Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է հրատարակել Ն. Հունանյանի գիրքը

Դեկտեմբեր 16,2004 00:00

Եվ մի՞թե դժվար է հայտնաբերել
ոճրագործի գաղափարները տարածող հրատարակչությունը Դեռեւս դեկտեմբերի 11-ին
ե՛ւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ե՛ւ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը,
ի պատասխան «Առավոտի» հարցին, «շատ վատ» գնահատեցին «Հոկտեմբերի 27»-ի քրգործով ցմահ
բանտարկության դատապարտված Նաիրի Հունանյանի՝ «Իմը» գրքույկի տպագրումը: ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանն էլ իր հերթին էր հայտարարել, թե դատապարտում է գրքի հրատարակումը՝
հավելելով, թե կփորձի սեփական ուժերով ճշտել գրքույկը տպագրողին եւ հովանավորին:
Ի դեպ, նման խոստում տվել էր նաեւ ԵԿՄ վարչության նախագահը: Վարչապետի համապատասխան
հանձնարարականը Ազգային անվտանգության ծառայությանը, հավանաբար, բավարար չէր հարցը
պարզելու համար: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ ԱԱԾ-ն փորձե՞լ է ի
հայտ բերել գրքույկի հովանավորին եւ այն տպարանը, որտեղ տպագրվել է այն: ԱԱԾ մամուլի
ծառայության ղեկավար պարոն Բագրամյանը երեկ, ի պատասխան մեր հարցադրմանը, ասաց, թե
ինքը պատրաստ չէ պատասխանել՝ ԱԱԾ-ն արդյո՞ք այդ խնդրով զբաղվում է, թե՞ ոչ, թեեւ
խոստացավ, որ առաջիկա օրերին կիմանա ու կասի: Մի քանի իրավապաշտպանների եւ
փաստաբանների հետ զրույցից պարզվեց, որ Ն. Հունանյանի գրառումները մեկուսարանից դուրս
բերելու մեջ «կրիմինալ» չկա: Նա իրավունք ուներ իր գրառում-նամակները ուղարկել ցանկացած
հասցեատիրոջ: Եթե նախկինում դրա համար անհրաժեշտ էր մեկուսարանի վարչակազմի թույլտվությունը,
ապա հիմա դա էլ չկա: Այդուհանդերձ, օրինախախտումը մի հարցում ակնհայտ է. որեւէ
գրքույկ հրատարակելիս անպայման պետք է նշում լինի գիրքը տպող հրատարակչության, տպարանի
եւ տպաքանակի վերաբերյալ, որը կոնկրետ դեպքում բացակայում է: Փոխարենը հայտնի է,
որ Հունանյանի՝ շուրջ 99 էջանոց «ստեղծագործությունները» տպագրված են «աստրա լյուքս»
կոչվող բարձրորակ թղթի, իսկ շապիկը, մասնագետների խոսքերով, «գրանտվի» թղթի վրա:
Դա բավական թանկարժեք թուղթ է եւ այն, որպես կանոն, ոչ մեծ քանակներով եւ սահմանափակ
թվով մարդիկ են Հայաստան ներկրում: Այսօր ՀՀ-ում գործում է շուրջ 46 տպարան, որոնցից,
սակայն, միայն 5-6-ը կարող են նման որակի գիրք հրատարակել։ Հավանաբար, դժվար չէ դա
ստուգել՝ տպարանների ֆինանսական փաստաթղթերից: 2001-2002 թթ.-ին ոճրագործի՝
ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին հասցեագրված
նոթեր-վերլուծությունները տպագրելու մասին խոսք գնացել է: Այն ժամանակ մարդու իրավունքների
հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը Հունանյանից ստացել էր 70 էջանոց դիմում,
ուր նա «բացատրել է» իր կատարած ոճրագործության շարժառիթները՝ քննադատելով Կարեն
Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի իշխանության ժամանակահատվածը: Պ. Հայրիկյանն ակնարկել
էր, թե իրեն առաջարկել են այդ դիմումը տպագրել, բայց ինքը հրաժարվել է՝ դա բացատրելով,
թե ինքը չի հրապարակի ահաբեկչի կողմից գրած որեւէ բան, որովհետեւ դատապարտում է ցանկացած
շարժառիթով իրականացրած ահաբեկչությունը: Պ. Հայրիկյանն օրերս կրկնեց իր այդ միտքը,
երբ մենք նրան հիշեցրինք 2-3 տարվա վաղեմության մեր այդ զրույցը: Նա, թեեւ դժվարությամբ,
հիշեց այդ դիպվածը՝ նկատելով, թե հիմա խոսքը բանաստեղծությունների ժողովածուի մասին
է, բայց միաժամանակ նկատեց, թե այն ժամանակ այդ առաջարկը լուրջ բնույթ չի կրել ու
իմիջիայլոց է ասվել, գուցե նաեւ՝ կատակով: Թե ի՞նչ ճակատագիր է ունեցել Հունանյանի՝
մարդու իրավունքների հանձնաժողովին ուղղված դիմումը, Պ. Հայրիկյանն ասաց, թե ինքն
այդ դիմումը այդպես էլ թողել է հանձնաժողովում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Ցանկացած դեպքում, անկախ այն բանից՝ կա այս գրքի հրատարակման
մեջ օրինախախտում, թե՝ ոչ, պետության դեմ իրականացված այս ոճրագործության հեղինակին
ամբիոն տրամադրելը բարոյական տեսակետից խիստ խոցելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել