Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն

Հունվար 27,2005 00:00

Արդեն առանց հայերի Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը քառորդ եզրափակիչից հետո կշարունակվի առանց հայազգի թենիսիստների մասնակցության: Այդ փուլում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն անչափ համառ պայքարում 3:6, 2:6, 6:1, 6:3, 8:10 հաշվով տանուլ տվեց կորտի տերերից Լեյթոն Հյուիթին, իսկ մինչ այդ ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին 3:6, 4:6, 4:6 հաշվով զիջել էր շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին: 12 մասնակից, 8 մեդալ Թեհրանում առաջին անգամ անցկացվեց աթլետիկայի կանանց ասիական երկրների միջազգային խոշոր մրցաշար, որի կազմակերպիչները, ավելի քան երեսուն երկրների շարքում, հրավեր էին ուղարկել նաեւ Հայաստան: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիան մրցավայր էր գործուղել 12 մարզուհու: Նրանք Իրանում ընդհանուր առմամբ նվաճեցին ութ մեդալ, որից 3-ը՝ ոսկե, 1-ը՝ արծաթե եւ 4-ը՝ բրոնզե: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացան Աթենքի ամառային օլիմպիական խաղերի մասնակից, վանաձորցի Մարինե Ղազարյանը՝ 200 մետր վազք, նրա համաքաղաքացի Մերի Զավարյանը՝ 800 մետր վազք (ընդ որում, Մերին 1500 մետր վազքում արժանացավ նաեւ «բրոնզի»), ինչպես նաեւ 4X400 մետր փոխանցումավազքի մեր աղջիկների քառյակը: Հանրապետության երրորդ քաղաքի եւս մի ներկայացուցիչ տուն է վերադառնում մրցանակային տեղով: Խոսքը 400 մետր տարածության վազորդուհի Գայանե Բուլղադարյանի մասին է, որը դարձել է արծաթե մրցանակակիր: Իսկ ահա երեւանցիներ Ամալյա Շառոյանը (400 մ վազք), Տատյանա Սիմաշովան (գնդահրում) եւ Աննա Բաբասյանը (եռացատկ) նվաճել են բրոնզե մեդալներ: Մարզադպրո՞ց են ուզում փակել Երեկ աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ս. Խաչատրյանը, որ ոգեւորությամբ խոսում էր այս հաջողությունների մասին, վերջում մի տեղեկություն հաղորդեց, որը, հաստատվելու դեպքում, լուրջ մտահոգությունների ու արագ արձագանքման տեղիք կտա: «Ինձ լուրեր են հասել այն մասին, որ Կապանի քաղաքապետը մտադիր է փակել քաղաքի աթլետիկայի մարզադպրոցը,- ասաց Ս. Խաչատրյանը:- Ամբողջ օրը փորձում եմ հեռախոսակապ հաստատել նրա հետ, որին չեմ էլ ճանաչում, կանխել այդ քայլը, եթե դա իրոք համապատասխանում է իրականությանը: Այդպիսի բան անել չի կարելի, այն էլ մի դպրոցի հանդեպ, որի սաներն այսօր Հայաստանի հավաքականի անդամներ են: Իսկ Կապանի մարզադպրոցի սան Հայկանուշ Բեգլարյանը անցած տարի ԱՄՆ-ում ՄՕԿ-ի կազմակերպած «Փոքր երեխաների օլիմպիական խաղերում», որին մասնակցում էին 80 երկրներ, հեռացակում հաղթել է իր բոլոր մրցակիցներին եւ դարձել հաղթող»: Ս. Խաչատրյանի հաղորդած այս տեղեկության ճշտությունը մենք էլ ստուգել չկարողացանք: Ուզում ենք հավատալ, որ այն սուտ է: Իսկ եթե, այնումենայնիվ, Կապանի քաղաքապետն այդպիսի մտադրություն ունի, ապա վստահ ենք, որ Սպորտպետկոմը եւ ՀԱՕԿ-ը չեն թողնի, որպեսզի փակվի մարզական այդ օջախը: Տասնյակում չեն Ապագա ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Թուրինում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Այնտեղ Հայաստանը ներկայացնում է միայն Անաստասիա Գրեբյոննիկովա-Վազգեն Ազրոյան պարային ինտերնացիոնալ զույգը: Առաջին օրը պարտադիր ծրագրի կատարումից հետո մեր երկյակը մրցավարների գնահատմամբ ընդհանուր առմամբ վաստակել է 29,31 միավոր եւ 22 զույգերի մեջ գրավել է 13-րդ հորիզոնականը: Իսկ առաջատար եռյակը կազմել են Ռուսաստանի Տատյանա Նավկա-Ռոման Կոստոմարով՝ 44,19, Ուկրաինայի Ելենա Գրուշինա-Ռուսլան Գոնչարով՝ 40,39 եւ Բուլղարիայի Ալբենա Դենկովա-Մաքսիմ Ստավիսկի՝ 40,08, զույգերը: Այսօր պարային զույգերը պայքարը շարունակելու են օրիգինալ ծրագրում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել