Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ՊԻՏԻ ԽՈՍԻ «ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» ՀԵՏ

Հունվար 28,2005 00:00

ԱԼԻԵՎԸ
ՊԻՏԻ ԽՈՍԻ «ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» ՀԵՏ Երեկ ասուլիսում «Ազատություն»
ռ/կ-ի թղթակիցը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին հարց ուղղեց Աթկինսոնի
բանաձեւի այն դրույթի վերաբերյալ, թե բանակցությունների ընթացքն ավելի դյուրին կլիներ,
եթե ԼՂ ներկայացուցիչները մասնակցեին դրան, եւ հետաքրքրվեց, թե արդյոք ԵԽ-ն այդպիսի
նախաձեռնություն կցուցաբերի՞ եւ առհասարակ՝ Ստրասբուրգում ի՞նչ շարունակություն է
ունենալու ԼՂ խնդիրը: Թերի Դեւիսն ի պատասխան ասաց. «Այս հարցը վերաբերում
է ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանն իր ապագային վերաբերող բանավեճին: Նկատել
եմ, որ փաստաթղթում դա վերաբերում է 2 համայնքներին էլ՝ նրանց, ովքեր իրենց համարում
են հայեր ու ադրբեջանցիներ, նկատել եմ նաեւ, որ բանաձեւն Ադրբեջանի նախագահին եւ
իշխանություններին կոչ է անում հանդիպել այդ մարդկանց՝ առանց որեւէ նախապայմանների:
Ես աջակցում եմ այդ գաղափարին: Դժվար կլինի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության
կարգավորման, եթե այս գործընթացում չընդգրկվեն մարդիկ, ովքեր իրենց համարում են լեռնային
ղարաբաղցի: Նրանք պե՛տք է ընդգրկվեն բանակցություններում, այլապես դա նման կլինի
նրան, որ Հյուսիսային Կիպրոսի ապագան կարգավորվի՝ առանց ընդգրկելու Հյուսիսային Կիպրոսում
ապրող մարդկանց, որոնք թուրքեր են: Ես երբեք չեմ հավատա, թե լուծումը հնարավոր կլինի
առանց բանակցություններում ընդգրկելու այն մարդկանց, ովքեր ապրում են այնտեղ՝ Ղարաբաղում:
Ես բողոքներ եմ ստացել ԼՂ-ից, այն մարդկանցից, ովքեր ղեկավարում են այնտեղ,
թե ճիշտ չեն փորձերը՝ իրենց ապագան կարգավորել իրենց թիկունքում, առանց լսելու իրենց
կարծիքը: Այս պատճառաբանված տեսակետը պետք է նկատի առնել: Կարծում եմ, թե առաջընթաց
քայլ կլինի, եթե նախագահ Իլհամ Ալիեւը նախաձեռնություն ցուցաբերի՝ ասելով, այո՛,
ես գնում եմ առանց որեւէ նախապայմանի խոսելու այդ մարդկանց հետ ԼՂ-ում: Չէ՞ որ իր
տեսանկյունից դրանք իր քաղաքացիներն են: Չէ՞ որ մյուս ադրբեջանցիներից բացի՝ քաղաքացիներ
են նաեւ ԼՂ-ում ապրողները, եւ նա պարտավորություն ունի խոսելու իր քաղաքացիների հետ:
Չեմ կարծում, թե որեւէ նախապայման դնելը ճիշտ է՝ այն ավելի կնվազեցնի բանակցելու
հնարավորությունը: Ես լավատես եմ, որ Ալիեւը նկատի կառնի այդ ճանապարհը: Դուք հարցնում
եք՝ արդյոք ԵԽ-ն կնախաձեռնի՞ նման բանավեճ: Ո՛չ: Ես ոչինչ չեմ անի, որը կարող է հեռացնել
Մինսկի խմբին: Թեեւ ընդունում եմ, որ շատ քննադատություն կա Մինսկի խմբի համանախագահողների
հասցեին Ադրբեջանից եւ հասկանում եմ դրա պատճառները»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել