Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԲ-ՖԵ»-Ն 2005-ԻՆ ԿԼԻՆԻ՞ ՌԱԴԻՈԵԹԵՐՈՒՄ

Դեկտեմբեր 24,2004 00:00

Երեկ
ասուլիս էին հրավիրել «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը եւ «Համագործակցություն
հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Դանիելյանը:
Այս կազմակերպությունը հայտեր է ներկայացրել՝ մասնակցելու 100,6 ՄՀց եւ 101,1
ՄՀց հաճախականություններով ռադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրման մրցույթներին:
Եվ Մեսրոպ Մովսեսյանը բացահայտեց, թե «Համագործակցություն հանուն ժողովրդավարության
կենտրոնից» առաջարկ են ստացել, որ ռադիոյի լրատվական ծրագրերը պատրաստի «Այբ-ֆե»
գործակալությունը: Նշենք, որ այս կենտրոնն էլ ունի լրատվական աշխատանքի պատկառելի
փորձ՝ իր տեխնիկայով նկարահանել է բազմաթիվ տեսաֆիլմեր, կազմակերպել հեռուստատեսային
կլոր սեղաններ եւ այլն: Երկու նախադեպ է եղել, երբ ՀՌԱՀ հայտարարած մրցույթներին
մասնակցել են հասարակական կազմակերպություններ եւ նրանց հայտն ընդունվել է: «Համագործակցություն
հանուն ժողովրդավարության կենտրոնի» տնօրենը երեկ հայտնեց, որ ուսումնասիրել են ՀՌԱՀ
կանոնակարգը, որով սահմանված է, թե հայտ ներկայացնելու իրավունք չունեն պետական կազմակերպությունները
եւ կուսակցությունները. «Նշված չէ, թե հասարակական կազմակերպություններն իրավունք
չունեն հայտ ներկայացնել»: Սակայն այս անգամ Ազգային հանձնաժողովն առանց փաստարկելու
հայտարարել է, թե հ/կ-ի հայտն ընդունելը հակասում է «Հասարակական կազմակերպությունների
մասին» օրենքին եւ առաջարկել, որ ստեղծեն ընկերություն: «Մենք որոշեցինք չգնալ կոնֆլիկտների
եւ ռիսկի, ու կատարեցինք իրենց պահանջը»,- հայտնեց Ստեփան Դանիելյանը, որը Մեսրոպ
Մովսեսյանի հետ այժմ իբրեւ համահիմնադիր ստեղծել է «ԷՄ ԷՍ Էքսփլորեր» ՍՊԸ-ն: Այն
իրականացնելու է նաեւ լրատվական այլ կարգի գործունեություն՝ դիտարկում, հետազոտություններ
եւ այլն: Ստեփան Դանիելյանը որոշ մանրամասներ մեջբերեց իրենց ներկայացրած
մրցութային փաթեթից, որ թեեւ լինելու են երաժշտական եւ այլ ծրագրեր, սակայն գերիշխողը
լինելու են հասարակական թեմաները: Ապագա աշխատակազմի անդամներ են լինելու նաեւ այլ
հասարակական կազմակերպություններ ներկայացնող անձինք, որոնք ունեն լրագրողական աշխատանքի
փորձառություն: Առայժմ նշեց միայն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հելսինկյան
ասամբլեա», «Ազատ խոսքի ամբիոն» կազմակերպությունների անունները: Ստեփան Դանիելյանն
առայժմ առանց որոշակիացնելու նշեց, թե իրենց փաթեթում նշված են միջազգային ճանաչում
ունեցող կազմակերպությունների անուններ, որոնք պատրաստակամություն են հայտնել համատեղ
գործունեություն ծավալել իրենց հետ: Ռադիոհեռարձակումը չի պահանջում մեծ ներդրումներ,
իսկ տեխնիկական հնարավորությունները բնութագրելու համար Մեսրոպ Մովսեսյանն ասաց.
«Ա1+»-ի տեխնիկական բազան, որը ես մեծ սիրով կտրամադրեմ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր»-ին, բավարար
է, որ անգամ 15 րոպե հետո կարողանանք ապահովել 24-ժամյա ռադիոեթեր»: Նաեւ բացահայտեց,
որ «Այբ-ֆե»-ի աշխատակիցների գրեթե կեսը նախկինում աշխատել են իբրեւ ռադիոլրագրողներ:
Այլ հայտեր ներկայացնողները «Ռադիո Ավրորա» եւ «Ավտոռադիո» ընկերություններն
են: «Շատ հետաքրքիր է, որ երկու հաճախականության համար մրցույթ կար, եւ ամեն մեկին
մասնակցում էր մեկական կազմակերպություն: Եվ եթե մենք չմասնակցեինք՝ այս մրցույթները
շատ նման կլինեին խորհրդարանական թափուր տեղերի համար վերջին ընտրություններին, որոնք
կատարվում էին խորհրդային եղանակով` երբ մի հոգի է հայտ ներկայացնում, եւ նա էլ շահում
է»,- նկատեց Ստեփան Դանիելյանը: Որոշակի լուրեր կան այդ երկու ընկերությունների իրական
տերերի մասին, սակայն նա սահմանափակվեց այս դիտարկմամբ. «Որքան գիտեմ՝ նրանք մարդիկ
են, ովքեր արդեն ունեն նման կազմակերպություններ: Եվ երեւի ուզում են մի քանի խոսափող
էլ ունենալ»: Դատելով ռուսաստանյան ռադիոկայաններից պատճենած անվանումներից՝ ենթադրելի
է, որ «Ավրորան» եւ «Ավտոռադիոն» իրականացնելու են հիմնականում վերահեռարձակում:
Մտավախություն չունե՞ն, որ եթե հանկարծ հաղթեն այս մրցույթում՝ իշխանությունների
համար առիթ կլինի ասելու, թե «Ա1+»-ին տրվել է հեռարձակման հնարավորություն, ինչպես
այժմ է եվրոպական կառույցների առջեւ արդարանալու համար օգտագործվում այն հանգամանքը,
որ «Ա1+»-ն ունի իր շաբաթաթերթը եւ ինտերնետային կայքը: Այս հարցին ի պատասխան Մեսրոպ
Մովսեսյանը նշեց, որ «ԷՄ ԷՍ Էքսփլորեր» ընկերության մեջ ինքը հանդես է գալիս միայն
իբրեւ անհատ բաժնետեր՝ այն կապ չունի «Ա1+»-ի հետ. «Բացի այդ՝ ինտերնետային կայքը
կամ թերթը չեն պահանջում արտոնագիր, ուստի ո՞վ պետք է մեզ խանգարեր… Եվ սա ընդհանրապես
կապ չունի հեռուստահաղորդումների հեռարձակման մրցույթի հետ: «Ա1+»-ն անպայմա՛ն մասնակցելու
է ե՛ւ AATV-ի, ե՛ւ «Սուպեր սիստեմի» զբաղեցրած հաճախությունների համար հայտարարվելիք
մրցույթներին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել