Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐԿ՝ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ

Հունվար 26,2005 00:00

ԲԱՑԱՐԿ՝ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ Ափինյանն ընդդեմ Անանյանի եւ Ստալինի Գարնանը տեղի կունենա Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հերթական համագումարը, որի ընթացքում կանցկացվեն Գրողների միության նախագահի ընտրություններ: Արդեն շրջանառվում են նաեւ հնարավոր թեկնածուների անունները՝ Լեւոն Անանյան, Աբգար Ափինյան, Ռազմիկ Դավոյան, Խաչիկ Մանուկյան, նույնիսկ՝ Զորի Բալայան: «Նոր դար» ընկերության ղեկավար Աբգար Ափինյանը, որին ՀԳՄ-ում համարում են գրողական ընդդիմություն, «Առավոտին» տեղեկացրեց, որ չի մասնակցելու այս համագումարին, ավելին՝ չի առաջադրելու իր թեկնածությունը «նախագահական» ընտրություններում: «Միանգամից ասեմ, թող հանգստանան: Չեմ մասնակցելու համագումարին եւ ընտրություններին՝ երկու պատճառով: Նախ որպես Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների հանրապետական խորհրդի նախագահ, շատ զբաղված եմ Արվեստի միջազգային ակադեմիայի ստեղծման աշխատանքներով: Երկրորդ՝ չեմ ցանկանում անմաքուր խաղերի մասնակցել: Մանավանդ հիմա ընթանում է ամեն գնով համակիրներ ձեռք բերելու պրոցես»,- ասաց պրն Ափինյանը: Ի դեպ, նա իրեն ընդդիմադիր չի էլ համարում. «Ես այն գրողներից եմ, ովքեր վատին ասում են վատ, լավին՝ լավ: Իսկ ընդդիմադիրը Գրողների միությունում պաշտոն զբաղեցնողներն են, ովքեր խանգարում են գրականության առողջ ընթացքին: Օրինակ, մրցանակ են տալիս Արտեմ Հարությունյանին, որի 600 էջանոց գրքում անգամ մեկ բանաստեղծություն չկա: Էդ մարդն էլ խոստովանում է, որ ինքը հայտնվել է էպիկենտրոնում ու մրցանակ ստացել միայն Լեւոն Անանյանի շնորհիվ: Մինչդեռ, երբ ՀԳՄ նախագահը Հրանտ Մաթեւոսյանն էր, ես էլ՝ տեղակալը, այդ անձնավորությունը Գրողների միությանը 100 մետրից ավելի չէր մոտենում: Հիմա դարձել է կենդանի դասական եւ բոլորին աջուձախ մրոտում է»: Ըստ Ա. Ափինյանի, այսօր անգամ «ամենահետին մարդը կարող է ՀԳՄ նախագահության անդամ դառնալ, վաղն էլ համարվել նշանավոր գրող», որովհետեւ հեշտացել է Գրողների միության անդամ դառնալը: Նա վստահ է, որ ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե «3 տասնյակ գրող ունեցող երկիրը Գրողների միության 400 անդամ չունենար ու վերջապես փոխվեր նրա՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի ժամանակներից ժառանգած կառուցվածքը»: Աբգար Ափինյանը, որ նաեւ ՀԳՄ վարչության անդամ է, գտնում է, որ Գրողների միությունը պետք է ղեկավարվի ոչ թե նախագահի, այլ խորհրդի կողմից, ու պետք է լինեն գրական տարբեր ուղղություններ, ոճեր, գործեն ընկերակցություններ, որովհետեւ «անգամ Հայաստանի ամենամեծ գրողը իրավունք չունի մատով ցույց տալ կամ պարտադրել, թե որ ուղղությամբ գնան գրողները»: «Նոր դարի» ղեկավարը համամիտ չէ գրչակիցների այն դիտարկմանը, թե չի կարողանում տղամարդավարի տանել պարտությունը՝ որ ժամանակին չի ընտրվել Գրողների միության նախագահ. «Ափինյանը չի ուզում դառնալ նախագահ, այլ ուզում է միայն տաղանդավոր մարդկանց ձեռքը սեղմել: Իմ շրջապատում կան տաղանդավոր գրողներ՝ Կամո Մանասէ Աղաբեկյան, Արտաշես Ղազարյան, Խաչիկ Մանուկյան, որոնցից շատերի անունները, ցավոք, ընթերցողը չգիտի»: «Իսկ ի՞նչն է խանգարում միության դահլիճներից մեկում հանդիպումներ կազմակերպել ձեր նշած տաղանդավոր գրողների հետ»՝ հետաքրքրվեց «Առավոտը»: «ԳՄ ղեկավարությունը չի հանդուրժում, որ ԳՄ տանիքի տակ որեւէ այլ կարծիք հնչի: Դրա համար էլ վերջերս «Հորիզոնի» մի հրապարակումից հետո (Ափինյանը այդ թերթի խմբագրական խորհրդի նախագահն է- Գ. Հ.) մեկ շաբաթով անջատվեց մեր հոսանքը: Ինչ վերաբերում է միջոցառումներ կազմակերպելուն, անհնար է, որովհետեւ ամեն անգամ Լեւոն Անանյանը Գրողների միության ամսագրից՝ «Նոր դարից» $50 է պահանջում»: Ա. Ափինյանը չթաքցրեց, որ գրողական վեճերը հաճախ տեղափոխվում են նաեւ բուհեր, ուր դասավանդում են իր գրչակիցներից շատերը: Ու այդպես ընկնում է գրականության վարկը, ընթերցողը վազում է օտարազգի գրողի հետ հանդիպման, իսկ «հայ գրողի հետ հանդիպումը նրան չի հետաքրքրում, որովհետեւ այսօր հայ գրող ասելով՝ հասկանում են սրա-նրա վրա ցեխ շպրտող»: Հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, Ա. Ափինյանն ունի՞ ՀԳՄ նախագահի նախընտրած թեկնածու: «Դժվար թե այս ընտրություններում ինչ-որ բան փոխվի, բայց ես հորդորելու եմ բոլոր ընկերներիս, որ ՀԳՄ նախագահի պաշտոնի համար առաջադրեն մի քանի անուններ՝ Ռազմիկ Դավոյան, Լեւոն Խեչոյան, Արտաշես Ղազարյան, Խաչիկ Մանուկյան»,- ասաց նա: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել