Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ

Դեկտեմբեր 21,2004 00:00

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 14-րդ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎ Տասնհինգ տարի առաջ Համազգային ժողովրդավարական Շարժման արդյունքում՝ 1989թ. նոյեմբերի 5-ին, ՀՀՇ 1-ին համագումարը, հրաժարվելով ազգային հարցերի լուծման պատմությամբ մերժված եւ իրականությունից կտրված մոտեցումներից, առաջնորդվելով սահմանադրականության, իրավունքի, օրինականության, անհատի հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով, հռչակեց անկախ պետականության ստեղծման, կայացման եւ զարգացման իրատեսական գաղափարախոսություն եւ կենսունակ ծրագիր: 1990 թվականից, ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ ստանձնելով իշխանության պատասխանատվությունը, Հայոց Համազգային Շարժումն ապացուցեց զարգացմանը միտված հեռանկարային ծրագրեր առաջադրելու, արդյունավետ ղեկավարելու եւ ներքաղաքական կայունությունն ապահովելու իր կարողությունը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեով Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Շրջափակման եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի պայմաններում ազատական(լիբերալ)-ժողովրդավարական հիմնարար արժեքների վրա խարսխված իրավական, ժամանակակից արդյունավետ պետություն կառուցելու աննախադեպ գործընթացների արդյունքում հետխորհրդային տարածքում Հայաստանը ճանաչվեց ժողովրդավարության «կղզյակ» եւ տնտեսական բարեփոխումների առաջատար: Իրատեսական արտաքին քաղաքականության եւ հմուտ դիվանագիտության իրագործմամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց միջազգային հեղինակություն: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հետապնդելով որպես ընդհանուր ժողովրդավարական օրակարգի մաս, կանխվեց խորհրդային կայսրության կազմալուծման ու փլուզման խառնաշփոթում Լեռնային Ղարաբաղի վերջնական կորստի եւ արցախահայության բռնագաղթի իրական վտանգը։ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներում, առաջնորդվելով այն անհերքելի իրողությամբ, որ ղարաբաղյան հիմնահարցը մարդու իրավունքների եւ ինքնորոշման խնդիր է, հետխորհրդային շրջանում հնարավոր եղավ միջազգայնացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ապահովել արցախահայության անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել անվտանգության գոտի, նպաստավոր դիրքերից պարտադրել Ադրբեջանին կնքել հրադադար: Ռազմական նվաճումներն ամրապնդվեցին դիվանագիտականով. Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես հակամարտության եւ նրա կարգավորման լիիրավ կողմ: Իրականանալի դարձավ հակամարտության այնպիսի խաղաղ կարգավորումը, որը կապահովեր Լեռնային Ղարաբաղի հայության հարատեւ ազատ ու անվտանգ գոյությունն ու զարգացումը: Հայոց Համազգային Շարժումն ընդգծում է, որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության քվեն ունենալու շնորհիվ է, որ հաղթահարեց անկախության առաջին տարիների մեր պետությանն ու ժողովրդին վիճակված անխուսափելի փորձություններն ու դժվարությունները, իրագործեց ինքնիշխան պետություն կայացնելու իր առաքելությունը: ՀՀՇ իշխանությունը հստակ քաղաքական բնույթ եւ ուղղվածություն ուներ, դրանով իսկ հստակ էր այդ իշխանության անունը եւ քաղաքական պատասխանատվության հասցեատերը: 1998թ. հեղաշրջմամբ իշխանությանը տիրանալուց հետո ներկայիս վարչախումբն առաջ քաշեց ժամանակակից զարգացման համատեքստին խորթ, պետության բնականոն զարգացման օրինաչափություններին հակասող եւ պետականությունը մերժող մոտեցումներ: Գործող վարչախումբը եւ քաղաքական ուժերի զգալի մասը, ընդունելով նպատակահարմարության սկզբունքի գերակայությունը օրինականության սկզբունքի նկատմամբ դավանանքը, հրաժարվեց ազատության եւ ժողովրդավարության գաղափարներից: Իրեն վարչախմբին արմատական հակառակորդ հռչակած, իրականում նրա հետ գաղափարական նույն սկզբունքները դավանող ընդդիմության քայլերը հանգում են զուտ իշխանության բաժանման գործարքի: 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքը եւ արձանագրված արդյունքները վերջնականապես հաստատագրեցին Հայաստանում ընտրությունների ինստիտուտների փաստացի բացակայությունը, իրավական համակարգի փլուզումը, սահմանադրական կարգի կազմալուծումը: «Սահմանադրական բարեփոխումներ» անվան տակ փորձ է արվում արհեստական փաստարկ ձեռք բերել Քոչարյանի երրորդ եւ հետագա պաշտոնավարումն իրավաբանորեն հիմնավորելու համար, հաշվի չառնելով, որ 2003թ. խորհրդարանական ընտրությունների հետ զուգորդված սահմանադրության հանրաքվեում անգամ զանգվածային կեղծիքների միջոցով վարչախումբը չկարողացավ հասնել այդ խնդրի իրականացմանը՝ բախվելով ժողովրդի դիմակայությանը: Հայոց Համազգային Շարժումն անընդունելի է համարում չգործող ընտրական համակարգի պայմաններում Սահմանադրության փոփոխությունը եւ համաժողովրդական հանրաքվեի անցկացումը: Գաղափարախոսական հեղաշրջումն առարկայացնելու նպատակով 1998-ից ի վեր ծավալվում է ազգայնականության լայնածավալ քարոզչություն, զարգացմանը միտված արժեքային համակարգը աղավաղելու նպատակով նենգափոխվում է մեր նորագույն պատմությունը: Արդյունքում՝ խարխլվում են պետականության հիմքերը: Իշխանական քարոզչամեքենայի ազգայնական գաղափարախոսություն սերմանելու ծրագրերը վերջնականապես տապալված են: Մեր հասարակությունը վճռականորեն մերժում է պահանջատիրության եւ ազգայնամոլության վրա հիմնված Քոչարյանի եւ նրա վարչախմբի քաղաքականությունը: Ակնհայտ է, որ ազատության, սահմանադրականության եւ իրավունքի սկզբունքներն այլեւս հասարակության սեփականությունն են: Որպես քաղաքական եւ այլ կարգի հարցեր լուծելու միջոց ահաբեկչությունը ընդունված նորմ է դառնում կյանքի բոլոր ոլորտներում ու հարաբերություններում: Ահաբեկչության թիրախ են դառնում ազատ խոսքը, լրագրողներն ու լրատվամիջոցները, փակվում են վարչախմբին չծառայող հեռուստաալիքները, ահաբեկչության զոհ են դարձել տասնյակ անհատներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ ու գործարարներ: Պատահական չէ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական բացահայտումը կանխվեց վարչախմբի ակնհայտ ջանքերի շնորհիվ։ Կեղծ ու շինծու մեղադրանքներով վարչախումբը կազմակերպում է լայնածավալ քաղաքական հետապնդումներ, փորձում չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին: Քաղաքական հալածանքների պատճառով տարագրության մեջ է Վանո Սիրադեղյանը։ Տեղի է ունենում տնտեսության կարեւոր ու եկամտաբեր ճյուղերի տոտալ մոնոպոլիզացիա, ինչը հանգեցրել է օլիգարխների առաջացմանը, միջին խավի կազմալուծմանը, աղքատության մակարդակի խորացմանը։ Լայնածավալ կոռուպցիան սկսել է փոխարինել պետական կառավարմանը: 1988-ից արդեն մեծ ծավալների հասած, պատերազմական ու էներգետիկ դժվարությունների տարիներին շարունակված, 1996-ից ի վեր կանգ առած արտագաղթը նոր թափ ստացավ գործող վարչախմբի տարիներին։ Ընդ որում, որակապես փոխվել են դրա պատճառները, հիմնական են դարձել իրավական անպաշտպանությունը, անապահովության զգացումը, անհեռանկար ապագան։ Պատեհապաշտ ու անհեռանկարային արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը ոչ միայն կորցրել է միջազգային իր երբեմնի հեղինակությունը, այլեւ դուրս է մղվել տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրացիոն գործընթացներից: Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում Հայաստանի մասնակցությունը, Ռուսաստանի հետ ներկայիս ռազմաքաղաքական համագործակցությունը, Հայաստանում ռուսական բազաների առկա իրավաքաղաքական կարգավիճակը սպառնալիք են Հայաստանի անկախությանն ու անվտանգությանը, խոչընդոտում են մեր հարեւանների հետ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը: Նախկին խորհրդային տարածքում սկսվել եւ ծավալվում է ազատության ու ժողովրդավարության նոր ալիք: Հայոց Համազգային Շարժումն իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին ժողովրդավարության համար պայքարում եւ անընդունելի է համարում Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու Կրեմլի նեոկայսերական քաղաքականությունը: Ղարաբաղյան հակամարտությունը սառեցնելու արկածախնդրական եւ պահանջատիրական քաղաքականության արդյունքում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձեւաչափից երկկողմ հանդիպումների ձեւաչափ տեղափոխելու միջոցով Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվել բանակցություններից՝ հակամարտության սուբյեկտից վերածվելով հակամարտության օբյեկտի: Ինքնորոշման իրավունքի հիմնահարցից խնդիրը նենգափոխվել է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի: ՀՀՇ 14-րդ համագումարը արձանագրում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջազգային հանրության կողմից ձեւավորվում է նոր իրավաքաղաքական բազա, որը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար: Միջազգային ատյաններում ու փաստաթղթերում շրջանառվում են Հայաստանին վերաբերող «տարածքների բռնազավթում», «ապօրինի օգտագործում», «էթնիկական զտումներ» եւ այլ մեծ վտանգ պարունակող ձեւակերպումներ, խոսվում է ՄԱԿ-ի «փաստահավաք խմբի» ստեղծման, «իրավական լուծման» մասին։ Հայաստանը կանգնած է միջազգային հանրության կողմից դատապարտվելու, անհեռանկար պատերազմի ու կորուստների առջեւ։ Հայոց Համազգային Շարժումը հավատարիմ է իր սկզբունքներին եւ նպատակներին՝ – Հայաստանի անկախությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, մեր հավաքական ինքնությունը բացարձակ արժեքներ են; – պետականության ամրապնդման հիմքերն են իրավունքի առաջնության ապահովումը, անշրջելի ժողովրդավարության, իրավական պետության եւ մրցակցային տնտեսության հաստատումը; – Լեռնային Ղարաբաղի հակամարտության արժանապատիվ կարգավորումը մեր քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է, Հայաստանում պետականության կայացման եւ անվտանգության ապահովման գլխավոր պայմաններից մեկը: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, հակամարտության պատճառների եւ դրա հետեւանքների փուլ առ փուլ, աստիճանական, փոխհամաձայնեցված լուծումներով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիիրավ մասնակցությամբ; – Հայաստանի անվտանգության իրական հիմքերն են քաղաքացիական հասարակության կայացումը, բոլոր հարեւանների հետ փոխհարաբերությունների հաստատումը եւ բարիդրացիությունը, տարածաշրջանային ինտեգրացիան; – անվտանգության ապահովման եւ բնականոն զարգացման տեսանկյունից գլխավոր առաջնահերթություններից է Եվրոատլանտյան անվտանգության համակարգին անդամակցության եւ Եվրամիության լիիրավ մաս կազմելուն ուղղված քաղաքականության շուտափույթ մշակումն ու հետեւողական իրականացումը; – Հայաստանի անվտանգության համակարգի գլխավոր բաղադրիչներն են իրատեսական, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, զինված ուժերի բարեփոխումը՝ ժամանակի մարտահրավերներին համարժեք շարժունակ, արդյունավետ եւ արհեստավարժ զինված ուժերի ձեւավորումը; – սոցիալական համաձայնությունը պետականության ամրապնդման, ժողովրդավարական կայունության եւ առաջընթացի գլխավոր հիմքերից է: Դրա իրականացումը հնարավոր է սեփականության պաշտպանվածության, ազատ գործարարության ապահովման, հովանավորչության եւ մենաշնորհների բացառման ու գործարարության սոցիալական պատասխանատվության ապահովման պայմանով: Միայն վերոնշյալ սկզբունքների վրա հիմնված համաժողովրդական Շարժման ճանապարհով է հնարավոր Քոչարյանին ու նրա վարչախմբին փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքով ընտրված լեգիտիմ իշխանությամբ, իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերից բխող ներքին ու արտաքին քաղաքականություն, արժանապատիվ դիրքերից կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Հայոց Համազգային Շարժումը՝ ժողովրդի եւ պետականության առջեւ պատասխանատվությամբ, քաղաքական բոլոր միջոցներով հետեւողականորեն պայքարելու է իր ռազմավարական ու մարտավարական նպատակներն իրականացնելու, Հայաստանը բնականոն զարգացման ուղի վերադարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031