Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ՀՀ անվտանգությունը կապված է Ցեղասպանության ճանաչման հետ Վստահ է քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը Անցյալ շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, թե Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի դեկտեմբերի 15-ի որոշումը, որով նա կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրամիության խորհրդին, որպեսզի վերջիններս թուրքական իշխանություններից, որպես ԵՄ-ին անդամակցության բանակցությունների նախապայման, պահանջեն Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչումը եւ Հայաստանի հետ սահմանի անհապաղ բացումը: Իր հերթին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հավելեց, թե դա նաեւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի գործադրած ջանքերի արդյունքն է: Գուցե Եվրախորհրդարանի հիշյալ որոշումը ինչ-որ տեղ կարելի է նաեւ հաղթանակ համարել, բայց փաստն այն է, որ այդ որոշումն, ըստ էության, որեւէ նշանակություն չունեցավ, եւ ԵՄ-Թուրքիա բանակցություններ սկսելու համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու սահմանի բացման խնդիրը բանակցություններ սկսելու պայման չդարձան: Պաշտոնական Անկարան էլ հայտարարել էր, թե ինքը պատրաստ է հրաժարվել ԵՄ անդամակցությունից, եթե իր առջեւ դրվեն անիրագործելի նախապայմաններ: «Դա ոչ մեր հաղթանակն է, ոչ էլ Թուրքիան է պատրաստ հրաժարվել ԵՄ անդամակցությունից: Դրանք ընդամենը խաղի էլեմենտներ են եւ արդեն այն սակարկություններն են, որոնք նորմալ ու բնական են այսօրինակ գլոբալ գործընթացների դեպքում»,- նկատեց քաղաքագետ, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը: Վերջերս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը պատասխանելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ միջազգային հանրությունը պարզապես օգտագործում է Հայոց ցեղասպանության հարցն իր շահերի համար, հայտարարել էր, թե մենք էլ նրանց շահերը պետք է օգտագործենք Ցեղասպանությունը ճանաչել տալու հարցում: Այս կարծիքին անդրադառնալով՝ Դ. Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե դա «քաղաքական մոտեցում չէ»: «Շատ սեւեռվածությունը Թուրքիայի եւ հայ-թուրքական հարաբերությունների անցյալի վրա, մեր պետության քաղաքականության ճկունության տեսանկյունից, մեզ շատ օգուտ չի տա: Անշուշտ, կա պատմական հիշողություն: Անշուշտ, այդ պատմական հիշողությանը համապատասխան նաեւ քաղաքական որոշումներ պետք է ընտրվեն: Կարծում եմ՝ Հայաստանի անվտանգության խնդիրն է կապված նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցի հետ: Մեր տեսակետն այն է, որ դա այլեւս երբեք չպետք է կրկնվի, իսկ դրա երաշխիքը Ցեղասպանության ճանաչումն է»,- ասաց պրն Հովհաննիսյանը: Իսկ այն դիտարկմանը, թե ավելի իրատեսական չէ՞ր լինի արդյոք, որ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի նախապայման առաջադրվեր ոչ թե միանգամից երկու պայման, այլ միայն հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը, որն առավել իրագործելի է եւ կենսական՝ նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման եւ եվրաինտեգրացիայի տեսանկյունից, Դ. Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Ես կարծում եմ, որ ճանապարհի բացման խնդիրը այն կարգի խնդիր չէ, որ այս մակարդակի գործընթացներում օգտագործվի: Մյուս կողմից, կարծում եմ, ճանապարհի բացումը՝ առանց հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սխալ մոտեցում է, որովհետեւ երկու երկրների միջեւ հարաբերությունները հնարավոր է կարգավորել, երբ դրանց համար իրավական եւ դիվանագիտական բազա կա»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել