Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտվում ենք պոտենցիալ մարմնավաճա՞ռ

Հունվար 26,2005 00:00

Դիտվում ենք պոտենցիալ մարմնավաճա՞ռ Մոտ երկու տարի է, ինչ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մի շարք երկրներից, ինչպեսեւ Հայաստանից, 10-ից 35 տարեկան կանանց ու աղջիկների մուտքն իրենց երկիր՝ արգելում են: Այս տարիքի կանայք իրավունք ունեն Էմիրաթներ մուտք գործել միայն ամուսնու, եղբոր կամ հոր ուղեկցությամբ: Սույնով Դուբայի իշխանությունները պայքարում են իրենց երկրում մարմնավաճառության դեմ (կարելի է ենթադրել՝ 36 տարեկան կինը Էմիրաթներում պահանջարկ չի վայելում): Բնականաբար, այս արգելքը նկատի ունենալով, ավիագործակալությունները տոմս չեն վաճառում վերոհիշյալ կատեգորիայի կանանց: Եթե, այնուամենայնիվ, մեկնում էլ են, ապա արտաքսվում են: Այդ մասին զգուշացնում են նաեւ Դուբայի տոմս վաճառող ավիագործակալությունները. «կամ հատուկ վիզայի հիման վրա ենք տոմսը վաճառում, կամ էլ դուք պետք է մեկնեք ամուսնու կամ եղբոր հետ՝ այլապես կարտաքսեն»: Վերջերս անգամ մի տհաճ միջադեպ է տեղի ունեցել, երբ մեր երկրի պետական կազմակերպության կին պաշտոնյաներից մեկի մուտքն արգելել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ վկայակոչելով իրենց իշխանությունների՝ ՀՀ-ի եւ մի քանի այլ երկրների համար սահմանած արգելքը: Հարկ է նկատել, որ Էմիրաթները Հայաստանին, այնուամենայնիվ, իրավացիորեն են ընդգրկել «մարմնավաճառներ արտահանող» երկրների ցուցակում. վերջին տարիներին մեր երկրում մարմնավաճառության դեմ պայքարը թույլ է, իսկ կավատությունը ամենաեկամտաբեր բիզնեսի շարքին է դասվում: Էմիրություններ մեկնողների մեծ հոսքից դատելով, մեր իշխանություններին առանձնապես չի անհանգստացրել հայրենի կանանց եւ աղջիկների ճակատագիրը: Ամեն տարի բազմաթիվ գործազուրկ կանայք եւ աղջիկներ մեկնում էին Միացյալ Էմիրություններ աշխատանք փնտրելու նպատակով, երբեմն էլ պատրվակով: Վերջիններիս հատկապես հրապուրում էին պայմանները, երբ միջնորդը կամ տուրիստական գործակալությունները առաջարկել են բարձր վարձատրություն պարուհու, մատուցողի, ֆոտոմոդելի կամ երեխաների դայակի համար եւ իրենց վրա են վերցրել ճանապարհային եւ վիզաների ձեւակերպման ծախսերը՝ աշխատելու ընթացքում պարտքը մարելու պայմանով: Իրավասու մարմինները կավատների գործունեությունը կանխելու ուղղությամբ այդքան էլ ակտիվ չէին աշխատում, մինչեւ որ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեցին Էմիրություններում: Արդյունքում, փաստորեն, այսօր տուրիստական նպատակով կամ պաշտոնական այցով Հայաստանից ԱՄԷ մեկնող յուրաքանչյուր կին պոտենցիալ մարմնավաճառ է դիտվում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փորձեցինք պարզել՝ արդյոք սույն արգելքը ազատ տեղաշարժվելու իրավունքի տեսակետից մարդու իրավունքի խախտում չէ՞: Սակայն այս հարցը, ինչպես պարզվեց, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դեռեւս ուսումնասիրված չէ: Պաշտպանի սոցիալական հարցերով ներկայացուցիչ Մարատ Ատովմյանը ԱՄԷ կողմից սահմանած արգելքը մարդու հատկապես միջազգային իրավունքի տեսանկյունից խախտում համարեց եւ միաժամանակ հավելեց. «Միացյալ Էմիրությունները Եվրամիության կազմում չէ եւ միայն ՄԱԿ-ի անդամ է: Այդ պատճառով միջազգային վերահսկողությունը թույլ է»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել