Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՏԵՍԵԼ Է

Դեկտեմբեր 08,2004 00:00

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՏԵՍԵԼ Է 2005 թվականի պետբյուջեի նախագիծը, պարզվում է, անտեսել է Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջը: Այս պահանջը սահմանված է պետական մարմինների գործունեության թափանցիկությունը ապահովելու նպատակով: Ըստ այդմ, պետբյուջեում պետք է միջոցներ նախատեսվեին պետական կառավարման մարմինների համար՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հրապարակման եւ տրամադրման նպատակով: Եկող տարվա պետական բյուջեն, սակայն, որ գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարիների պետական բյուջեներից, ինչպես նաեւ սոցիալական ուղղվածության ծախսերի նկատելի ավելացում է նախատեսել, մի քանի միլիոն դրամ չի գտել այս խնդիրը եւս փակելու համար: Հետաքրքիր է, որ դրա համար իրականում չնչին գումար է անհրաժեշտ. ամենաճոխացրած գնահատականներով՝ պետբյուջեի 0,03-0,04 տոկոսը: Հրապարակման համար պարտադիր տեղեկատվության շրջանակը պատկառելի է. տվյալ պետական մարմնի բյուջեն, կատարման հաշվետվությունը, հանրության համար իրականացվող աշխատանքները կամ ծառայությունները, հաստիքացուցակները, աշխատանքի ընդունման կարգը, թափուր աշխատատեղերը, հասարակական միջոցառումերի ծրագրերը, քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը, տնօրինվող տեղեկությունների ցանկը, դրանց տնօրինման կարգը եւ այլն: Ինֆորմացիան ծավալուն է, ուստի դրանց տրամադրման համար պահանջվում են դիսկետ, թուղթ, ֆաքս, պրինտեր եւ այլն: Ի դեպ, քաղաքացիների կողմից պահանջի դեպքում տեղեկությունները տրամադրելուց բացի, պետական եւ հանրային ծառայության կազմակերպությունները պարտավոր են դրանք փակցնել նաեւ իրենց գտնվելու վայրում՝ այցելուի համար «հասանելի» տեղում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի դիտարկմամբ, գերատեսչությունները նույնիսկ իրենց ինտերնետային էջերում չեն տեղադրում վերոհիշյալ տեղեկությունները: Քանի որ ոչ մեծ գումարների մասին է խոսքը, կարելի էր հուսալ կամ հավատալ հավաստիացումներին, որ պետական մարմինները կարող են տեղեկությունների տրամադրման հարցը լուծել ապարատի ծախսերի հաշվին: Սակայն ինչպես հավաստիացրեց Շուշան Դոյդոյանը՝ «Երբ 2004 թվականի ընթացքում դիմել ենք տարբեր պետական մարմիններ պարզելու, թե ինչու իրենք չեն կատարում օրենքի այս պահանջը (չեն հրապարակում տեղեկությունները), վերջիններս իրենց անգործությունը հիմնավորում էին նրանով, որ 2004 թ. բյուջեով տվյալ տեղեկությունների հրապարակման համար գումար չի հատկացվել։ Նույնպիսի իրավիճակ է լինելու նաեւ հաջորդ տարի, քանի որ 2005 թ. պետական բյուջեով ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել հատկացնելու որեւէ պետական մարմնի՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու համար (հոգալու տեղեկատվության հրապարկման հետ կապված ծախսերը)»: Շ. Դոյդոյանի տպավորությամբ, շատ պետական մարմիններ այսօր նույնիսկ չգիտեն, որ իրենք այդպիսի պարտավորություն ունեն: Ֆինանսական պատճառներով Ինֆորմացիայի ազատության կենտրոնին անցած տարի, օրինակ, հրաժարվել են տեղեկություններ տրամադրել կրթության եւ գիտության, առողջապահության նախարարությունները, այլ գերատեսչություններ: Ընդ որում, կենտրոնի տնօրենի համոզմամբ, ֆինանսի բացակայությունը ոչ թե պատճառաբանություն է, այլ իրոք պատճառ, որովհետեւ շատ դեպքերում կենտրոնի կողմից ծախսերը հոգալուց հետո տեղեկատվությունը տրամադրվել է: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը այս մասին հիշեցման նամակ է հղել ՀՀ վարչապետին, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին, սակայն պատասխան առայժմ չի ստացել: Խոշոր հաշվով, հետաքրքրվողները՝ համառության գնով, դատարանի պարտադրմամբ անհրաժեշտ տեղեկությունը կարող են ստանալ: Խնդիրը անտեղի չձգձգելուն, չբարդացնելուն, թափանցիկության ապահովման իրական մեթոդներին է վերաբերում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել