցախի այցեքարտն են դառնալու արտասահմանում: Զեկույցները տպագրվելու են անգլերեն եւ հայերեն: Ի դեպ, մեր հյուրերից ոմանք եղել էին նաեւ Ադրբեջանում, եւ ղարաբաղյան այս այցը նրանց համար լավ հնարավորություն էր՝ իրենց հոդվածներում համեմատություն անցկացնելու: Սինանյանի կարծիքով, ադրբեջանական քարոզչությունը շատ ավելի ուժեղ է, քան հայկականը. «ԱՄՆ-ում առկա են այնպիսի գրքեր, որոնք Արցախը որպես չափազանց վտանգավոր գոտի է ներկայացնում: Իսկ այս այցելությունը, ինչպես նաեւ զեկույցները, շատերին կհամոզեն, որ Հայաստան գալով կարող են այցելել նաեւ Արցախ եւ, ինչու չէ, տուրիստական խմբերի հանգիստ կազմակերպեն»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել