Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Հունվար 26,2005 00:00

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ ՈՒՐԻՇ Հունվարի 8-20-ը հայ դիվանագետների եւ լրագրողների խումբը «Մամուլ եւ ԶԼՄ-ներ» ծրագրի շրջանակներում գտնվում էր Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Հյուրընկալող կողմը՝ Եգիպտոսի արտաքին քաղաքականության գերատեսչության ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամն էր: Հայկական պատվիրակությունը Եգիպտոս ժամանեց կիրակի օրը, որը, ինչպես պարզվեց, արաբական աշխարհում աշխատանքային օր է: Հանգստյան օրը ուրբաթն է, երբեմն նաեւ շաբաթը: Պետական հիմնարկներում աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ին եւ ավարտվում 14.00-ին: Ընդմիջման ժամ սահմանված չէ, ուստի տեղացիները իրենց դառը փորձից ելնելով կատակում էին՝ «չինովնիկների աշխատանքային ժամը համընկնում է ընդմիջման հետ»: Առաջին տպավորությամբ մայրաքաղաք Կահիրեն բավականին անշուք եւ անհրապույր քաղաք է: 17 միլիոն բնակիչ ունեցող այս քաղաքում միախառնված են հինը, ժամանակակիցը, ավանդականը եւ անցումային փուլը: Ընդ որում, սկսած բնակչության հագուկապից, կենցաղից, ավարտած քաղաքի ճարտարապետական տեսքով: Ինչպես գլխաբաց եգիպտուհիների կողքին կարելի էր տեսնել նույնիսկ երեսը սեւ քողով ծածկած կանանց, այնպես էլ եվրոպական ոճով ու շքեղությամբ կառուցված շինությունների կողքին՝ կիսախարխուլ, գորշ եւ թշվառությամբ բուրող շինություններ: Ի տարբերություն ծայրամասերի, Կահիրեի կենտրոնական թաղամասերն ավելի փնթի էին: Թերեւս դա հաղթահարելու համար էր մոտ հինգ ամիս առաջ քաղաքի մաքրության վարչություն ստեղծվել, որի ղեկավարը, հանդիպման ժամանակ, ի թիվս այլ ծրագրերի նշեց, որ դպրոցներում հատուկ առարկա է դասավանդվելու. երեխաներին կրթել՝ այլ կերպ վերաբերվել իրենց բնակավայրերին: Բացառիկ էր երթեւեկությունը: Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա պետք է խոստովանել, որ Երեւանում երթեւեկությունը կարգավորված է: Հասարակական տրանսպորտը միայն ավտոբուսն է: Մարդիկ բարձրանում եւ իջնում են ընթացքից: Գերակշռում են ավտոմեքենաները՝ 3-4 սմ հեռավորությամբ են ընթանում եւ 4-5 վայրկյանը մեկ հարվածում իրար՝ տարբեր դիրքերից: Նոր մեքենա ընդհանրապես չի հանդիպում, որովհետեւ իմաստ չունի, միեւնույն է՝ մի քանի ժամից մի քանի տեղից «կվիրավորվի»: Ասենք՝ երրորդ գծում գտնվող մեքենայի վարորդի խելքին կփչի թեքվել աջ կամ ձախ եւ առանց որեւէ լուսային նշանների նա կիրականացնի մտքին դրածը: Լուսացույցեր հատուկենտ էին հանդիպում: Եղածների վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Ոստիկանները կանգնած էին փողոցներում, սակայն երթեւեկությանը միջամտելու, կարգուկանոն հաստատելու փորձ անգամ չէին անում: Առանձին մշակույթ էր փողոցն անցնելը: Ձեռքը վեր պարզելով վարորդին հասկացնում ես, որ ուզում ես փողոց անցնել: Սովորաբար խորհուրդ էր տրվում ձեռքը բարձր պահած, գլուխը կախած, համառորեն անցնել փողոցը: Այլապես պետք էր ապավինել վարորդի հումանիզմին եւ ասպետությանը: Ինչպես բոլոր մահմեդական երկրներում, Եգիպտոսում նույնպես կրոնը իր ուրույն տեղն ու դիրքն ունի: Երկիրն արթնանում է լուսադեմին՝ 5-ին, առաջին աղոթքով: Եվս չորս անգամ աղոթում են՝ մինչեւ երեկո: Բոլոր հաստատություններում նամազի հատուկ տեղեր կան, աղոթում են նույնիսկ խանութներում եւ պարզապես փողոցում: Հոգեւոր ներկայացուցիչը՝ մուֆտին, իր աշխատակազմով ընդգրկված է երկրի արդարադատության համակարգում: Նա պարտադիր վերանայում է մահապատիժների որոշումները եւ դրանք բեկանելու իրավունք ունի: Հոգեւոր իշխանությունից ավելի ուժեղ է աշխարհիկ իշխանությունը: Եգիպտոսում 24 քաղաքական կուսակցություն կա, որից 23-ը ընդդիմադիր են, բայց խորհրդարանում ընդդիմությունը 8 տոկոս է կազմում: Քաղաքական ասպարեզում ամենաարդիական հարցն այսօր նախագահի՝ գարնանը կայանալիք ընտրություններն են: Սահմանադրությունը չի սահմանում իշխելու ժամկետներ, արդյունքում ստացվում է, որ իշխանությունը ժառանգաբար է փոխանցվում: Ընդդիմադիրները ցանկանում են սահմանադրությամբ ամրագրել երեք անգամից ավելի չընտրվելու նորմը: Պետական գերիշխանությունն ակնհայտ էր նաեւ տնտեսական ոլորտում: Ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ձեռնարկություններում պետությունը 50 տոկոս բաժնետեր է: Ի դեպ, հայկական պատվիրակությունը պատիվ ունեցավ հանդիպելու տեղի հայտնի գործարար Իբրահիմ Կալիմին, որը միաժամանակ Կահիրեի համալսարանի պրոֆեսոր է: Հայերիս ցնցեց պարոն Կալիմի՝ օլիգարխի, ոչ մեր պատկերացումներին հարիր կերպարը: Նա վարում էր մեքենա, որից ունենալ իրեն կարող է թույլ տալ միջին խավի հայը, շրջում էր առանց թիկնապահների եւ կորտեժների: Պատկերավորության համար նշենք, որ նրա կարողությունը կազմում է մի քանի հայ օլիգարխների հարստությունը միասին վերցրած: Նրան է պատկանում «Four Seasons» յոթաստղանի հյուրանոցը: Աշխարհում այսպիսի ընդամենը յոթ հյուրանոց կա: Հյուրասիրության բոլոր կանոններով պարոն Կալիմի հյուրանոցում ընթրելուց հետո, հայերիս մեջ մի ցանկություն առաջացավ՝ մի այցելություն էլ մեր օլիգարխների համար կազմակերպել ու նրանց հաղորդակից դարձնել աշխարհի անցուդարձին, «իսկական» օլիգարխին հատուկ կեցվածքին: Մշակութային արժեքների տպավորությունները փոխանցելու համար նույնիսկ հայոց լեզվի ճոխությունը չի բավարարում: Դասագրքերից, այլ գրականությունից բուրգերին, Սֆինքսին եւ ընդհանրապես եգիպտական քաղաքակրթությանը ծանոթ լինելով, երբ արդեն բարեբախտություն ունես սեփական աչքերով այդ ամենը տեսնել՝ լեզուդ պարզապես պապանձվում է: Ինքդ քեզ մի հարց ես տալիս՝ այդ քաղաքակրթությունից հետո մարդկությունը առաջընթա՞ց ունեցավ, թե՞… Ի դեպ, մշակութային հարստությունը Եգիպտոսին հնարավորություն է տալիս երկրում զբոսաշրջությունը զարգացնել, որին իշխանությունները ամենայն լրջությամբ էին վերաբերվում: Ըստ զբոսաշրջության նախարարի խորհրդականի, 2004 թվականին 8 մլն զբոսաշրջիկ է այցելել Եգիպտոս: Անցած տարվա համեմատ այդ թիվը 34 տոկոսով աճել է: Երկրի բյուջեն տարեկան 6 միլիարդ դոլարով համալրվում է ի հաշիվ զբոսաշրջության, պետությունն էլ իր հերթին միլիարդավոր դոլարներ է ծախսում այդ ոլորտում: Հիմա աշխատում են ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Նախարարի խորհրդականի խոսքով՝ իրենք տուրիզմին վերաբերվում են որպես արտադրության: Գոյություն ունի հատուկ համակարգ՝ զբոսաշրջիկի ոստիկանություն: Նրանց խնդիրն է ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը՝ ամբողջ օրը ուղեկցելով տվյալ անձին կամ խմբին: Ի դեպ, զբոսաշրջիկի օրվա ծրագիրը գրանցվում է ոստիկանության տվյալ կետում, որպեսզի, Աստված մի արասցե, պատահարի դեպքում հնարավոր լինի շուտափույթ օգնության հասնել: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել