Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարի անց՝ Բաքվի ջարդերից հետո

Հունվար 18,2005 00:00

Երեկ
«Քաղաքացիական նախաձեռնություն հանուն արդարության եւ հանդուրժողականության» հասարակական
կազմակերպությունների միությունը անդրադարձավ 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած
հայերի ջարդերին: Միության համակարգող Սվետլանա Ասլանյանը տեղեկացրեց, որ
անցյալ տարի դեկտեմբերի 3-ին ԱԺ նախագահին առընթեր փախստականների հարցերով զբաղվող
հասարակական կազմակերպությունների խորհրդի նիստի արդյունքում է ստեղծվել հ/կ-ների
այս միությունը: Կազմակերպության մեջ են մտնում փախստականների խնդիրներով զբաղվող
մի շարք կազմակերպություններ՝ «Ահազանգ», «Փրկված մասունքներ», «Քարավան-88», «Ներուժ»,
«Հայաստանը մեր տունն է»: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ 1990թ. հունվարին
Բաքվի ջարդերի անմիջական ականատեսները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը
հիշեցրեց, որ ջարդերն ընթացան տոտալիտար ժամանակաշրջանում, երբ կարծես ոչինչ չէր
կարող տեղի ունենալ առանց կենտրոնի թույլտվության եւ չէր կարող որեւէ բան մնալ անպատիժ:
Նա հիշեցրեց, որ որեւէ մեկը մինչ օրս չի պատժվել Բաքվի ջարդերի համար: ՀՀ օմբուդսմենը
ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում մինչ օրս չկա այդ դեպքերն
արտացոլող վիճակագրություն, այն դեպքում, երբ մենք ունենք հստակ վիճակագրություն,
օրինակ, 1806թ. տեղի ունեցած նույնաձեռագիր ջարդերի մասին: Օմբուդսմենը կոչ արեց
Բաքվի հայությանը՝ տեր կանգնել իրենց իրավունքներին: Նա նկատեց, որ պետք են «որակական
փոփոխություններ այս հարցում»: Ազգային փոքրամասնությունների հարցերով ՀՀ
վարչապետի խորհրդական, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը իր հետ բերել էր բազմաթիվ գրքեր,
երբ Արեւմտյան Ադրբեջանը հարեւան գիտնականները դիտել են որպես Հայաստանի մի մաս:
«Մեր պատերազմը դուրս է եկել ֆիզիկական բնաջնջումի սահմաններից եւ հարկավոր է քարոզչական
աշխատանքը շարունակել»,- ասաց նա: Բաքվի ջարդերի ականատես Օսաննա Սիմոնյանը
պատմեց այն արհավիրքների մասին, որոնք իրենք ապրել են տեղահանությունից հետո եւ ցանկություն
հայտնեց, որ իրենք զգան պետական պաշտպանությունը՝ իբրեւ լիարժեք քաղաքացիներ: «Քարավան-88»-ի
ներկայացուցիչ Զոյա Ջուլհակյանից հետաքրքրվեցինք, թե անցյալ տարի կազմակերպությունը
փախստականներից որքան բողոքներ է ստացել: Նա տեղեկացրեց, որ իրենց է դիմել 12 ընտանիք
Էջմիածնի Ոսկեհատ գյուղից, որոնք նորվեգական կառավարության կողմից կառուցվող շենքերի
ծրագրից դուրս էին մնացել եւ բնակվում են հանրակացարանում՝ շատ վատ պայմաններում:
Հայ բնակչության թիվը Բաքվում 80-ականների վերջում կազմել է ավելի քան 250
հազար մարդ, քաղաքի կենտրոնի նկարագիր ձեւավորել են հայազգի ճարտարապետներ Միքայել
Տեր-Միքայելովը, Վարդան Սարկիսովը: Վեջինիս կառուցած շենքում, որտեղ տեղավորվել էր
Գրողների միությունը, 1990-ի ջարդերի ընթացքում ժամանակավոր ապաստան է ծառայել հայերի
համար: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենալու հանրահավաք՝
նվիրված Բաքվի զոհերի հիշատակին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել