Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ

Հունվար 21,2005 00:00

ՍԵՓԱԿԱՆ ՏՆԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ Արդեն 4 ամիս է, ինչ Աննա Մարգարյանը իր ազգականների քմահաճության շնորհիվ անտուն է: Վերջինիս ազգականը՝ Կարապետ Գեւորգյանը, սեպտեմբերի 7-ին ԴԱՀԿ-ի օգնությամբ, օգտվելով Աննայի բացակայությունից, մի խումբ մարդկանց հետ բնակարանի դուռը ջարդելով ու փոխելով դռան կողպեքը՝ տիրացել է ե՛ւ բնակարանին, ե՛ւ Աննայի անձնական իրերին: Իսկ գույքագրման ժամանակ, ինչպես Աննան պատմեց, գրանցվել է տան գույքի միայն 10%-ը. «Օրինակ, $1500-ի փոխարեն գրել են $50: Ասեղ-թելը գրանցել են որպես հնամաշ, իսկ հագուստներս՝ ցնցոտիներ, այնինչ ես ձեռագործով եմ զբաղվում եւ հագուստիս մեծ մասը իմ ձեռքով եմ գործել: Չեն գրանցել իմ կիթառը, սառնարանը եւ այլ իրեր: Նույնիսկ հանգուցյալ մոր՝ Նելլիի լուսանկարի շրջանակը ներկայացրել են որպես օգտագործված»: Ըստ Աննայի, Կ. Գեւորգյանը, որը տանտիրոջ եղբորորդին է, իսկ Աննայի մորաքրոջ թոռը, պարզապես օգտվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «պահակը» լինելու հանգամանքից: Մարգարյանը նշեց. «Մինչ տանտիրոջ՝ Նելլի Հաբեթյանի մահը, Գեւորգյանը շատ հազվադեպ էր մեր տուն այցելում եւ մեր մտքով անգամ չէր անցնի, որ այսօր նման խնդրի առաջ ինձ կկանգնեցնի»: Ն. Հաբեթյանը հանկարծակի հիվանդության պատճառով չի հասցրել տունը նվիրաբերել կամ կտակել Աննային: Աննան նշեց. «Դատավորները ընդունում են իմ իրավունքի օրինականությունը, բայց խոստովանում են, որ վերեւներից զանգեր են լինում եւ իրենք դրանք անտեսել չեն կարող»: Հուսահատված Աննան դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Աննան նշեց, որ դատավոր Լյովա Գրիգորյանը «միանձնյա որոշում կայացրեց եւ մերժեց իմ միջնորդությունը՝ դատը հետաձգել մինչեւ փաստաբան գտնելս եւ որոշեց գործը թողնել առանց քննության»: Լ. Օ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել