Լրահոս
Օրվա լրահոսը

Արտիստները

Հունվար 14,2005 00:00

Արտիստները կվերադառնան Հայաստան Որպեսզի հայրենիքում զբաղվեն ժամանակակից բալետի տարածմամբ Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», հունվարի 12-ին եւ 13-ին Ազգային օպերային թատրոնում Ադանի «Ժիզել» եւ Բիզե-Շչեդրինի «Կարմեն» ներկայացումներում մենապարերով հանդես եկան Երեւանի պարարվեստի ուսումնարանի սաներ, միջազգային մրցույթի դափնեկիրներ, Ցյուրիխի բալետային ակադեմիայում կատարելագործվող, տեղի թատրոնի առաջատար բալերոններ Արման Գրիգորյանն ու Վահե Մարտիրոսյանը: Բալերոնների հետ զրույցից պարզեցինք, որ դեռ սովորելով Երեւանի պարարվեստի ուսումնարանում, երկու տարի առաջ բալերոնները մեկնել էին Շվեյցարիա՝ մասնակցելու Լոզանում անցկացվելիք ամենամյա միջազգային մրցույթին: Նրանց ելույթը գրավել է տեղի ակադեմիայի ու թատրոնի տնօրեն, ճանաչված բալերոն Հայնց Շպյոռլի ուշադրությունը, որին հետեւել է իրենց մոտ կատարելագործվելու հրավերը: Ա. Գրիգորյանն ու Վ. Մարտիրոսյանը խնդրեցին հատուկ շեշտել այն փաստը, որ իրենք կատարելագործվում են ժամանակակից բալետի գծով, ինչը Երեւանի պարարվեստի ուսումնարանում դեռ չի ուսուցանվում: «Հյուրախաղերով լինելով Եվրոպայի համարյա բոլոր երկրներում, Ճապոնիայում, Չինաստանում, Աֆրիկայում եւ այլուր, կարող ենք բարձրաձայն ասել, որ դասական բալետի ուսուցումը Հայաստանում բարձր մակարդակի է»,- վստահեցրին բալերոնները, ավելացնելով, որ կատարելագործման լրիվ դասընթացն ավարտելուց հետո, անկասկած, կվերադառնան հայրենիք ու ստացած գիտելիքները կներդնեն Հայաստանում ժամանակակից բալետի ուսուցման գործում: «Առավոտի» հետաքրքրությանը՝ դա քանի՞ տարի հետո կլինի, երիտասարդները պատասխանեցին. «Ակադեմիայում յուրաքանչյուր տարեվերջին հանձնում ենք ստուգարք ու հանձնաժողովին գոհացնելու դեպքում միայն հնարավորություն է տրվում եւս մեկ տարի շարունակել: Իսկ ընդհանուր առմամբ, ժամանակակից բալետի ուսուցման կուրսը 5 տարի է»: «Ինչպե՞ս տարբերակել ժամանակակից ու մոդեռն բալետարվեստները» հարցին բալերոնները պատասխանեցին. «Ժամանակակից բալետը հիմնված է դասական երաժշտության ու դասական բալետի շարժումների վրա, իսկ մոդեռնը, կարծում ենք, արդեն բացատրելու հարկ չկա»: Հետաքրքրվեցինք նաեւ Եվրոպայում բալետի արտիստների աշխատավարձի չափով: Պարզվում է, զարգացած քաղաքակիրթ երկրներում աշխատավարձ՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Նույնիսկ հնարավոր է մի ամիս աշխարհահռչակ արվեստագետի վաստակած գումարը ավելի քիչ լինի, քան սկսնակինը: Ամեն ինչ կախված է զբաղվածության աստիճանից, ինչը ամրագրվում է պայմանագրով: Նկատենք, որ թեեւ երեւանյան թատրոններում վաղուց կնքվում են պայմանագրեր, բայց այս կամ այն արտիստին այդպես էլ ամիսներով չենք տեսնում տվյալ թատրոնի բեմում: Չնայած այս ամենին, նա յուրաքանչյուր ամիս բարեխղճորեն ստանում է իր հասանելիք պետական աշխատավարձը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել