Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ

Դեկտեմբեր 10,2004 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Ենթադրություններ եւ ճշմարտություն Մեծ լուսավորիչ, հասարակական, քաղաքական խոշոր գործիչ, գրող, ազգային մտածողության փայլուն ներկայացուցիչ Խ. Աբովյանի ծննդյան ու մահվան (անհետացման) հետ կապված խնդիրները վերածվել են առեղծվածների ու իրարամերժ վարկածների ամբողջության, որտեղ իրենց համեստ լուման են «ներդրել» ինչպես նրա ժամանակակից, այնպես էլ հետագա շրջանների ուսումնասիրողները: Հենվելով իրենց ենթադրությունների վրա, նրանք առայսօր առաջ են քաշում նորանոր տարբերակներ, որտեղ բացակայում են համոզիչ փաստերը, դրանով իսկ ավելի խճճում իրականությունը բացահայտելու ուղին, որը պարզելը այնքան էլ դժվար խնդիր չէ, քանզի, բարեբախտաբար, պահպանվել է Խ. Աբովյանի ձեռքով գրված ինքնակենսագրությունը: Ահա այն. «1804-05-ին ծնվեցա ես Քանաքեռ գյուղում, 5 վերստ հեռու Երեւանից…»: Զարմանալի է, որ նույնիսկ ինքնակենսագրության գոյության պայմաններում, որը հայտնի էր բոլոր ժամանակների ուսումնասիրողներին, առաջ են քաշվում այն ժխտելու տեսակետներ, մինչդեռ ուրիշ էլ ո՞վ, քան Խ. Աբովյանը կարող էր գիտենալ իր կենսագրությունը: Խառնաշփոթության հիմնական առանցքն այն է, որ 1830թ. ցարին ուղղված նամակում Խ. Աբովյանը իրեն ներկայացնում է 20 տարեկան: Բացառված չէ, որ նաեւ Պարրոտի խորհրդով կատարված այս «սրբագրումը» արվել է այն պարզ պատճառով, որ ուսման մեկնելիս Խ. Աբովյանը 25-26 տարեկան էր եւ այդ տարիքի անձնավորություններին, ընդունված կարգի համաձայն, կրթաթոշակ չէր նշանակվում: Ուստի Խ. Աբովյանը դիմում է նման քայլի, որպեսզի կարողանար ստանալ այնքան անհրաժեշտ կրթաթոշակը: Այստեղից էլ անառարկելիորեն պետք է ընդունել, որ Խ. Աբովյանը ծնվել է 1805թ. սկզբներին: Այսինքն եկող՝ 2005թ. լրանում է մեծ լուսավորչի ծննդյան 200-ամյակը: Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը պատկան մարմիններին կհանձնարարի մշակել միջոցառումների ծրագիր, որպեսզի ըստ արժանվույն նշվի մեծ լուսավորչի, գրողի, գործչի ծննդյան 200-ամյա հոբելյանը: Վ. Բարխուդարյան, ԳԱ փոխնախագահ, Ա. Եղիազարյան, ԳԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գ. դ., Ա. Մելքոնյան, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմ. գ. դ., Ա. Դոլուխանյան, բանասիրական գիտությունների դոկտոր, Մ. Գալոյան, աբովյանագետ, Ա. Գրիգորյան, աբովյանագետ, մանկ. գ. թ., Վ. Ավետյան, աբովյանագետ, պատմ. գ. թ., Հ. Զատիկյան, Խ. Աբովյանի տ/թ տնօրեն, պատմ. գ. թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել