Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական

Դեկտեմբեր 16,2004 00:00

Հերթական «օբյեկտը»՝ այգու փոխարեն «Կանաչ գոտիների պահպանման տարուն» ընդառաջ Քաղաքապետարանի որոշումից այս անգամ էլ «Առավոտին» բողոքում են Վարդանանց 20 շենքի բնակիչները: Բանն այն է, որ մարտ ամսին նրանք «Հայաստանի Հանրապետություն» թերթից տեղեկացել են, որ Վարդանանց եւ Երվանդ Քոչարի փողոցների հատման մասում գտնվող 140 քմ մակերեսով հողամասը (ծառապատ կանաչ տարածքը) քաղաքապետարանը աճուրդով հանել է վաճառքի: Բնակիչներն անմիջապես դիմումներ են ու ղարկել տարբեր ատյաններ, նաեւ՝ հանրապետության նախագահին, բայց դրանք մակագրվել են քաղաքապետարանին: «Նշված հատվածում սպասարկման սրահի շինարարության համար պատրաստվել է մրցույթի փաթեթ (Մ 04-32), սակայն հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթը չի կայացել: Տվյալ հատվածը քաղաքի տեսքին անհարիր տաղավարներից ազատելու եւ տարածքը քաղաքաշինական տեսակետից կարգավորելու նպատակով մշակվում է համապատասխան ծրագիր»,- սա քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանի՝ ապրիլին ուղարկված պատասխանն է բնակիչներին: Դրանից հետո՝ հոկտեմբերին, նրանք տեղեկացել են, որ այդ տարածքը վերստին հանվել է աճուրդի եւ վաճառվել է: Շենքի 25 բնակչի ստորագրությամբ նամակներ կրկին ուղարկվել են քաղաքապետարան: «Այնտեղ մեզ բոլորն էլ ճանաչում են: Եվ քմծիծաղով ասում՝ ձեր հարցերն արդեն լուծված են,- պատմում է շենքի բնակիչ Էդուարդ Շիշմանյանը,- անակնկալի եկանք, երբ ստացանք քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գ. Մազմանյանի զավեշտալի պատասխանը. «Երեւանի քաղաքապետի 26.02.04թ. «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդով օտարման առանձնացնելու մասին» հ.305-Ա որոշմամբ հաստատվել է Վարդանանց փողոցին հարող տարածքում գտնվող 140 քմ մակերեսով, Ա 04-32 ծածկագրով, սպասարկման սրահի շինարարության համար առանձնացված հողամասի աճուրդային վաճառքը»: Բնակիչների տեղեկությամբ, այգու տարածքում եռահարկ «օբյեկտ» են կառուցելու: Արդյունքում՝ այգու ծառերը կապույտ պաստառի հետեւում աննկատ կվերանան, հետո էլ կասեն՝ այստեղ ծառ չի եղել: Հատուկ «պատմության համար» երեկ մենք հաշվեցինք ծառերի թիվը. 15 սոճու, 10 դեկորատիվ եւ 1 խնձորի: Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետ Երվանդ Զախարյանի՝ 2005-ը համարվելու է կանաչ գոտիների պահպանման տարի: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել