Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ

Հունվար 13,2005 00:00

ՄԻԱՅՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՄՔՈՎ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ի՞նչն է պահում կոալիցիան, երբ տարեվերջին նույնիսկ բավականին կարեւոր հարցերում տարաձայնությունների պարագայում կոալիցիան չպառակտվեց, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Կոալիցիայի ներսում ընթացող գործընթացներին ես երբեք չարախնդությամբ չեմ վերաբերվել, եւ իմ գնահատականները զուտ քաղաքական են: Կոալիցիան արհեստածին կառույց է եւ ըստ էության շղարշ է՝ Ռ. Քոչարյանի բռնապետությունը քողարկելու համար: Երբ խոսք է գնում կոալիցիայի չորս կողմերի մասին, դա նույնպես արհեստական է: Հենց որ Քոչարյանին անհրաժեշտ լինի ձերբազատվել կոալիցիայից, նա առանց աչքերը թարթելու դա կանի: Այսինքն՝ ինչքան էլ կոալիցիայի ներսում տարաձայնությունները խորանան, կոալիցիան կփլուզվի միայն Քոչարյանի կամքով»: Անդրադառնալով նաեւ տարեվերջին գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հնչեցրած մի շարք արտահայտություններին, Վիկտոր Դալլաքյանը նկատեց. «Նման ցուցադրական կինոներին ես հումորով եմ վերաբերվում: Եթե ուշադրություն եք դարձրել, Քոչարյանը հայտարարեց՝ սկսեք հենց ձեզանից եւ ձեր բարեկամներից: Նա մոռացավ ասել, որ սկսեն նաեւ իր բարեկամներից: Ակնհայտ է, որ կոռուպցիայի ղեկավարը չընտրված նախագահն է, եւ այս պարագայում նման դեկորատիվ միջոցառումները ուղղակի ծիծաղ են առաջացնում: Ես հարց եմ տալիս՝ արդյո՞ք չընտրված նախագահն այդ երեւույթների մասին չգիտեր, արդյո՞ք նա նոր միայն իմացավ, որ, օրինակ, 70 ավտոմեքենաներից միայն 2-ն են գրանցված: Այն անձինք, ում դիմում է Քոչարյանը, այդ անձինք ֆինանսավորում էին նրա նախընտրական ամբողջ կամպանիան: Եթե նա ուզում է կոռուպցիայի դեմ պայքարել, պետք է սկսի հենց իրենից: Հարց պետք է տա, թե Մաքսային կոմիտեի նախագահը երբ Ծաղկաձորում բուրան է քշում (որը 20 հազար դոլար արժի), ինքն էլ կողքը կանգնած, թող հարց տա, թե որտեղի՞ց է այդ բուրանը: Այնպես որ, հարցեր տալը պետք է սկսել հենց իրենից»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել