Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո խոստովանություններ՝ բանասիրականին

Դեկտեմբեր 24,2004 00:00

Երեւանի պետական համալսարանի
բանասիրական ֆակուլտետն 85 տարեկան է Հոբելյանի առիթով կազմակերպված հանդիսությունը
բացվեց բուհի օրհներգով, որի խոսքերը նախարար դառնալուց հետո գրել է Հովիկ Հովեյանը,
իսկ երաժշտությունը՝ Ռոբերտ Ամիրխանյանը: ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն են ավարտել
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Աղվան Վարդանյանը, մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն ու փոխնախարար Կարինե Խոդիկյանը,
ՀՀ հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Հայաստանի
գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ ուրիշներ: «Բանասիրական ֆակուլտետում
իմ լավագույն տարիներն են անցել: Իմ բնական ձգտումն ու ցանկությունն է եղել այդտեղ
սովորելը: Երջանիկ եմ, որ հենց այս ֆակուլտետն եմ ավարտել»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հովիկ Հովեյանը հրաժարվեց պատասխանել «Առավոտի» հարցերին ու հրմշտելով բարձրացավ
բեմ՝ նախագահությունում բազմելու: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ
հրմշտոցն իզուր չէր՝ բոցաշունչ ելույթ ունեցավ ամբիոնից: «Համալսարանի բանասիրական
ֆակուլտետը դիրիժորական այն պոռթկումն է, որ ազգի ինքնագիտակցությունը միշտ պահում
է գագաթնակետին»,- հայտարարեց մշակույթի նախարարը: Կարինե Խոդիկյանի համոզմամբ,
համալսարանի բանասիրական ֆակուլտետը մյուս բուհերի բանասիրականներից ամեն ինչով տարբերվում
է. «Միայն Լեւոն Ներսիսյանի հետ մեկ ժամ շփումը բավական էր, որ դու պաշտպանված լինես
շատ անիմաստ կոմպլեքսներից, ամբիցիաներից… Համալսարանի մթնոլորտը ուրիշ էր, եթե
ես այսօր որպես մշակույթի աշխարհում ապրող ու աշխատող մարդ վստահ եմ զգում, այդ ամենը
գալիս է հենց համալսարանի մթնոլորտից»: ԳԱԱ փոխնախագահ, համալսարանի պատմության
ֆակուլտետի շրջանավարտ Վլադիմիր Բարխուդարյանի համոզմամբ. «Եթե պատմությունն ու բանասիրությունը
չլինեին, համալսարանը պոլիտեխնիկի նման մի բան կլիներ… միշտ էլ համալսարանում տոն
են տվել պատմությունն ու բանասիրությունը»: «Այսօր սիրո խոստովանության օր
է, ընդ որում այն բացառիկ բռնկումներից, երբ սիրո օբյեկտը տարիների հետ չի ծերանում,
մեր զգացումն էլ տարիների հետ չի խունանում, այլ ավելի է ամրապնդվում»,- համալսարանը
գովեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Նա բանասիրական ֆակուլտետին նվիրեց Դանիել Վարուժանի
նորատիպ հատորը՝ հույս ունենալով, որ ուրախ առիթներով գիրք նվիրելու սովորույթը կրկին
կվերականգնվի: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանն էլ նվիրեց
համալսարանի հիմնադիր Նիկոլ Աղբալյանի լուսանկարը: Համալսարանի ռեկտոր Ռադիկ
Մարտիրոսյանը այս անգամ էլ փառաբանեց այն ժամանակվա իշխանություններին, որոնք տարբեր
երկրների համալսարաններից հրավիրել են ականավոր հայագետների ու հիմնադրել նման ֆակուլտետ:
Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը ներկայացրեց բանասիրականի բոլոր ամբիոնները,
անուն առ անուն հիշեց նախկին եւ ներկա վաստակաշատ դասախոսներին՝ Մանուկ Աբեղյան,
Ստեփան Մալխասյան, Գրիգոր Ղափանցյան, Հրաչյա Աճառյան,Գեւորգ Ջահուկյան, Հովհաննես
Բարսեղյան, Զավեն Ավետիսյան… Չնայած նեղացածությանը, որ ԵՊՀ-ի մասին հոբելյանական
բուկլետում՝ բանասիրականի շրջանավարտների շարքում իր լուսանկարն ու անունը չկա, նախարարը
ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական
կազմին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել