Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորների սպանության գործը շարունակվում է

Դեկտեմբեր 21,2004 00:00

Զինվորների սպանության գործը շարունակվում է 254Պաշտպանների կարծիքով, գործը բացահայտված չէ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Ելիզավետա Դանիելյան) շարունակվեց Արման Հովսեփյանի («Ապարան» մականունով), Էմիլ Չիֆթչյանի եւ Համլետ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի առաջին մոտոհրաձգային գնդի երրորդ վաշտի 2-րդ ջոկատի հրամանատարը, շարքայինը եւ սակրավորական վաշտի հրամանատարը մեղադրվում են Արման Դավթյանին, եղբայրներ Համլետ եւ Լեւոն Բարսեղյաններին սպանելու մեջ: Է. Չիֆթչյանի պաշտպան, փաստաբան Սամվել Միրզոյանը նախորդ դատական նիստում հանդես էր եկել 18 էջանոց միջնորդությամբ՝ պահանջելով կարճել իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հանցակազմի բացակայության պատճառով: Փաստաբանը կասկածի տակ է դնում երեք սպանություններին իր պաշտպանյալի մասնակցությունը: «Հանուն համազգեստի շարունակվում է մեղադրանքի պաշտպանությունը եւ գործը զուտ գլխառադ անելու նպատակով, առանց հիմնավոր պատճառների ուղարկվում է դատարան»,- ասում է նա: Միրզոյանը դատարանից պահանջում է փորձաքննություն նշանակել՝ պարզելու, թե ինչպե՞ս կարող էր իր պաշտպանյալը ամենեւին չտիրապետելով զենքին, միեւնույն դիրքից, 7 քմ տնակում, ուր քնած են եղել երեք զինվորները (որոնցից մեկին ընդհանրապես չի ճանաչել), գնդակահարել նրանց: Ընդ որում, ըստ գործի նյութերի, Լեւոնը 2 մետր հեռու է գտնվել Էմիլից եւ ոչինչ չի ձեռնարկել: Է. Չիֆթչյանը տվել է 13 ցուցմունք, 2 անգամ առերես հարցաքննվել է մյուս մեղադրյալի՝ Արման Հովսեփյանի հետ, ենթարկվել 8 փորձաքննության: Բացի դա, տարբեր փորձագետների կողմից կատարվել է 28 փորձաքննություն: Փաստաբան Միրզոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 7 հատորանոց մեղադրականում Է. Չիֆթչյանի անունը հիշատակվել է մեկ անգամ, այն էլ, երբ 80 օր ծառայության մեջ գտնվող Էմիլը 1 տարի 9 ամիս ծառայած Արման Հովսեփյանի հետ առերես հարցաքննության ժամանակ երկխոսում է. Էմիլ- Ուրեմն, Արման, ձեռդ դիր մի հատ խղճիդ ու ասա՝ դու ինչի՞ իմ անունը տվեցիր, ե՞ս եմ արել էտի: Արման- Ես չգիտեմ, դու ես արե, ո՞վ է: Առերես հարցաքննությունը վարող քննիչ Խաչիկ Ղալթախչյանը պնդում է, որ Արմանը պատասխանի Չիֆթչյանի կողմից Հովսեփյանին ուղղված հարցին: Արմանը պատասխանում է շատ պարզ եւ հասկանալի. «Ինչ մնում է Չիֆթչյանի կողմից ինձ ուղղված իրա հարցին, պատասխանում եմ էս ձեւ՝ ես չգիտեմ ինքնա ա սպանել, թե ոչ, ես իրա անունը տվել եմ, հա, խոսքի անմեղ իրա վրա ցուցմունք եմ տվե, թե հիմի բռնության, վոբշեմ, էդ բաների համար եմ տվե… Ես ցուցմունք եմ տվե, որ ինքը իրա տեղաշորը չի հավաքել, սենց իրան բերել են, ինքը ցուցմունք ա տվել, մտել ա, ասել ա ինքն ա ինձ զենք տվե ու ըտենց ցուցմունքները գնացել ա»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել