Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ

Հունվար 26,2005 00:00

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ Հեյկի Տալվիտիեն դժգոհ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից Այս օրերին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն երեկ իր հրավիրած ասուլիսում անդրադարձավ, իր ասելով, տարածաշրջանային համագործակցությանը խոչընդոտող եւ Հարավային Կովկասի տարածքում առկա հակամարտություններին եւ մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրին: «Ակնհայտ է, որ եթե արձանագրվի որեւէ առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա դա վիթխարի ազդեցություն կունենա գործողությունների ծրագրի պատրաստման վրա: Գործողությունների ծրագրերում հիմնական սկզբունքներից մեկը կլինի տարածաշրջանային համագործակցությունը: Բոլորս գիտենք, որ քանի դեռ Հարավային Կովկասում մնում են հակամարտություններ, ապա տարածաշրջանային համագործակցությունը չի կարող լիարժեք զարգանալ»,- արձանագրեց դեսպանը: ԵՄ-ին ակնհայտորեն առայժմ չի գոհացնում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: Երեկ Հ. Տալվիտիեն դրական փաստ համարելով Աստանայի բանակցությունների որոշակի դադարից հետո Պրահայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ միաժամանակ հավելեց. «Բայց մենք սպասում ենք, թե երբ կլինի իրական առաջխաղացումը եւ կողմերը երբ իրական, բովանդակային բանակցություններ կծավալեն»: Դեսպանը նաեւ մանրամասնեց, թե, իր կարծիքով, ինչ ասել է՝ բովանդակային. «ԱԳ նախարարները քննարկել են եւ փորձել են լուծել ընթացակարգային խնդիրներ: Գալիս է պահը, երբ պետք է անցնել բովանդակությանը՝ ինչպես լուծել խնդիրը: Այդ ուղղությամբ իրական տեղաշարժ դեռ չի արձանագրվել»: Եթե, այնուամենայնիվ, չհաջողվի հակամարտության կարգավորման հարցում էական հաջողությունների հասնել, այդ դեպքում ԵՄ-ի հետ տարածաշրջանային համագործակցությունն ինչպե՞ս է ամրագրվելու, առավել եւս՝ գործնական կիրառում ունենալու: «Եթե Հարավային Կովկասում կան հակամարտություններ, ԵՄ-ն չի կարողանա իր ներուժը լիովին իրագործել: Հարավային Կովկասում ԵՄ առաջնահերթություններից մեկը տարածաշրջանային համագործակցությունն է: Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք անել, բայց չենք անի այն, ինչ չենք կարողանա անել»,- հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Հ. Տալվիտիեն նաեւ արձանագրեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Իմ մանդատի համաձայն, ես պետք է աջակցեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց՝ այս ուղղությամբ արվող ջանքերում: Եվ ԵՄ-ն, բնականաբար, հակամարտության կարգավորման հարցում աջակցելու է ԵԱՀԿ-ին»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ դեսպանը նկատեց, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հիմա նոր զարգացումներ են արձանագրվում՝ հատկապես հաշվի առնելով այդ երկրների ԱԳ նախարարների միջեւ քննարկումները»: Նրա դիտարկմամբ, ԵՄ անդամակցության հեռանկարն իսկապես ազդել է այդ գործընթացի ծավալման վրա: «Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է ոչինչ չանի եւ բազկաթոռին նստած սպասի նոր զարգացումների: Ընդհակառակը, ՀՀ-ն պետք է իր կողմից քայլեր ձեռնարկի՝ այդ զարգացումները շարունակելու համար»,- հորդորեց Հ. Տալվիտիեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել