Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ

Հունվար 26,2005 00:00

ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ Այսպիսի կոչ արեց ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը Այս տարեսկզբին ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում առանձին անդրադարձ կար մասնավորապես ԱԼՄ հեռուստաընկերության տնօրենի կողմից եթերից հաճախ հնչող հակահրեական հայտարարություններին: Բայց նախօրեին ՀՀ ՔՕ 226 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հրապարակայնորեն եւ լրատվամիջոցները օգտագործելով «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ», մեղադրանք է առաջադրվել «Արիների միության» նախագահ Արմեն Ավետիսյանին: Իսկ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի արձագանքը ԱՄՆ պետդեպի սույն հայտարարությանը մամուլից հայտնի է՝ ուրեմն, ինքն ինչքա՜ն հզոր է, որ իրենից արդեն ողջ աշխարհն է վախենում: Իսկ մեզ հետ զրույցում երեկ պարոն Կարապետյանն ասաց, թե իրականում ինքը նման հայտարարություններ չի արել, որ դրանք մտացածին են: «Ես միշտ էլ ասել եմ, որ ժողովուրդներին վերաբերվում եմ առանց վերապահումների, բայց ազգի ներկայացուցիչների նկատմամբ, որպես անհատների, տարբեր մոտեցումներ կարող եմ ունենալ, եւ նշանակություն չունի՝ այդ անհատը բա՞րձր, թե՞ ցածր պաշտոնյա է: Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ հրեա գործչի որեւէ գրվածքով շատ լավ ներկայացվել է Հայաստանը: Նա բարի գործ է արել: Մյուսը չար է արել: Ասենք, երիտթուրքերը բոլորն ունեցել են հրեական ծագում: Նրանք էլ են ազգի ներկայացուցիչ, սրանք էլ: Այն անձնավորության նկատմամբ, որը թքել է խաչի վրա՝ վերապահումներ ունեմ, իսկ Արմեն Ավետիսյանի ձերբակալումը համարում եմ խիստ: Նրան չպետք է ձերբակալեն: Նա մարդասպանություն չի արել եւ մինչեւ դատավարությունը կարող է մնալ ազատության մեջ: Մյուս կողմից, եթե նա օրենք է խախտել, ինչո՞ւ չէին կարող դա անել մեկ տարի առաջ: Նա այդ նույն բաներն ասել էր նաեւ մեկ տարի առաջ»: Իսկ թե ինչո՞ւ ոչ մեկ տարի առաջ, այլ՝ հիմա, պարոն Կարապետյանն իր կասկածներն ունի. «Գուցե պատվեր է շահագրգիռ անձանց կողմից»: Շահագրգիռ արվամոլների՞, թե՞ շահագրգիռ հրեաների: «Եվ նա, եւ նա: Ես կոնկրետ չեմ ասում, որովհետեւ չգիտեմ, բայցեւ չեմ բացառում ոչ մեկը, ոչ՝ մյուսը»,- մեր հարցադրմանն ի պատասխան ասաց Տիգրան Կարապետիչը: Այդուհանդերձ, Ա. Ավետիսյանը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված լուրջ հանցանքի մեջ է մեղադրվում, ինչը նախատեսված է նաեւ միջազգային նորմերով: «Դա այլ խնդիր է: Նրա դրսեւորումը ծայրահեղ էր: Ես էլ եմ ազգային դաշտում գործում, նա էլ, բայց նա ծայրահեղական մոտեցումներ ունի: Օրթոդոքս է: Իսկ ի՞նչ է, նա, որ խաչի վրա թքում էր, օրթոդոքս չէ՞ր: Բայց նա ազատության մեջ է, չէ՞: Ես չեմ ասում՝ նմանվենք իրենց, բայց ազատազրկում են հանցագործին, ոչ թե ծայրահեղականին»,- նկատի ունենալով Ա. Ավետիսյանին՝ իրենը պնդեց Տ. Կարապետյանը՝ միաժամանակ չհամաձայնելով այն տեսակետին, թե «Հայ արիների» միության նախագահը հանցագործություն է արել: «Ըստ իս՝ ոչ, հանցագործություն չի արել, եւ բացատրեմ, թե՝ ինչու: Այդ օրենքը, որով մեղադրվում է նա, կարող էր վերաբերել նաեւ այլ հայտարարություններին: Ինչո՞ւ ադրբեջանցուն, թուրքին ամեն ինչ կարող ենք ասել եւ չպատժվել, իսկ հրեաների մասին նույնն ասելիս՝ պատժվում ենք: Օրենքը կիրառելիս պետք է լիարժեք կիրառել՝ անկախ այն բանից, դա արվում է ադրբեջանցո՞ւ, թե՞ հրեայի հանդեպ»,- շատ թափանցիկ ակնարկներով եւ համեմատություններով իր տեսակետը պարզաբանեց Տ. Կարապետյանը՝ հավելելով, որ եթե ադրբեջանցիների կամ թուրքերի դեմ արած հայտարարությունների համար էլ պատժեին, այդ դեպքում կարելի էր ասել, որ օրենքը կիրառվում է: «Ես այսօր պատրաստվում եմ քաղաքական հայտարարություն անել Ա. Ավետիսյանի հետ կապված: Չի կարելի քաղաքական գործչին ձերբակալել»,- մեր զրույցի ժամանակ հայտարարեց Տ. Կարապետյանը, մի վերապահումով՝ եթե հասցնի սափրվել: Բա որ հանկարծ նրան ճիշտ չհասկանա՞ն: «Կամ հաջորդը ես լինեմ… Ես ոչ պաշտպանում, ոչ էլ խրախուսում եմ Ա. Ավետիսյանին: Ես բոլոր ազգերի հանդեպ արժանապատիվ մոտեցում եմ պահանջում: Բայց հիմա ստացվում է, որ մենք արդեն քաղբանտարկյալ ունենք: Իսկ այն, ինչ ասել է նա, իր քաղաքական մոտեցումն է, ծայրահեղական, բայց՝ քաղաքական: Նա նույնիսկ ամսագիր, թե բյուլետեն՝ չգիտեմ, բայց հրատարակում է մեկ տարուց ավելի ժամանակ: Ի՞նչ է՝ չէի՞ն տեսնում: Ինչո՞ւ այսօր դա նկատեցին»,- ընդվզեց ԱԼՄ-ի տնօրենը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել