Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 22,2005 00:00

ՑՈՒՅՑ «ԱՌԱՎՈՏԻ» ԴԵՄ Երեկ մոտ 10-15 «կայունամետ երիտասարդներ» Մամուլի շենքի մոտ ցույց էին անում: Ըստ նրանց, դավաճանություն է «Առավոտի» կեսկատակ արտահայտած հետեւյալ միտքը. «Պնդումը Լեռնային Ղարաբաղի իշխանության «կոռումպացված» եւ «քրեականացված» լինելու մասին կատարյալ հերյուրանք է, որովհետեւ Ղարաբաղի քրեական եւ կոռումպացված տարրերը վաղուց արդեն Հայաստանում են»: Թե որն է այստեղ դավաճանությունը՝ երիտասարդներն այդպես էլ չկարողացան բացատրել «Առավոտի» թղթակցին: Ոմանք նույնիսկ տեղյակ չէին, թե ինչի համար են ցույց անում: «Առավոտի» դռները բոլորի առաջ բաց են, եւ այդ երիտասարդները նույնպես լիակատար հնարավորություն ունեն այցելելու խմբագրություն եւ զրուցելու մեր թերթի խմբագրի կամ ցանկացած աշխատողի հետ: Ավելին՝ նրանք հնարավորություն ունեն «Առավոտում» տպագրել իրենց տեսակետը, եթե այն չի պարունակում կոպիտ արտահայտություններ կամ վիրավորանքներ որեւէ մեկի հասցեին: Բայց տվյալ դեպքում «կայունամետներին», հավանաբար, պետք էր հենց ցույցը, «ակցիան»:Շարունակում եմ պնդել, որ Հայաստանի իշխանության բոլոր օղակներում կան ղարաբաղյան եւ ոչ ղարաբաղյան ծագում ունեցող քրեական եւ կոռումպացված տարրեր: Եթե ցուցարար երիտասարդները այլ կարծիքի են, թող հաջորդ անգամ հավաքվեն նախագահի նստավայրի մոտ, քանի որ հենց նախագահն ունի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական: Ի դեպ. կարծում եմ, որ ԱՄՆ-ում կոռուպցիան ավելի մեծ է, որովհետեւ այնտեղ գողանալու ավելի շատ բան կա:Ճիշտն ասած, ինձ փոքր-ինչ զարմացնում է այս (ինչպես եւ նախորդ օրերի) ցույցերը կազմակերպած իշխանավորների մոտեցումը: Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունն, իհարկե, տհաճ էր բոլորիս համար: Բայց վստահ չեմ, որ գործին օգնում է վերջին օրերին իշխանությունների կազմակերպած «ժողովրդական բողոքի» թատրոնը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել