Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ն

Դեկտեմբեր 08,2004 00:00

ՄԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱԺ-ն երեկ քննարկեց կոալիցիայի նախաձեռնությունը «Կուսակցությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնցից ամենակարեւորը հետեւյալն է. «Պետական գրանցման պահից հետո ոչ ուշ, քան 1 տարի հետո կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ, ընդ որում՝ ՀՀ յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ եւ տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ՝ Երեւանում, որի մասին գրավոր ծանուցում է պետական լիազորված մարմնին»: Օրինագծի այս դրույթի ամենախիստ քննադատությամբ հանդես եկավ ՄԱԿ խմբակցությունը, որի ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե դեմ են քվեարկելու այս նախաձեռնությանը: Ըստ նրա՝ այս օրենքը կարող է «վերածվել քաղաքական կյանքի վերահսկման պետական գործիքի»: ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրեց, թե հիմնական չափորոշիչը, թե արդյոք կուսակցությունն ունի՞ գոյության իրավունք՝ պետք է լինի ընտրողների աջակցությունը, այլ ոչ թե նրա թվաքանակը: Նաեւ նշեց, որ ժողովրդավարական երկրների մեծ մասում չկան կուսակցությունների անդամների թվաքանակի վերաբերյալ պահանջներ. «Ամրագրված անդամակցությամբ կուսակցություններ գոյություն ունեն, որպես կանոն, փակ հասարակություններում, որոնցում պետությունը միշտ հակված է վերահսկել եւ կարգավորել կուսակցական շինարարությունը»: Եվ ըստ նրա՝ փոխանակ պարզեցնենք քաղաքացիների մուտքը քաղաքական կյանք՝ «ստանում ենք դրա զգալի բարդացում (եւ թանկացում)», բացի այդ՝ «տեղի կունենա քաղաքական կյանքի զգալի բյուրոկրատացում»: ՄԱԿ-ն առաջարկեց հրաժարվել նման նախաձեռնություններից. «Հայաստանում նույնիսկ ամենաակտիվ հասարակական լայն շերտերն առայժմ ի վիճակի չեն ամբողջությամբ ո՛չ ձեւավորել, ո՛չ պաշտպանել իրենց շահերը իշխանությունում: Բացառություն է կազմում վարչական եւ տնտեսական վերնախավի մի նեղ շերտ, որը ոչ միայն հստակ ներկայացնում է իր շահերը, այլեւ ի զորու է շահախնդիր կերպով ներկայացնել դրանք իշխանության մեջ: Նման իրավիճակում քաղաքացիների շահերի՝ իշխանությունում ներկայացման ցանկացած սահմանափակում կխոչընդոտի խոշոր սոցիալական խմբերի շահերի կազմավորման եւ պաշտպանության գործընթացին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել