Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ավտոբուսային պարկը «չփոշիացավ»

Հունվար 13,2005 00:00

Չնայած
որոշ կառույցներ «սրտատրոփ» սպասում էին դրան Նոր տարվա առաջին իսկ օրվանից՝
11 օր շարունակ դադարեցվել էր Գյումրիի «Ուղեւորատար ավտոբուսատրանսպորտային» ՓԲԸ-ի
գործունեությունը, որը սկսել էր անհանգստացնել ինչպես ավտոբուսի վարորդներին, այնպես
էլ Գյումրի ու հարեւան համայնքների բնակիչներին: Պատճառն այն էր, որ 6 ամիս առաջ
սնանկ ճանաչված հիշյալ ձեռնարկության գործունեության շուրջ պարտատերերը համաձայնության
չէին գալիս` շարունակ հետաձգելով իրենց ժողովը: Երեքշաբթի օրը տնտեսական դատարանում
վերջնականապես որոշվեց նախքան աճուրդ-վաճառքը ավտոբուսային պարկին հնարավորություն
տալ մինչեւ այս տարվա հունիսի 30-ը շարունակել իր գործունեությունը: Ի դեպ, սնանկ
ճանաչված ձեռնարկությունը վերսկսած գործունեության ընթացքում շահույթով էր աշխատել՝
ոչ միայն ճիշտ ժամանակին վճարելով աշխատավարձերը, այլեւ մասնակի փակելով նախկին պարտքերը:
Պարտատերերի ժողովն անցավ բավականին լարված: Թեեւ վարորդներին թույլ չէր տրվել մասնակցելու,
այնուամենայնիվ, նրանք մի մարդու պես ներկայացել էին: Ամբողջ ընթացքում միջանցքում
կանգնած նրանք քննադատում ու անիծում էին նախկին տնօրենին, ով, նրանց ներկայացնելով,
«հիմնարկը թալանեց ու վաճառեց, մեզ էլ այս օրը գցեց»: Անգամ վարորդների ու նախկին
տնօրենի միջեւ ծագած լեզվակռիվը վերածվեց քաշքշուկի: Չնայած տվյալ պահին վարորդներին
հուզողը ոչ այնքան նախկին տնօրենն էր, որքան քաղաքապետարանի «գայլային ախորժակը»:
Բանն այն էր, որ պարկի ներկայիս տնօրեն Սպարտակ Սահակյանից բացի, հիմնարկության աճուրդ-վաճառքին
մասնակցելու ցանկություն հայտնել էր նաեւ Գյումրիի քաղաքապետարանը: Իսկ վարորդները
վստահ էին, որ հիշյալ կառույցի ենթակայության տակ անցնելու դեպքում իրենք կդառնան
գործազուրկներ: Վարորդների՝ միջանցքներում հավաքվելն ու ժողովի արդյունքներին սպասելն
էլ իր հերթին զայրացրել էր կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին: Նրա ասելով,
պարկի տնօրենը իրեն չպիտի թույլ տար աշխատողներին այստեղ բերել ու տպավորություն
ստեղծել, թե քաղաքապետարանը դեմ է ավտոբուսային պարկի աշխատելուն: Ըստ Գագիկ Մանուկյանի,
ընդհակառակը, իրենց կառույցը անչափ մտահոգված է պարկի ճակատագրով, այդ իսկ պատճառով
մասնակցել է աճուրդ-վաճառքին: Ինչպես ցույց տվեց ժողովի ընթացքը, քաղաքապետարանը
իրոք դեմ էր ավտոբուսային պարկի հետագա գործունեությանը: Նրանց ասելով, երկարացված
մի քանի ամիսը պարկի կյանքում ոչինչ չի փոխի: Ավելին, շուտով կսկսվեն մրցույթները
ու պարկը դուրս կմնա, քանի որ լուծարման գործընթացում գտնվող հիմնարկը չի կարող մասնակցել.
այն այլեւս իրավաբանական անձ չէ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաեւ հայտարարեցին,
որ այս տարվա հունվարի մեկից իրենք ավտոբուսային պարկի հետ շահագործման պայմանագրեր
չեն կնքել, քանի որ այնտեղ ձեռնարկություն «չեն տեսնում»: Նրանք մի քանի անգամ կրկնեցին,
որ քաղաքապետարանը պատրաստ է ուղղակի վաճառքի կամ աճուրդ-վաճառքի միջոցով պարկը գնել`
երեք օրվա ընթացքում էլ պարտքերը մարել: Չնայած գայթակղիչ այս խոստմանը`պարտատերերը
ամենեւին էլ չոգեւորվեցին՝ .83 տոկոսից ավելին կողմ քվեարկեց սնանկ ճանաչված ձեռնարկության
սեփական ուժերով գործունեությանը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել