Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՑՐՏԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 25,2004 00:00

Ոչ
ոք ստույգ չգիտի՝ քանի՞ թափառաշրջիկ կա մեր երկրում: Փաստ է այն, որ նրանք ամեն գարուն
պակասում են՝ մինչեւ որ նորերով համալրեն իրենց շարքերը: Թափառաշրջիկները
Հայաստանում ոչ լեգալ մի համայնք են կազմում: Թեեւ «ապրում» են տարբեր վայրերում,
գրեթե միշտ տեղյակ են միմյանցից: Նրանցից շատերը յուրաքանչյուր օր գիշերում են մի
վայրում, եւ միայն իրենք գիտեն այդ վայրերը: Արամը (լուսանկարում), որ նույնպես
անօթեւան է, մի տեսակ հանդես է գալիս թափառականների ու արտաքին աշխարհի միջեւ կապավորի
դերում: Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, բայց կաթվածներից հետո չի կարողանում
նվագել: Ունի դուստր եւ որդի, որոնք ապրում են մայրական տատի տանը: Կինը մահացել
է 10 տարի առաջ: Ինքը չի կարող ապրել այդ տանը: Զոքանչը փեսային թույլատրում է երբեմն-երբեմն
օգտվել իր բնակարանի կոմունալ հարմարություններից` սափրվել, օգտվել հեռախոսից: Տասը
օր առաջ նա զանգելով պատմեց, որ թափառաշրջիկներից երկուսի վիճակը շատ ծանր է, գրեթե
մահամերձ: Գիշերելով դրսում` նրանք ցրտահարվել են: «Բոլորը ոջիլի մեջ կորած
են: Նույնիսկ այդ հարցը չենք կարողանում լուծել»,- ասաց Արամը: Փորձեցինք
այս մարդկանց օգնելու համար դիմել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակ:
Մեզ նախապես հայտնի էր, որ ՀՕՖ-ն անչափահասների համար ունի ոջիլազերծելու հատուկ
վայր եւ հարմարություններ: Որքան էլ խնդրեցինք երկու թափառաշրջիկների համար բացառություն
անել, հանդիպեցինք միայն կոշտ ու կոպիտ մերժման: Նրանք անդրդվելի էին նույնիսկ այն
բանից հետո, երբ ասացինք, որ ոջիլազերծելն անհրաժեշտ է՝ երկու թափառաշրջիկներին շտապ
հիվանդանոց տեղափոխելու համար: Մենք դիմեցինք նաեւ տարբեր կազմակերպությունների,
սակայն ոչ ոք չուզեց օգնել թափառաշրջիկներին: «Ամբողջ աշխարհում մեզ նման
բոմժերի համար ստեղծում են կացարաններ, որտեղ մի աման տաք ճաշ են տալիս, քնելու մի
անկյուն, մեր երկրում պետությունից անվճար նույնիսկ մի անալգին չենք կարողանում ստանալ»,-
ասում է Արամը: Մի քանի օր առաջ ցրտահարվեցին եւ մահացան Վովան, Թամարան եւ
Տոման: Վերջինս միայնակ թողեց իր պես անօթեւան, այժմ արդեն ծնողազուրկ միակ որդուն:
ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, www.hetq.amԱյս
խավը, ըստ էության, պետության համար «գոյություն չունի»: Նրանք ընդգրկված չեն պետության
սոցիալական, աղքատության կրճատման ռազմավարական, զանազան օգնությունների ծրագրերում,
նրանց մեծ մասը՝ նաեւ նպաստառուների ցուցակներում: Նրանց հաշվառումը միանգամայն այլ
կերպ կարտացոլեր երկրում աղքատության պատկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել