Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում

Հունվար 19,2005 00:00

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Էվանսին ՀՀ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու, մտավորականների խորհրդի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների խորհրդի եւ գործարարների ու ապրանքարտադրողների խորհրդի համատեղ հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի՝ վերջերս արած հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի անհարկի ու անպատեհ հիշատակումը վրդովմունքի ու զայրույթի ալիք է առաջացրել հայ հասարակության բոլոր շերտերում: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ԼՂ հարցի կարգավորման միջազգային խնդրի առնչությամբ այդօրինակ տարրական անտեղյակություն պարունակող արտահայտությունները անմեղ չիմացության տհաճ դրսեւորումներ կարող են թվալ միայն առաջին հայացքից: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը պարտավոր էր իմանալ, որ իր ազատությունն ու անկախությունը նվաճած, հանրաքվեի միջոցով ինքնորոշված ժողովրդի եւ նրա կողմից օրինականորեն, ժողովրդավարության բոլոր չափանիշներով ընտրված իշխանությունների հասցեին ոչ կոռեկտ արտահայտությունները ամենից առաջ կարող են վնասել ժողովրդավարության ջատագով իր երկրի միջազգային հեղինակությունը, այն երկրի, որն արդեն տարիներ շարունակ մարդասիրական օգնություն է տրամադրում նույն Լեռնային Ղարաբաղին: Թացը չորի հետ խառնելու բարձրաստիճան տիկնոջ դիվանագիտական մտայնությունը ամենեւին էլ հարիր չէ ԱՄՆ կողմից իրականացվող աշխարհաքաղաքականությանը: Ավելին. Լեռնային Ղարաբաղը իր կառուցվածքով ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու՝ իր իշխանությունների հետեւողական քաղաքականությամբ վաղուց արդեն վաստակել է ԱՄՆ կառավարության հարգանքը: Մեր վճռական բողոքն ենք հայտնում հազարավոր կյանքերի գնով ազատ ու անկախ ապրելու իրավունքը նվաճած Լեռնային Ղարաբաղի օրինականորեն ընտրված իշխանությունների հասցեին եւ առհասարակ հակամարտության կարգավորման առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի կոպիտ, պատեհապաշտ հայտարարության կապակցությամբ եւ ակնկալում ենք ԱՄՆ կառավարության համապատասխան գնահատականը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել