Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸ ՎՃԱՐԵ՞Ն ՓՈՒԹԻՆԻՆ»

Հունվար 18,2005 00:00

«ԿԸ
ՎՃԱՐԵ՞Ն ՓՈՒԹԻՆԻՆ» Այս վերնագրի ներքո է ՀՅԴ Արեւելյան ԱՄՆ-ի
կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթ «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագիր Խաժակ Մկրտիչյանն
անդրադարձել ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին՝ զուգահեռ
տանելով PTP հեռուստաընկերությամբ սփռված «Ո՞վ վճարեց Լենինին» վավերագրական ֆիլմի
հետ։ «Հայ ժողովուրդը ծանօթ է արդէն «թրքական սալի ու ռուսական մուրճի միջեւ»
իր ճաշակած դառնութեան,- գրում է ՀՅԴ պաշտոնաթերթի խմբագիրը:- Երբ պատմութեան փորձով
ռուս-թրքական բարեկամութիւնը կ’ամրանայ ի հաշիւ հայ ժողովուրդի ու Հայաստանի իրաւունքներու
ոտնակոխումին, ապա այդ դառնութիւնը կ’այժմէանայ ու կը վերանորոգուի ամէն անգամ, որ
պատմութիւնը ինքզինք կրկնելու միտումներ ցոյց կու տայ»։ Խաժակ Մկրտիչյանը Վլադիմիր
Պուտինի՝ Թուրքիա կատարած եւ «պատմական» որակված այցը ու Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝
Մոսկվա կատարած փոխադարձ այցելությունը գնահատում է այսպես. «Այդ ջերմացումը աճելու
լուրջ միտումներ սկսած է ցոյց տալ»։ Մասնավորապես հիշատակված է Էրդողանի խոստումը,
թե Թուրքիան լիակատար աջակցություն պիտի ցուցաբերի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը
Ռուսաստանի անդամակցելու հարցով։ Հայտնի է նաեւ, որ ապրիլին Թուրքիան եւ Ռուսաստանը
պիտի անցկացնեն համատեղ զորավարժություններ: «Անգարայի մէջ Փութին Թուրքիոյ նախագահ
Ահմէտ Նէճտէթ Սէզէրի նկատմամբ ցուցաբերած է սպասուածէն շատ աւելի ջերմ ու մտերմիկ
վերաբերում,- նշում է «Հայրենիքի» խմբագիրը:- Փութին ըսած է, որ այժմ երկու երկիրները
կրկին պէտք է հաստատեն Աթաթիւրքի օրով հաստատուած բարեկամական մթնոլորտը։ Փութին
Անգարայի մէջ յիշեցուցած է, որ այլեւս անցեալի մէջ մնացած են գաղափարախօսական այն
հակամարտութիւնները, որոնք առկայ էին Թուրքիոյ ու Խորհրդային Միութեան միջեւ… Այս
բոլորին մէջ կը հաղորդուի, թէ Փութինի գլխաւոր նպատակն է ուղղաթիռներ վաճառել Թուրքիոյ։
Հայութեան համար նպատակ չի կրնար ըլլալ նախկին թշնամութեան պահպանումը, բայց արդարօրէն
մտահոգիչ կ’ըլլայ Աթաթիւրքի ժամանակներու ոճով բարեկամութեան մը վերահաստատումը,
որուն խորքը նստած են երկու երկիրներու շահադիտական մօտեցումները ի հաշիւ հայկական
իրաւունքներու»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել