Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒԼՈՒՄ

Հունվար 25,2005 00:00

ԶՈՒԼՈՒՄ ՆԿԱՐԻՉԸ՝ «ԶՈՒԼՈՒՄ» ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երեւանյան պատկերասրահներին վերջերս ավելացել է «Զուլումի տունը»՝ ճանաչված նկարիչ Զուլում Գրիգորյանի պատկերասրահը: Այս առիթով հյուրընկալվեցինք «Զուլումի տանը»: Իրեն ավելի շատ պրակտիկ մարդ, պարզապես քաղաքացի համարող արվեստագետը ավելի քան 60 տարի մասնագիտացված է միայն գունանկարի ուղղությամբ: Ու թեեւ իր օրը նկարիչը սկսում է թերթերի ու ամսագրերի ընթերցանությամբ, այնուամենայնիվ, դժվարությամբ է համաձայնում հարցազրույցների՝ տարբեր պատճառներով: Նա չի ընդունում, երբ իրեն դիմում են՝ կոչելով «վարպետ» կամ «մաեստրո». «Եթե ես վարպետ եմ, ապա Ավետիք Իսահակյա՞նը: Կամ, ընդհանրապես, մեր ապրելակերպի պայմաններում նման կոչումները պարզապես ամոթ է: Ամոթ է ու վերջ»: Զ. Գրիգորյանը չի ընդունում նաեւ, երբ գովում են նկարչին կամ «բացատրում» նրա այս կամ այն կտավը: Իր խոսքերով. «Նկարիչ լինելը երջանկություն է, որովհետեւ կտավ ստեղծելու համար ոչ ռեժիսոր է հարկավոր, ոչ դիրիժոր, ոչ թարգմանություն: Պարզապես ստեղծում ես հերթական գործդ: Բայց չեմ կարողանում հասկանալ, երբ սկսում են կտավ վերծանել: Ի՞նչ են բացատրում՝ չես հասկանում»: Հայաստանի ու արտերկրի թանգարաններում, աշխարհի արվեստասեր մարդկանց անձնական հավաքածուներում վաղուց անմահացած նկարչի վեճը Աստծո հետ շարունակվում է: «Եթե Աստված տվել էր այս շնորհքը, ապա մի քիչ էլ կամ մինչեւ վերջ տար: Աստված պիտի տա: Սուտ է, որ ասում են պիտի ձգտես: Ով ձգտում է մեծ երեւալ՝ դառնում է խեղկատակ: Այ, ուրիշ են հանճարները: Մարդիկ ուղիղ գծով ծակում են երկրագունդը: Իսկ տաղանդավորները, հայտնիները, ճանաչվածներս լաբիրինթոս ենք ընկել»,- համոզված է Զ. Գրիգորյանը: Շարունակելով հանճարների մասին իր դիտարկումը, նկարիչը գտնում է. «Եթե մի միտք տպավորվում է քո մեջ ու կուզեիր, որ դա դու ասած լինեիր, ուրեմն դա այլեւս քոնն է. դու կարող ես օգտագործել այն: Քեզ դրա համար դատի չեն տա: Չէ՞ որ այն հանճարի ասած է»: Մեր՝ «Որպես պրակտիկ մարդ, քաղաքացի, արվեստագետ, ժողովրդավարությունը՝ իբրեւ արժեք, ձեր գնահատմամբ, ի՞նչ ավելացրեց մեր պետությանը» հարցին Զ. Գրիգորյանը պատասխանեց. «Մեր ժամանակակից դեմոկրատիայի պայմաններում ի զորու չեղանք լուծելու տարբեր խնդիրներ: Ընդհանուր երկրի ձեւավորման համար պակասում է արիստոկրատ էլեմենտը: Նկատի չունեմ տոհմական արիստոկրատիան, առավել եւս հարուստներին ու մտավորականներին: Խոսքս այն արիստոկրատիայի մասին է, որ ստեղծված է մարդկային բնավորության, կամքի ու հոգեկերտվածքի ամբողջականությամբ»: Խոսելով անկախ Հայաստանի մասին, նկարիչը այն բաժանեց երկու հատվածի, շեշտելով, որ եթե առաջին կեսը չի ընդունում, որովհետեւ, թեեւ գրագետ մարդիկ էին ղեկավարում, բայց իրենց գիտելիքները չօգտագործեցին ժողովրդի համար, ապա երկրորդ կեսը «տգիտության արդյունք է, ինչի ականատեսն ենք»: Ըստ Զ. Գրիգորյանի, պետություն չի կարող գոյություն ունենալ, եթե այն բաղկացած է միայն ստրուկներից: Գոյության պայքարում կապրեն ուժեղն ու ուժեղի սերունդը: Մեր զրուցակիցն ավելի քան համոզված է. «Մեր ռեսպուբլիկայում գոյացել է իշխողների մի նոր տեսակ՝ ոչ թե համարձակ, ազնիվ ու ուժեղ մարդկանց, այլ ողորմելի սարդերի, վաշխառուների ու չարչիների: Եվ նրանք դարձյալ ստրկացրին ժողովրդին ոչ թե բացահայտ ուժեղի իրավունքով, այլ աննկատելիորեն՝ խորամանկությամբ, խաբեությամբ: Ոչ, նման ստրուկների պետություն չի կարող լինել, որովհետեւ դա հակասում է էվոլյուցիայի բիոլոգիական օրենքին: Նայեք շուրջներդ, երբ ստրուկները պետություն են կազմում՝ վրա է հասնում անկումն ու այլասերումը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել