Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-Ն ԱՆԶՈ՞Ր Է

Հունվար 25,2005 00:00

Մարդու կյանքը խլած ֆինանսների է էկոնոմիկայի նախարարության
վարորդը պատիժ է կրել մեկուկես օր, իսկ նախարարությունը հրաժարվում է կատարել դատարանի
վճիռը փոխհատուցման մասով: 2003թ. մարտի 6-ին «Արարատ» հյուրանոցի եւ Ֆրանսիական
դեսպանատան անցումում, ժամը 20-ի սահմաններում, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության
«Էներգաինվեստ» ԾԻԳ պետական հիմնարկության տնօրենի վարորդ Հովհաննես Հարությունյանը
իր «ԳԱԶ-3110» մակնիշի 442ԼԼ01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 24-ամյա
Արթուր Հարությունյանին: Վրաերթի հետեւանքով Le Petit Fute ֆրանսիական հրատարակչության
գրասենյակի լրագրող, թարգմանիչ, իտալական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ
Ա. Հարությունյանը մահացավ: Նա մանկավարժ Սեդա Կարապետյանի միակ որդին էր եւ միակ
կերակրողը: Որդու մահից հետո Սեդա Կարապետյանը դարձավ երկրորդ կարգի հաշմանդամ: Երեք
տարի ազատազրկման դատապարտված վարորդը պատիժը կրեց մեկուկես օր: Իսկ թե ինչու մեկուկես
օր՝ քրեական գործի հետ կապված հարցը կարող է լուրջ հետաքննական նյութ լինել («Առավոտը»
դրան անդրադարձել էր): Սեդա Կարապետյանը, կերակրողին կորցնելու հետ կապված, վնասի
հատուցման պահանջով դիմեց դատարան: Պատասխանողներն էին «Էներգաինվեստ» ԾԻԳ պետական
հիմնարկը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի նախարարությունը:
2004-ի հոկտեմբերի 14-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հօգուտ Սեդա
Կարապետյանի վճռեց՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից յուրաքանչյուր
ամիս բռնագանձել 182720 ՀՀ դրամ՝ որպես կերակրողին վնասի հատուցում: Ընդ որում, գումարի
բռնագանձումը պետք է սկսվեր 2003թ. մարտի 6-ից: Վճիռը մինչ այսօր չի կատարվում արդարադատության
նախարարության Երեւանի ԴԱՀԿ ծառայության մարմինների կողմից: Ս. Կարապետյանը բողոքում
է՝ դիմելով ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետին, մարդու իրավունքների
պաշտպանին, որ խախտվել է ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքի 34 հոդվածը, ըստ որի, հարկադիրը
կատարողական գործողությունները պետք է իրականացնի կատարողական թերթը ստանալուց երկամսյա
ժամկետում: «Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ընդհանրապես միտք չունի այն
կատարելու եւ բոլոր իմ գրություններին, ինչպես նաեւ ԴԱՀԿ ծառայության մարմինների
կողմից ուղարկված պաշտոնական գրություններին պատասխանում է քար լռությամբ»,- ասում
է Ս. Կարապետյանը: Մեր ձեռքի տակ է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանի
գրությունը՝ ուղղված ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին, որն ավարտվում
է «խնդրում եմ հանձնարարել կատարելու վճռի պահանջները» տողով, այն է՝ կատարողական
թերթով, հօգուտ Ս. Կարապետյանի, նախարարությունից գանձել վերոնշյալ գումարը: Որեւէ
պատասխան չստանալով, ԴԱՀԿ-ն վճռի պահանջները կատարելու վերաբերյալ բոլոր անհրաժեշտ
փաստաթղթերը ուղարկում է ՀՀ գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանին: Սակայն «վճռի կատարման
ընթացքի վերաբերյալ գրությունները մնացել են անպատասխան»: «Աստիճանավորների այդ խավի
նկատմամբ ԴԱՀԿ մարմինները պարզապես անզոր են եւ ոչ մի հարկադիր գործողություն չեն
կարողանում իրականացնել,- ասում է Ս. Կարապետյանը եւ հարցնում,- մի՞թե օրենքի կատարողներն
առաջին հերթին օրենքի ներկայացուցիչները չեն եւ մի՞թե նախարարները օրենքից դուրս
են, օրենքից վեր»: Հետաքրքիր է՝ նույն ԴԱՀԿ-ն շարքային քաղաքացիների դեմ կատարվող
որոշումները (գույքի բռնագանձումներ, վտարումներ բնակարանից եւ այլն) կարողանում
է բռնությամբ եւ ռետինե մահակների օգնությամբ իրականացնել, սակայն անզոր է դարձել
մի նախարարության հանդեպ, որի վարորդը մարդու կյանք է խլել, ընտանիքը թողել առանց
խնամակալի: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Ըստ
կալանավորվածների եւ դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Ա. Գրիգորյանի տեղեկանքի,
Հովհաննես Հարությունյանը ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք էր գործել
26.08.2003թ., իսկ 28-ին ուղարկվել էր հաշվառման Շենգավիթի ոստիկանության բաժին:
«Առավոտի» պաշտոնական գրությանը ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության
վարչության պետ Ս. Շիրինյանը (8.10.04թ.) հայտնել էր, որ 3 տարի ազատազրկման դատապարտվելուց
հետո, Հարությունյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում պրոֆհաշվառման է վերցվել 01.09.03թ.,
«06.09.04-ին Հարությունյանը պայմանական վաղակետ ազատվել է պատժի հետագա կրումից,
սակայն ոստիկանության Շենգավիթի բաժին չի ներկայացել եւ պրոֆհաշվառման չի կանգնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել